Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
Քաղաքականություն
04.11.2026 | 18:50
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին միանալ Եվրամիության «Customs» և «Fiscalis» ծրագրերին, որոնք վերաբերում են համապատասխանաբար մաքսային և հարկային ոլորտներում համագործակցությանը։
Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած հիմնավորման համաձայն՝ երկու ծրագրերին մասնակցելու համար Հայաստանի տարեկան ֆինանսական ներդրումը կկազմի ընդհանուր 76 հազար 519 եվրո։
Մասնավորապես՝ «Customs» ծրագրին մասնակցության համար նախատեսվում է վճարել 39 հազար 991 եվրո, իսկ «Fiscalis»-ին՝ 36 հազար 528 եվրո։
Ծրագրերի շրջանակում նախատեսվում է խորացնել Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը, ներդնել մաքսային և հարկային վարչարարության ժամանակակից գործիքներ, զարգացնել էլեկտրոնային համակարգերը, փոխանակել տեղեկատվություն և վերապատրաստել ոլորտի մասնագետներին։
«Fiscalis»-ի շրջանակում նախատեսվում է նաև ուժեղացնել հարկային խարդախության և հարկերից խուսափելու դեմ պայքարը, իսկ «Customs»-ի միջոցով՝ պարզեցնել մաքսային ընթացակարգերը և բարձրացնել դրանց թափանցիկությունը։
Նարեկ Կիրակոսյան

