Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Եթե այս կիրակի գնաք ընտրության ու ձեր անունը չգտնեք ընտրողների ցուցակում, հավանական պատճառ կարող է լինել վերջին երկու տարվա ընթացքում ձեր համայնքում առնվազն 366 օր ապրած չլինելը։ Նոր կարգավորումն արդեն արտացոլվել է ընտրողների ցուցակներում․ այս կիրակի անցկացվող ՏԻՄ ընտրություններում 21 համայնքներում ընտրողների թիվը նվազել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ եղած թվի համեմատ։ Factor.am-ը համեմատել է տվյալներն ու պարզել՝ որքան։ 

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 21 համայնքում, դրանցից 19-ում համամասնական,  2-ում մեծամասնական ընտրակարգով։ 

Այս կիրակի ընտրություն կլինի Արարատի մարզի Արտաշատ համայնքում։ ԿԸՀ վերջին թարմացված տվյալներով՝ այստեղ ընտրելու իրավունք ունի 69 175 ընտրող։ Այս համայնքում գործելու է 60 ընտրատեղամաս։ Արտաշատ խոշորացված համայնքը ներառում է 37 բնակավայր՝ Արտաշատ քաղաքն ու 36 գյուղերը։ Համայնքում ընտրողների թիվը զգալիորեն պակաս է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ։ Եթե ԱԺ ընտրություններին Արտաշատում ընտրելու իրավունք ուներ 80 027 քաղաքացի, ապա հոկտեմբերի 25-ի ընտրությունների ցուցակներում նրանց թիվը պակասել է 10 852-ով կամ 13.6%-ով։ ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև Արմավիրի մարզի Արաքս և Արմավիր համայնքներում։ Արաքսում ընտրելու իրավունք ունի 16 685 քաղաքացի, կգործի 16 ընտրատեղամաս։ Արմավիրում ընտրողների թիվը 37 961 է, իսկ տեղամասերինը՝ 29։ Այս երկու համայնքներում ևս ընտրողների ցուցակներում ավելի քիչ մարդ կա, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Արաքսում ընտրողների թիվը նվազել է 3 134-ով կամ 15.9%-ով, իսկ Արմավիրում՝ 9 304-ով կամ 19.7%-ով։

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում ևս հոկտեմբերի 25-ին ավագանու ընտրություններ կանցկացվեն։ Գավառում ընտրելու իրավունք ունի 32 701 քաղաքացի, ընտրությունը կկազմակերպվի 30 տեղամասում։ Մարտունիում ընտրողների թիվը 46 437 է, կգործի 41 տեղամաս, իսկ Վարդենիսում ընտրելու իրավունք ունի 24 587 քաղաքացի, ընտրությունը կանցկացվի 39 տեղամասում։

Այս համայնքներում ևս ընտրողների թիվը պակաս է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ։ Գավառում ընտրողների թիվը նվազել է 10 236-ով կամ 23.8%-ով՝ 42 937-ից հասնելով 32 701-ի, Մարտունիում՝ 15 727-ով կամ 25.3%-ով՝ 62 164-ից հասնելով 46 437-ի, իսկ Վարդենիսում՝ 4 747-ով կամ 16.2%-ով՝ 29 334-ից հասնելով 24 587-ի։

Լոռու մարզում հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Ստեփանավան և Ֆիոլետովո համայնքներում։ Ստեփանավանում ավագանու անդամներին կընտրեն համամասնական, իսկ Ֆիոլետովոյում՝ մեծամասնական ընտրակարգով։

Ստեփանավանում ընտրելու իրավունք ունի 19 324 քաղաքացի, կգործի 29 ընտրատեղամաս։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ ընտրողների թիվն այստեղ ավելացել է․ եթե այդ ժամանակ ընտրողների ցուցակում 13 084 քաղաքացի էր, ապա այժմ՝ 19 324։ Տարբերությունը 6 240 է կամ գրեթե 47,7%-ով ավելի ընտրող։

Ֆիոլետովոյում հակառակ պատկերն է․ հոկտեմբերի 25-ի ընտրություններին կարող է մասնակցել 705 քաղաքացի՝ մեկ ընտրատեղամասում։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 804 էր, այսինքն՝ այժմ ցուցակում 99-ով պակաս ընտրող կա, կամ 12.3%-ով։

Կոտայքի մարզի Գառնի, Ծաղկաձոր և Հրազդան համայնքներում հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակներում կրկին ավելի քիչ քաղաքացի կա, քան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Գառնի համայնքում ընտրելու իրավունք ունի 9 230 քաղաքացի, ընտրությունը կանցկացվի 9 տեղամասում։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 9 884 էր․ այժմ այն նվազել է 654-ով կամ 6.6%։

Ծաղկաձորում ընտրելու իրավունք ունի 4 731 քաղաքացի, կգործի 7 ընտրատեղամաս։ Հունիսի 7-ի համեմատ ընտրողների թիվը նվազել է 821-ով կամ 14.8%-ով։

Հրազդանում ընտրողների թիվը 40 242 է, ընտրությունը կկազմակերպվի 33 տեղամասում։ Խորհրդարանական ընտրություններին ընտրողների ցուցակում 48 071 քաղաքացի էր, այսինքն՝ այժմ 7 829-ով կամ 16.23%-ով պակաս  ընտրող կա։

Հոկտեմբերի 25-ին Շիրակի մարզի երկու համայնքում՝ Ախուրյանում և Արթիկում, ավագանու ընտրություններ կանցկացվեն։ Երկու համայնքում էլ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ ընտրողների թիվը նվազել է։

Ախուրյանում ընտրելու իրավունք ունի 24 943 քաղաքացի, ընտրությունը կանցկացվի 38 տեղամասում։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 31 572 էր․ այժմ այն նվազել է 6 629-ով կամ 21.%-ով ։

Արթիկում ընտրողների թիվը 30 613 է, կգործի 34 ընտրատեղամաս։ Հունիսի 7-ի համեմատ ընտրողների թիվը նվազել է 6 512-ով կամ 17.5%։

Սյունիքի մարզում հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին Գորիս և Մեղրի համայնքներում ընտրողների թվի տարբեր պատկեր է։ Գորիսում ընտրողների թիվն ավելացել է, իսկ Մեղրիում՝ նվազել։

Գորիս համայնքում ընտրելու իրավունք ունի 27 522 քաղաքացի, ընտրությունը կանցկացվի 33 տեղամասում։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 22 861 էր․ այժմ այն ավելացել է 4 661-ով կամ 20.4%-ով։

Մեղրիում ընտրողների ցուցակում 8 298 քաղաքացի կա, կգործի 16 ընտրատեղամաս։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 10 000 էր, այսինքն՝ այժմ 1 702-ով կամ 17.02%-ով պակաս ընտրող կա։

Վայոց ձորի մարզի երեք համայնքում՝ Եղեգնաձորում, Ջերմուկում և Վայքում, հոկտեմբերի 25-ին ավագանու ընտրություններ կանցկացվեն։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ ընտրողների թիվն ավելացել է Եղեգնաձորում, իսկ Ջերմուկում և Վայքում՝ նվազել։

Եղեգնաձոր համայնքում ընտրելու իրավունք ունի 24 654 քաղաքացի, ընտրությունը կանցկացվի 30 տեղամասում։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 14 940 էր․ այժմ այն ավելացել է 9 714-ով կամ 65%-ով։

Ջերմուկում ընտրողների թիվը 5 302 է, կգործի 5 ընտրատեղամաս։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում 6 675 քաղաքացի էր, այսինքն՝ այժմ 1 373-ով կամ 20.6%-ով պակաս ընտրող կա։

Վայքում ընտրելու իրավունք ունի 8 313 քաղաքացի, ընտրությունը կկազմակերպվի 18 տեղամասում։ Հունիսի 7-ի համեմատ ընտրողների թիվը նվազել է 1 595-ով կամ 16.10%-ով։ 

Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան համայնքներում հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների թիվը կրկին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ նվազել է։

Դիլիջան համայնքում ընտրելու իրավունք ունի 16 235 քաղաքացի, ընտրությունը կանցկացվի 18 տեղամասում։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 19 451 էր․ այժմ այն նվազել է 3 216-ով կամ 16.5%-ով։

Իջևանում ընտրողների ցուցակում 29 760 քաղաքացի կա, կգործի 30 ընտրատեղամաս։ Հունիսի 7-ի համեմատ ընտրողների թիվն այստեղ նվազել է 5 342-ով կամ 15.2%-ով։ 

Արագածոտնի մարզում հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն միայն Շամիրամ համայնքում։ Ընտրությունը կանցկացվի մեծամասնական ընտրակարգով, իսկ ընտրելու իրավունք ունի 303 քաղաքացի։ Համայնքում կգործի մեկ ընտրատեղամաս։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Շամիրամում ընտրողների թիվը 505 էր։ Այսպիսով՝ հոկտեմբերի 25-ի ընտրությունների ցուցակում 202-ով կամ 40%-ով ավելի քիչ ընտրող կա։

Ինչու է Ստեփանավան, Գորիս, Եղեգնաձոր համայնքներում ընտրողների թիվը ավելացել

2026 թվականի հունվարին ՏԿԵ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Մարտի 12-ին Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փաթեթին, իսկ հունիսի 17-ին Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենքը։ Նախաձեռնությունը համայնքների խոշորացման ութերորդ փուլն էր։

Նախագծով առաջարկվում էր նախկինում միավորված համայնքները միավորել ավելի մեծ՝ նախկին շրջանների վարչատարածքային տրամաբանությամբ։ Արդյունքում այս կիրակի ընտրություն անցկացվող երեք մարզում ձևավորվել են հետևյալ համայնքները։

Ստեփանավանին են միացել Գյուլագարակ (ներառում է 7 բնակավայր) և Լոռի Բերդ (ներառում է 9 բնակավայրը) համայնքները։  

Նոր փոփոխությամբ Սյունիքի մարզի Գորիս համայնքին են միացել Տեղ (ներառում է 7 բնակավայր) և Տաթև (ներառում է 8 բնակավայր) համայնքները։  

Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքին էլ միացել են Արենի և Եղեգիս համայնքները։ Արենիում 11 բնակավայր է ներառված, որոնցից մեկը չբնակեցված է։ Եղեգիս խոշորացված համայնքը ներառում է 16 գյուղ, որոնցից 13-ը բնակեցված են, իսկ 3-ը՝ չբնակեցված։ 

Հետագայում ընդունվել են նաև Արարատ-Վեդի և Վանաձոր-Փամբակ համայնքների միավորման մասին օրենսդրական փոփոխությունները։

Ստացվում է՝ համայնքների միավորման արդյունքում հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին Ստեփանավանի, Գորիսի և Եղեգնաձորի խոշորացված համայնքների կազմում ընտրելու են նաև նախկինում առանձին համայնքներ եղած բնակավայրերի բնակիչները։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյուլագարակում ընտրելու իրավունք ուներ 6 413 քաղաքացի, Լոռի Բերդում՝ 4 063, Տեղում՝ 4 693, Տաթևում՝ 4 281, Արենիում՝ 8 500, իսկ Եղեգիսում՝ 4 630։ 

Արդեն գրել ենք, որ այս կիրակի ընտրություններին Ստեփանավան համայնքում ընտրողների թիվը 19 324 է, Գորիսում՝ 27 522, Եղեգնաձորում՝ 24 654։

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս երեք համայնքներում ընտրողների թիվը համապատասխանաբար 13 084, 22 861 և 14 940 էր։ 

Այսպիսով, եթե նույնիսկ հաշվի ենք առնում համայնքների խոշորացումն ու գյուղերի միավորումը՝ ընտրողների թիվը կրկին ոչ թե ավելացել, այլ նվազել է։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ Ստեփանավանի խոշորացված համայնքում ընտրողների թիվը պակասել է 4 236-ով, Գորիսում՝ 4 313-ով, իսկ Եղեգնաձորում՝ 3 416-ով։

ՏԻՄ ընտրություններին գործելու է նոր պահանջ 

Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում` մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

Քվեարկության իրավունք ունեն նաև մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամսվա հաշվառում չունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված։ 

Այս ընտրություններին կարող են քվեարկել նաև մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք: Այս խմբում կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա աշխատողները, որոնք տվյալ համայնքում ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում և բավարարում են օրենքով սահմանված մյուս պահանջներին։  

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսգրքով ՀՀ քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա: 

Ընտրելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: ՏԻՄ ընտրություններում ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակն ավելի լայն է և սպասելի կլիներ, որ համայնքներում ընտրողների թիվը խորհրդարանական ընտրությունների համեմատ ոչ թե նվազեր, այլ ավելանար։ 

Բայց ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիներից պահանջվում է վերջին 730 օրում  առնվազն 366 օր փաստացի գտնվել ՀՀ-ում։

Factor.am-ը այս օրենքի ազդեցությունն արդեն ուսումնասիրել էր սեպտեմբերի 27-ի ավագանու ընտրությունների ժամանակ։ 

Պարզել էինք, որ այդ ժամանակ անցկացվող ընտրություններում չորս համայնքներում ընտրողների թիվը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ նվազել էր շուրջ 20 տոկոսով։

Factor.am-ը ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հետաքրքրվել է, թե ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխությունից հետո ինչպես է փոխվել ընտրողների թիվը հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում։ Ի պատասխան՝ ծառայությունից հայտնել են, որ օրենքի համաձայն՝ քվեարկության օրվանից 48 օր առաջ հայտնաբերվել է 112 485 անձ, որոնք քվեարկության օրվան նախորդող 730 օրերի ընթացքում առնվազն 366 օր փաստացի չեն գտնվել Հայաստանում։

Ստացվում է՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս 21 համայնքներում ընտրելու իրավունք ուներ 547 080 քաղաքացի, իսկ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների ցուցակներում ընդգրկված է 477 721 ընտրող՝ 69 359-ով կամ 12.68%-ով պակաս։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից նաև տեղեկացրել են, որ ընտրողը լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին՝ քվեարկության օրվան նախորդող հինգ օրվա ընթացքում կամ քվեարկության օրը՝ մինչև ժամը 20:00-ն։ Դիմումների ներկայացման ժամկետն է 20.10.2026 թվականից մինչև 25.10.2026 թվականը՝ ժամը 20:00-ն։ Սրանով պայմանավորված՝ քվեարկության օրը ընտրողների թիվը կարող է փոփոխվել:

Նկարը գեներացված է ԱԲ-ով

Անի Թամրազյան