Անցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպք չի արձանագրվել․ Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.10.2026 | 14:34Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրել է անցած եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը:
Մելիքյանի փոխանցմամբ՝ անցած եռամսյակի ընթացքում լրագրողների կամ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի արձանագրվել: Նախորդ՝ առաջին և երկրորդ եռամսյակներում արձանագրվել էր ֆիզիկական բռնության մեկական դեպք:
Նվազել է նաև տարատեսակ ճնշումների քանակը․ եթե երկրորդ եռամսյակում արձանագրվել էր 31 դեպք, ապա երրորդ եռամսյակում՝ 20: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 12 դեպք է արձանագրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (23 դեպք) էական նվազում է:
Դրական դինամիկան, ըստ Մելիքյանի, հիմնականում պայմանավորված է հասարակական-քաղաքական իրավիճակի սրացումների բացակայությամբ և կոնֆլիկտային իրավիճակների նվազմամբ:
ԽԱՊԿ նախագահն անդրադարձել է Ազգային ժողովում սահմանված անվտանգության կանոններին: Թեև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբենյանի ստորագրած որոշումը դե յուրե նախատեսում է խիստ սահմանափակումներ, դե ֆակտո դրանք չեն կիրառվում, և լրագրողները հնարավորություն ունեն ազատ զրուցելու պատգամավորների հետ: Սակայն, քանի որ փաստաթուղթը դե յուրե ուժի մեջ է, այն պահպանում է կաշկանդող ռիսկեր. ուստի առաջարկվում է դե յուրե ձևակերպումները համապատասխանեցնել իրականությանը:
Անհանգստացնող է մնում ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվող դատական հայցերի հոսքը: Տարվա 3 եռամսյակներում ներկայացվել է 44 նոր դատական հայց (1-ին եռամսյակում՝ 14, 2-րդում՝ 12, 3-րդում՝ 18): Երրորդ եռամսյակում ներկայացված 18 հայցերից 13-ը ներկայացվել են պետական մարմինների, կազմակերպությունների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
Դատական հայցերի աճի հիմնական պատճառները, ըստ Աշոտ Մելիքյանի, լրատվական դաշտի խիստ բևեռացումն է, որոշ լրատվամիջոցների սերտաճումը քաղաքական ուժերի հետ, ինչպես նաև քաղաքական գործիչների ու պաշտոնյաների անհանդուրժողականությունը:
Միաժամանակ նկատվում է նոր միտում․ ակտիվացել են հենց լրագրողները, որոնք ընդդեմ պաշտոնյաների և քաղաքացիների ներկայացրել են 18 դատական հայց՝ վիրավորանքների ու անհարգալից վերաբերմունքի դեպքերով:
Մանրասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

