Երևանի հյուրանոցներից մեկում օտարերկրացիներին ստիպել են համակարգչային հափշտակություններ կատարել․ մեկ անձ կալանավորվել է
Հասարակություն
22.10.2026 | 18:02
Քրեական ոստիկանությունը Երևանում թրաֆիքինգի ենթադրյալ դեպք է բացահայտել։ ՆԳՆ հաղորդմամբ՝ օտարերկրյա մի քաղաքացի բարձր աշխատավարձի կեղծ խոստումով երկու օտարերկրացու տեղափոխել է Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը և ստիպել համակարգչային հափշտակություններ կատարել մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում։ Ոստիկանությունը պարզել է նաև, որ նույն անձի համակարգմամբ հյուրանոցում համակարգչային հափշտակություններով զբաղվել են ևս 39 օտարերկրացիներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ենթադրյալ կազմակերպիչը կալանավորվել է։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․
«Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդու․ նա կալանավորվել է ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ օտարերկրյա քաղաքացի մի տղամարդ Հայաստանում զբաղվում է թրաֆիքինգով։
Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ նա հավաքագրել և բարձր աշխատավարձ վճարելու կեղծ խոստումով Հայաստան է տեղափոխել երկու օտարերկրացիների, ապա վերցնելով նրանց անձնագրերը և օգտվելով անօգնական վիճակից՝ Երևան քաղաքի Քըրք Քրքորյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկոում ստիպել է կատարել համակարգչային հափշտակություններ։
Հետագա միջոցառումներով քրեական ոստիկանները պարզել են, որ վերոհիշյալ քաղաքացու համակարգմամբ նշված հյուրանոցում համակարգչային հափշտակությամբ են զբաղվում նաև օտարերկրյա 39 այլ քաղաքացի։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օտարերկրյա քաղաքացին կալանավորվել է»։

