Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
Հասարակություն
20.10.2026 | 16:39
Արագածոտնի մարզի Փարպի գյուղում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդը հրազենային վնասվածք է ստացել և հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել։ Ոստիկանության տվյալներով՝ հրազենային վնասվածքը պատճառել է Երևանի 34-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Նախնական տեղեկություններով՝ կրակոցն արձակվել է վերափոխված գազային ատրճանակից։ Կատարվում է նախաքննություն։
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․
«Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06։11-ին, Երևանի բժշկական կենտրոններից մեկից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։
ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 6-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում տղամարդուն գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հրազենային վնասվածք է պատճառել Երևանի 34-ամյա մի բնակիչ։
34-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախնական տվյալներով հանցագործությունը կատարվել է վերափոխված գազային ատրճանակով։ Կատարվում է նախաքննություն»

