Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում կայացած քննարկման ժամանակ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կանանց հանձնախմբի նախագահ Քրիստինա Էգենտերը անդրադարձավ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 թիրախների ներառական իրականացմանը, լեզվական ձևակերպումների հստակեցմանը և Երևանի գագաթնաժողովի արդյունքներին։
Էգենտերն ընդգծեց, որ որոշումների կայացման գործընթացում առանցքային նշանակություն ունի համահասարակական մոտեցումը, որտեղ պետք է հստակ սահմանվեն յուրաքանչյուր խմբի իրավունքներն ու պարտականությունները։
«Եթե փաստաթղթերում պարզապես նշվում է «դերակատարներ», և դրանք միայն կառավարությունները չեն, առաջանում է ռիսկ, որ շահագրգիռ կողմերը կխառնվեն ու կաղոտվեն։ Անհրաժեշտ է հստակ տարանջատում պատասխանատվության, իրավունքների և դերերի միջև»,- նշեց նա։
Այդ նպատակով Կանանց հանձնախումբը, Կենսաբազմազանության համաշխարհային երիտասարդական ցանցը և Տեղական համայնքների մարմինը հանդես են եկել համատեղ առաջարկներով՝ պաշտոնական ձևակերպումներում հատուկ ընդգծելու բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, կանանց և երիտասարդների դերը։
Բանախոսը շեշտեց ֆինանսական ռեսուրսների հասանելիության հարցը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք կապահովեն ավելի դյուրին ու անմիջական ֆինանսավորում կանանց կողմից ղեկավարվող բնապահպանական ծրագրերին։ Անդրադառնալով գլոբալ վերանայմանը հաջորդող քայլերին՝ Էգենտերը կարևորել է Երևանում մշակվող օրակարգը։
«Իրականացումը չպետք է լինի պարզապես գործընթաց՝ գործընթացի համար։ Այն պետք է լինի արդյունավետ և ներառական։ Մենք հավատացած ենք, որ Երևանի ուղու («Yerevan Pathway») նման գործընթացը կարող է նպաստավոր լինել գենդերարձագանքող և մարդու իրավունքների վրա հիմնված սկզբունքներով համահասարակական իրականացմանը»,- հայտարարեղ նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

