Երևանի ավտոբուսում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Հասարակություն
20.10.2026 | 12:05
Երևանի հանրային տրանսպորտում կնոջը վիրավորող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։
«Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտնում եմ, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումների արդյունքում տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Հիշեցնեմ, որ երեկ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում առերևույթ հանցագործության փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին նախաքննական մարմին»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է Երևանի ավտոբուսներից մեկում տղամարդը կոպիտ արտահայտություններով դիմում հատակին նստած կնոջը՝ պահանջելով «իրեն նորմալ պահել»։ Միջադեպին միջամտել էր մեկ այլ ուղևոր, որը դժգոհություն էր հայտնել տղամարդու պահվածքից։ Նրանց միջև վիճաբանություն էր սկսվել։

