«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
18.10.2026 | 19:47Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարարության տարածքային բնապահպանական կառավարման փոխնախարար, COP16-ի նախագահության ներկայացուցիչ Դեյվիդ Օլարտե Ամայան։ Նա բարձր է գնահատել Հայաստանում համաժողովի կազմակերպումը և հայտարարել կենսաբազմազանության կորուստը զսպող նոր կոալիցիային միանալու մասին։
Կոլումբիացի պաշտոնյան հայտարարել է Հայաստանի նախաձեռնած կոալիցիային միանալու պատրաստակամության մասին․ «Կոլումբիան պատրաստ է Ձեզ աջակցել։ Կոլումբիայի համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին կոալիցիայի ձևավորման տիրույթում։ Այս կոալիցիան առաջին հերթին զսպելու է կենսաբազմազանության կորուստը՝ ևս մեկ անգամ ապահովելով առանձին տեսակների վերականգնումը համապատասխան օրակարգով»։
Նա ընդգծել է, որ Կոլումբիայի համար առաջնային է ինչպես էկոհամակարգերի պահպանումը, այնպես էլ տեղական համայնքների կենսակերպի պաշտպանությունը․ «Կոլումբիայի համար սա չափազանց կարևոր է՝ պահպանել էկոհամակարգերը, միաժամանակ նաև փայփայել այն կենսակերպը, որն ունեն այն համայնքները, որոնք այդ կենսաբազմազանության տիրույթում ապրում են»։
Անդրադառնալով Կունմինգ-Մոնրեալ գլոբալ շրջանակի նպատակներին՝ Դեյվիդ Օլարտե Ամայան նշել է 20 առանձին վտանգված տեսակների բնամիջավայրերը վերականգնելու անհրաժեշտությունը․ «Մեզ անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այդ թվում՝ 20 առանձին տեսակների բնամիջավայրերը վերականգնելու համար։ Մենք այս աշխատանքն արդեն սկսել ենք մեր երկրում․ խոսքը հատուկ տեսակի կոկորդիլոսների մասին է։ Այս փորձը ևս մեկ անգամ փաստում է, որ վերականգնումը հնարավոր է, եթե համագործակցում են կառույցները, միջազգային ծրագրերը և տեղական համայնքը։ Սա նաև մեզ հիշեցնում է, որ հաջող պահպանությունը ենթադրում է ոչ միայն առանձին տեսակների վերականգնում, այլև էկոհամակարգերի ուղղությամբ ներդրումների իրականացում»։
Ելույթի ավարտին COP16-ի նախագահության ներկայացուցիչը կարևորել է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը․ «Համագործակցում ենք սերտորեն նաև մասնավոր ոլորտի հետ․ վերջինիս ռեսուրսներն ակնհայտորեն նպաստում են ջանքերի իրականացմանը՝ ապահովելով այն, որ էկոլոգիական վերականգնումը ենթադրում է նաև տնտեսության զարգացում և հարատև բարգավաճման հնարավորություններ։
Մեր ընդհանուր մարտահրավերների ներքո է անցում անել հանձնառություններից դեպի իրականացում․․․ Հավակնությունները վերածել ենք գործողությունների, գործողությունները՝ վերականգնման․ համատեղ կարող ենք բնության հետ ներդաշնակ կյանքի գաղափարախոսությունը դարձնել իրականություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

