«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
18.10.2026 | 19:32Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի (COP17) բացմանն իր ելույթով հանդես է եկել Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։ Նա բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի ջանքերը համաժողովը պատշաճ կազմակերպելու գործում։
Շոմակերը Քարտուղարության անունից երախտագիտություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Կառավարությանն ու հայ ժողովրդին․ «Քարտուղարության անունից թույլ տվեք ևս մեկ անգամ երախտիքս հայտնել Ձեզ անձամբ, պարո՛ն վարչապետ, ամբողջ Կառավարությանը և հայ ժողովրդին այն հսկայական ջանքերի համար, որ արվել են 2026 թվականի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի և Առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպման համար: Հայաստանն իր հյուրընկալությունն ապահովում է ամբողջ թափով, և ակնհայտ է, որ ցանկացած մարդ, որ մի քանի ժամ այստեղ կանցկացնի, անմիջապես դա կզգա: Ձեր ժողովրդի բարիությունը և ձեր վճռականությունը՝ անելու ամենը, որ մարդիկ իրենց զգան ինչպես տանը, ակնհայտորեն զգացվում է»:
Գործադիր քարտուղարն ընդգծել է, որ աշխարհում առկա լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում․ «Այս համաժողովը ևս մեկ անգամ փաստում է, որ բազմակողմանիությունն աշխատում է, որ ստանձնած հանձնառություններն առաջին հերթին պատվում են։ Չնայած աշխարհագրական լարվածությանը և ահագնացող կլիմայական ճգնաժամին՝ կա հույս»։
Նա նաև հավելել է, որ հաջորդ երկու շաբաթները պետք է ծառայեն հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածելուն․ «Հորդորն այն է, որ հաջորդ երկու շաբաթներն օգտագործենք միավորվելու և հանձնառությունները վերածելու կոնկրետ գործողությունների, ավելի ամուր գործընկերական հարաբերությունների և արագացված իրականացման քայլերի»։
Անդրադառնալով առկա մարտահրավերներին՝ Աստրիդ Շոմակերը նշել է, որ համաժողովի հիմնական նպատակներից է բացերը լրացնելը․ «Գիտենք որտեղ ենք գտնվում, որտեղ են բացերը, և այստեղ մեր հանդիպման հիմնական նպատակը այդ բացերը լրացնելն է: Սա է այն գործողությունը, որը մեզ հարկավոր է»:
Ելույթի ավարտին Շոմակերը հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ Արտաքին գործերի ու Շրջակա միջավայրի նախարարություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի մշտական համակարգողին ու կազմակերպչական թիմին․ «Կոնվենցիայի շրջանակում COP կազմակերպելը փոքր առաջադրանք չէ: Հայաստանը հաղթահարել է այդ մարտահրավերը հանձնառության, ջանասիրության շնորհիվ, և դրա արգասիքը տեսնում ենք այստեղ, բայց մեծ մասը վարագույրների հետևում է, բեմի հետևում․․․ Կրկին շատ շնորհակալ ենք Հայաստանին՝ աշխարհին Հայաստանում հյուրընկալելու համար: Սա իրապես մի հաջողություն է, որը պետք է աշխարհին»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

