Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
Քաղաքականություն
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը հոկտեմբերի 17-ին՝ շաբաթ օրը, դուրս է գրվել հիվանդանոցից՝ թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից չորս օր անց։ Ինչպես հայտնել են Վատիկանից, դուրսգրման որոշումն ընդունվել է բժշկական վերջին հետազոտությունների արդյունքների հիման վրա, փոխանցում է DW-ն։
Հռոմի Ջեմելլիի համալսարանական կլինիկայից հեռանալուց առաջ պոնտիֆիկոսը կարճ ժամանակով դուրս է եկել՝ ողջունելու հավաքված հավատացյալներին։ Այնուհետև նա ծառայողական մեքենայով վերադարձել է Վատիկան։
Հոկտեմբերի 18-ին՝ հաջորդ օրը, Լևոն XIV-ը մտադիր է իր նստավայրի պատուհանից անցկացնել կիրակնօրյա ավանդական աղոթքը։
Հոկտեմբերի 13-ին՝ երեքշաբթի օրը, Հռոմի կաթոլիկ եկեղեցու 71-ամյա առաջնորդին հեռացրել են աջ թոքի ստորին բլթը, որտեղ կասկածելի նորագոյացություն էր հայտնաբերվել։ Հետագա հետազոտությունը հաստատել է ադենոկարցինոմայի ախտորոշումը՝ թոքերի քաղցկեղի ամենատարածված տեսակը։
Բժիշկները դեռ չեն հայտնում՝ արդյոք հաջողվել է պոնտիֆիկոսին լիովին ազատել ուռուցքային հիվանդությունից։ Բաց է մնում նաև հետագա բուժման անհրաժեշտության հարցը։ Դրա համար լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն՝ պարզելու, թե արդյոք հիվանդությունը տարածվել է թոքի հեռացված հատվածից դուրս։

