Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Արտաքին գործերի և Էներգետիկայի նախարարությունները «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» (РЭН-2026) միջազգային համաժողովի շրջանակում ««3+3» հարթակ. էներգետիկ համագործակցությունը՝ որպես Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հենասյուն» թեմայով քննարկում են անցկացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ բարձր մակարդակի նիստը կազմակերպվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի մասնակից երկրների (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան)՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ոլորտային երկխոսությունը զարգացնելու նպատակով։ Մասնակիցների թվում են եղել նախարարությունների և գերատեսչությունների ղեկավար կազմի, ինչպես նաև էներգետիկայի ոլորտի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։
Հիշեցվում է, որ «3+3» հարթակի առաջին նիստը տեղի է ունեցել Մոսկվայում՝ 2021 թվականի դեկտեմբերին։ Արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումներն անցկացվել են Թեհրանում (2023 թվական) և Ստամբուլում (2024 թվական)։ 2026 թվականին անցկացված Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի XXIX նստաշրջանի շրջանակում մեկնարկել է «վեցյակի» փորձագիտական երկխոսությունը։
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ ներկայում համաձայնեցվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում։ Ընդգծվում է, որ «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ-2026»-ի շրջանակում անցկացված «3+3» նիստը կարևոր լրացում է դարձել հարթակի շրջանակում պաշտոնական շփումներին՝ ուղղված տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների ջանքերի միավորմանը՝ ի շահ Հարավային Կովկասի կայուն զարգացման և բարգավաճման։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ կարելի է «3+3» հարթակի առաջիկա հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, հետո մյուսը՝ Երևանում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի