Մեզ համար մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ստանդարտին համապատասխանեցնելը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կենսաբազմազանության COP17 համաժողովին ընդառաջ Երևանում մեկնարկած «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի բնապահպանական մարտահրավերներին, Հայաստանի փորձին և կենսաբազմազանության վերականգնման արձանագրված հաջողություններին։
Վարչապետն ընդգծեց, որ 1990-ականների սկզբի ճգնաժամային տարիներին Հայաստանի բնությունը փրկել է բնակչությանը, ինչի հետևանքով հասցվել է ծանր վնաս, և այսօր պետությունն ու հասարակությունը պարտք ունեն վերադարձնելու բնությանը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց վերջին տարիներին ձեռնարկված բնապահպանական քայլերի արդյունքները։
«Հայաստանում վերացած համարվող կովկասյան ընձառույցի պոպուլյացիան այժմ հասնում է 6-7 առանձնյակի (2024-ին ծնվել է 2 ձագ)։ Բացի այդ, բնություն բաց թողնված 22 կովկասյան ազնվացեղ եղջերուներից բնական պայմաններում արդեն ծնվել է 8 ձագ»,- ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ 2018-ին ապօրինի անտառահատումների արգելքից հետո, Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչները, որոնք նախկինում զբաղվում էին փայտահատությամբ, վերապրոֆիլավորվել են և այժմ զբաղվում են էկոտուրիզմով։
«Մեր երկրի համար առանձնահատուկ մարտահրավեր է հանքարդյունաբերությունը բնապահպանական ժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնելը, և մենք դժվար քայլերով, բայց այնուամենայնիվ շարժվում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարեց վարչապետը։
Բնապահպանական խախտումները կանխելու համար Հայաստանում հիմնադրվել է Էկոպարեկային ծառայությունը, որն այժմ գործում է 4 մարզում և շուտով կներդրվի բոլոր 10 մարզերում։
Վարչապետն ընդգծեց, որ 2022 թ․ Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակով սահմանված 2030 թվականի թիրախներին հասնելու համար անհրաժեշտ է ստանձնած պարտավորությունները վերածել իրական գործողությունների, և COP17-ը լավագույն հարթակն է այդ որոշումները կայացնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

