Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը

Ֆակտոր, մրցանակ

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

Factor TV-ի անկախ, փաստահեն լրագրությունն արժանացել է միջազգային ճանաչման․ սեպտեմբերի 29-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացած հանդիսավոր մրցանակաբաշխության ընթացքում Factor TV-ին հանձնվել է նորվեգական Fritt Ord և գերմանական ZEIT STIFTUNG BUCERIUS հիմնադրամների 2026 թվականի Free Media Award («Ազատ մամուլի մրցանակ») մրցանակը։ Այն շնորհվում է լրագրողներին և լրատվամիջոցներին խիզախ և անկախ լրագրության համար՝ նպատակ ունենալով ամրապնդել ազատ մամուլի դերը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում։

Միջազգային ժյուրին կարևորել է Factor TV-ի հետաքննությունները, իշխանությունների հաշվետվողականությանը նպաստող աշխատանքն ու ներդրումը ապատեղեկատվության դեմ պայքարում և Հայաստանում բազմակողմանի հանրային քննարկման ձևավորման գործում։ 

Էդվարդ Մունկի թանգարանում կայացած մրցանակաբաշխությանը մրցանակը ստացել է Factor TV-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արևիկ Սահակյանը։ 

Իր ելույթում Factor TV-ի ղեկավարը մասնավորապես նշել է․

«Տասը տարի առաջ, երբ հիմնադրեցինք Factor TV-ն, հավատում էինք, որ որակյալ լրագրությունը կարող է դրական փոփոխություններ բերել։ Մենք դեռ չգիտեինք, թե ինչ փորձություններ են մեզ սպասվում՝ հեղափոխություն, արտահերթ ընտրություններ, պատերազմ, Արցախի կորուստ և հայաթափում, քաղաքական ճգնաժամեր և բողոքի ցույցեր…

Այս ամենը լուսաբանելիս մենք փորձել ենք անել այն, ինչ լրագրողները պետք է անեն՝ հարցեր տալ, հետաքննել, ստուգել փաստերը, բացահայտել խախտումները և իշխանություն ունեցողներից հաշվետվողականություն պահանջել։

Մեր հետաքննություններն իրավական հետևանքներ են ունեցել, մեր հրապարակումներն օգնել են մարդկանց, որոնց իրավունքները խախտվել են, և ստիպել պաշտոնյաներին պատասխանել հարցերի, որոնցից նրանք, հավանաբար, կնախընտրեին խուսափել։

Այս ամենն ամրապնդել է մեր հավատն առ այն, որ մեր աշխատանքը կարող է դրական փոփոխություններ բերել։

Սակայն Հայաստանում ժողովրդավարությունը դեռ անցումային է և փխրուն։ Այն բախվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների, և այս իրավիճակում անկախ լրատվամիջոցները կենսակա՛ն նշանակություն ունեն։

Մենք այսօր աշխատում ենք բոլորովին այլ տեղեկատվական միջավայրում։

Ապատեղեկատվություն տարածելը դարձել է արագ, հեշտ և էժան, իսկ մանիպուլյացիոն հնարքները՝ շատ ավելի հղկված։ Պրոֆեսիոնալ լրագրությունը ստիպված է մրցակցել սոցիալական ցանցերի ալգորիթմների, բլոգերների, ինֆլուենսերների և «ճշմարտության» անհամար տարբերակների հետ։ Մենք ստիպված ենք աշխատել հետճշմարտության (post-truth) և այսպես կոչված «այլընտրանքային փաստերի» (alternative facts) ժամանակներում։

Ճշմարտության և կեղծիքի ամենանուրբ գիտակներից մեկը՝ Հաննա Արենդտը, դեռ տասնամյակներ առաջ  էր ասել․ «Կարծիքի ազատությունը ֆարս է, եթե փաստական տեղեկատվությունը երաշխավորված չէ, իսկ փաստերն իրենք վիճարկվում են»։

Կարծում եմ՝ այս խոսքերն այսօր առավել արդիական են, քան երբևէ։

Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ։ Կարող ենք վիճել քաղաքականության, կառավարությունների, մեր երկրների ապագայի մասին։ Բայց այս ամենի հիմքում մեզ ամուր հենարան է պետք։ Մեզ փաստեր են պետք։

Եվ ես համոզված եմ, որ փաստերի ու փաստական ճշմարտության պաշտպանությունը որակյալ լրագրության հիմքում է։

Ահա թե ինչու է այս մրցանակն այդքան կարևոր մեր թիմի համար։

Այն միայն այս տարիների ընթացքում Factor TV-ի կատարած աշխատանքի ճանաչումը չէ։ Այն նաև ուղերձ է մեզ, որ, չնայած լրագրության առջև այսօր ծառացած բոլոր մարտահրավերներին, որակյալ լրագրությունը շարունակում է կարևոր լինել։

Ուստի ուզում եմ շնորհակալություն հայտնել Fritt Ord և ZEIT STIFTUNG BUCERIUS հիմնադրամներին այս մրցանակի և մեր աշխատանքի ճանաչման համար։

Այս մրցանակն ամրապնդում է իմ և մեր թիմի համոզմունքը, որ փաստերը կարևոր են, անկախ լրագրությունը կարևոր է, և մեր ամենօրյա աշխատանքը կարող է իրավիճակը փոխել դեպի լավը»։

Այս տարի Free Media Award-ի են արժանացել նաև Ukrainska Pravda-ի հետաքննող լրագրող Միխայիլ Տկաչը՝ Ուկրաինայից, վրացական iFact հետաքննական լրատվամիջոցը, վտարանդիության մեջ գործող ռուսական Verstka լրատվամիջոցը և բելառուս լրագրող ու մեդիա ղեկավար Անդրեյ Ալիաքսանդրաուն։ Վերջինս իր գործունեության համար ավելի քան հինգ տարի անցկացրել է բանտում։