Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Կլիմայական ապատեղեկատվությունը դարձել է գլոբալ սպառնալիք, որը դանդաղեցնում է կլիմայական քաղաքականության իրականացումը, խաթարում  հանրային վստահությունը գիտական փաստերի նկատմամբ և խոչընդոտում պետությունների կողմից արդյունավետ քաղաքականությունների իրականացմանը: Այս ամենն ամփոփված է  «Տեղեկատվության և ժողովրդավարության միջազգային գործընկերության» (PID) շրջանակում Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի ներկայացրած «Կլիմայական և բնապահպանական տեղեկատվության ամբողջականության միջազգային քաղաքականության և կարգավորող շրջանակների քարտեզագրում» խորագրով միջանկյալ զեկույցում:

Զեկույցն ընդգրկում է 23 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ինչպես նաև Եվրոպական միությունը։ Զեկույցը COP30-ի գործողությունների օրակարգի արդյունքներից է։ Այդ օրակարգը ներառում է Բելեմում (Բրազիլիա) տարբեր շահագրգիռ կողմերի ստանձնած մի շարք հանձնառություններ, և համատեղ աշխատանքի արդյունք է։

Այն ցույց է տալիս, որ թեև թեմայի շուրջ քաղաքական ուշադրությունն ու հանրային իրազեկվածությունն աճում են, երկրների մեծ մասը դեռևս չունի կլիմայական ապատեղեկատվության և կլիմայի փոփոխության ժխտման դեմ պայքարի ազգային ռազմավարական գործողությունների ծրագիր։

«Սկզբում նպատակ ունենալով դանդաղեցնել էկոլոգիական անցումը՝ կլիմայի և շրջակա միջավայրի վերաբերյալ ապատեղեկատվությունն այժմ դարձել է ժողովրդավարական խնդիր՝ խորացնելով բևեռացումն ու անվստահություն սերմանելով։ Բելեմում անցկացված՝ «Ճշմարտության COP» անվանումը ստացած համաժողովից մեկ տարի անց այսօր հրապարակվող զեկույցը ներկայացնում է, թե ինչ է արվել, ինչն է արդյունավետ և ինչն է հնարավոր ավելի զարգացնել։ Այն ռեսուրս է բոլոր այն շահագրգիռ կողմերի համար, որոնք լուծումներ են փնտրում մեր ժամանակի երկու մեծ մարտահրավերների՝ կլիմայի փոփոխության և տեղեկատվական քաոսի դեմ պայքարում»,- ասել է «Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի» գործադիր տնօրեն Կամիլ Գրենյեն։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Բրազիլիայի թվային քաղաքականությունների քարտուղարության ղեկավարությամբ պատրաստված այս հետազոտությունը գլոբալ մակարդակով առաջին համապարփակ փորձերից է՝ գնահատելու պետությունների իրավական ու քաղաքական գործիքակազմերը:

Աշխարհի երկրների մեծ մասն ունի ընդունված կլիմայական շրջանակային օրենքներ: Սակայն զեկույցը փաստում է կարևոր օրինաչափություն․ ազգային կլիմայական օրենքների մեծ մասը սահմանում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պարտադիր թիրախներ, սակայն դեռևս չունի ուղղակի հղումներ կամ դրույթներ՝ կլիմայական ապատեղեկատվության կամ մոլորեցնող հաղորդակցության դեմ պայքարի վերաբերյալ։

Այս գլոբալ գործընթացներում Հայաստանը հանդես է գալիս ոչ միայն որպես համանախագահող երկիր, այլև ազգային մակարդակում իրականացվող քաղաքականությամբ: Հայաստանը 2026 թվականին ընդունել է «Կլիմայի մասին» օրենքը։ Սա մեր երկրի առաջին համապարփակ օրենքն է կլիմայի փոփոխության վերաբերյալ։

Օրենքի հիմնական նպատակներն են՝

  1. Ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորումն ու իրականացումը։
  2. Կլիմայի փոփոխության հետևանքներին հարմարվելու քաղաքականության մշակումն ու իրականացումը։
  3. Կլիմայական քաղաքականության համակարգումը և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների սահմանումը։
  4. Կլիմայական ֆինանսավորման և արտանետումների չափման, հաշվետվողականության ու ստուգման համակարգերի զարգացումը։

Զեկույցում ներկայացված միջազգային համադրությունը ցույց է տալիս, որ թեև երկրների մեծ մասն ունի ընդունված կլիմայական շրջանակային օրենքներ, դրանցում հաճախ բացակայում են ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված ուղղակի իրավական դրույթները: Այնուամենայնիվ, մի շարք պետություններ մշակել են նորարարական մոտեցումներ: Օրինակ՝ Բրազիլիան ներկայացրել է կլիմայական տեղեկատվության ամբողջականության հատուկ օրինագիծ, Ֆրանսիան իր «Կլիմայի և դիմակայունության մասին» օրենքով սահմանել է հանածո վառելիքի գովազդի արգելք, իսկ Պորտուգալիան քաղաքացիների համար ամրագրել է «կլիմայական հավասարակշռության» իրավունքը: 

Զեկույցի իրականացումը հնարավոր է դարձել 2025 թվականի փետրվարից այս ուղղությամբ Հայաստանի և Բրազիլիայի ստանձնած առաջնորդության շնորհիվ՝ աշխատանքային ուղղության շրջանակում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Բրազիլիայի նախագահի աշխատակազմի հետ համագործակցությամբ՝ շուրջ երկու տարվա ընթացքում գործընթացին ներգրավվել են տարբեր պետություններ՝ թեմայի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու, խնդիրներն ու հնարավոր լուծումները բացահայտելու նպատակով։

Նշվում է, որ Հայաստանի առաջնորդությունը հատկապես տեսանելի է եղել «Երևանյան երկխոսության» շրջանակում կազմակերպված զուգահեռ միջոցառումներում, որոնք ուշադրություն են հրավիրել շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վերաբերյալ ապատեղեկատվության խնդրին։

Հայաստանն այս հարցում իր քաղաքական հանձնառությունն արտահայտել է միջազգային մակարդակում առաջնորդություն ստանձնելով և կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվության հավաստիության մասին Բելեմի հռչակագիրը ստորագրելով։

Զեկույցի համաձայն՝ Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարում կիրառում է բովանդակությունից անկախ մոտեցում։ ՀՀ-ն կարող է հիմնվել վերջերս ընդունված Կլիմայի մասին օրենքի վրա, որը խրախուսում է հանրային իրազեկվածության բարձրացումն ու կլիմայի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026թթ․-ի հայեցակարգի վրա։

Հայեցակարգը նախատեսում է ռազմավարական հաղորդակցություն, թափանցիկության ակտիվ ապահովում, փաստերի ստուգում, լրատվամիջոցների կարգավորում, մեդիագրագիտության զարգացում և պետական կառույցների կարողությունների ամրապնդում՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու և դրա դեմ պայքարելու նպատակով։

Այնուամենայնիվ, ինչպես զեկույցում ուսումնասիրված երկրների մեծ մասում, Հայաստանում ևս էական բացեր կան ապատեղեկատվության տարածումից եկամուտ ստանալու հնարավորությունները սահմանափակելու, ինչպես նաև կլիմայական և բնապահպանական ապատեղեկատվության տարածման գործում կարևոր դեր ունեցող հարթակների ու արհեստական բանականության կարգավորման հարցերում։


Անի Թամրազյան
Լուսանկարը՝ airquality.am-ի