Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
Հասարակություն
13.10.2026 | 11:20
Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի հայ բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ Մետաքսեի անունով։ Համապատասխան որոշումն ընդգրկված էր ավագանու այսօրվա նիստի օրակարգում` չզեկուցվող հարցերի փաթեթով, որն ընդունվել է:
Նախագծի համաձայն՝ Մետաքսեի փողոցը կսկսվի Արտաշատի ջրանցքի մոտից, կանցնի Ռոստովյան փողոցին զուգահեռ և կհասնի Ազատամարտիկների փողոց։
Մետաքսեն ծնվել է 1926 թվականին՝ Շիրակի մարզի ներկայիս Արևշատ գյուղում։ 1952 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, իսկ 1958 թվականին՝ ԽՍՀՄ Գրողների միությանը կից Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1963 թվականից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։
Նա հայ պոեզիայի զարգացման գործում նշանակալի ավանդ է ունեցել։ Մետաքսեն ավելի քան երեք տասնյակ գրքերի հեղինակ է։ Նրա հայտնի ժողովածուներից են «Զգույշ, սիրտ է», «Սերը հավատ է», «Արցունքները չեն ծերանում», «Հազար ու մի սեր» և «Երբ ես գալու, Տեր» ստեղծագործությունները։ 1995 թվականին հրատարակվել է նրա «Շամիրամ» պոեմը։ Հեղինակել է նաև մանկական գրքեր։
Մետաքսեն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել։ 1989-1991 թվականներին եղել է Հայաստանի Մայրության հիմնադրամի փոխնախագահը։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո մասնակցել է աղետի գոտում օգնության կազմակերպման աշխատանքներին՝ աջակցելով Գյումրիի և Սպիտակի բնակիչներին, այդ թվում՝ որբացած երեխաներին։
1992-1995 թվականներին Հայաստանի գրողների միությունում ստեղծել է Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբը և եղել զինվորներին աջակցող հանձնաժողովի նախագահը։ Նա զբաղվել է արցախյան պատերազմի մասնակիցներին և նրանց ընտանիքներին օգնություն տրամադրելու հարցերով։
Մետաքսեն արժանացել է մի շարք պետական և հասարակական պարգևների, այդ թվում՝ «Մովսես Խորենացի» և «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանների։
Նրա անվամբ փողոց անվանակոչելու միջնորդությունը ներկայացրել է դուստրը՝ Լիլիթ Աղագյուլյանը։
Մետաքսեն մահացել է 2014 թվականի օգոստոսի 10-ին՝ Երևանում։
Արփի Հակոբյան

