ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
Բեռլինում կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ֆեդերացիաների ներկայացուցիչները հանդիպումը: ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտնել է, որ ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին միացել են Եվրոպայի 55 ազգային ֆեդերացիաները՝ բացառությամբ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ):
«Վերջին ամիսներին հիմնարար փոփոխություններ պահանջելով՝ ՈՒԵՖԱ-ն և բոլոր ազգային ասոցիացիաները (բացառությամբ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի) համաձայնության են եկել ՖԻՖԱ-ի բարեփոխման հստակ վեկտորի շուրջ։
Ազգային ասոցիացիաները վերահաստատեցին իրենց վստահության կորուստը ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարության նկատմամբ։ Միայն ինստիտուցիոնալ բարեփոխումները բավարար չեն լինի։ ՖԻՖԱ-ն նաև նոր ղեկավարության կարիք ունի՝ հարգված և միավորող գործիչ, որը խորապես արմատներ ունի ֆուտբոլում, ունի առաջնորդելու տեսլական և փորձ, ունակ է վստահություն շահել բոլոր տարածաշրջաններում և անզիջում նվիրված է զարգացմանը, բարեփոխումներին, ազնվությանը և անկախությանը։
ՖԻՖԱ-ի բարեփոխումների և ապագա կառավարման վերաբերյալ քննարկումները կշարունակվեն ինչպես ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների, այնպես էլ համաշխարհային ֆուտբոլի գործընկերների հետ։
ՈՒԵՖԱ-ի 55 անդամ ասոցիացիաների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մինչև 2026 թվականի նոյեմբերի 17-ը»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ կազմակերպությունը հայտարարել էր աշխարհի առաջնության սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին վաճառելու մտադրության մասին։ ՖԻՖԱ-ի աղմկահարույց գաղափարին դեմ էին արտահայտվել նաև ՈՒԵՖԱ-ն, ԿՈՆԿԱԿԱՖ-ը, ԱՖԿ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը։ Դրանից հետո Ջանի Ինֆանտինոն հրաժարվել էր այդ գաղափարից։ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027թ. մարտին Մարոկկոյում։
Դավիթ Եղիազարյան

