Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
97 կգ քաշային կարգում 34-ամյա Ալեքսանյանին կփոխարինի Մ-23 աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը: Օլիմպիական չեմպիոնն այս տարի բաց էր թողել նաև Եվրոպայի առաջնությունը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

