Ոստիկանության անունից քաղաքացիներին կեղծ հաղորդագրություններ են ուղարկում. ՆԳՆ-ն զգուշացնում է
Հասարակություն
05.10.2026 | 19:48
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին զգուշացնում է համացանցում տարածվող կեղծ հաղորդագրությունների մասին, որոնք արտաքին տեսքով ներկայացվում են որպես ոստիկանության պաշտոնական ծանուցումներ։
Կեղծ հաղորդագրություններում քաղաքացիներին տեղեկացնում են, թե նրանք իբր իրավախախտում են կատարել, և պահանջում վճարել տուգանք՝ հաղորդագրության մեջ տեղադրված հղման կամ QR կոդի միջոցով։ Իրականում նման հաղորդագրությունների նպատակը քաղաքացիների բանկային տվյալները, գաղտնաբառերը և SMS-ով ստացված հաստատման կոդերը ձեռք բերելն է՝ հետագայում գումար հափշտակելու համար։
Ոստիկանությունը հորդորում է չվճարել նշված գումարը, չսկանավորել QR կոդը և չանցնել կասկածելի հղումներով։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում նաև նման էջերում չմուտքագրել բանկային քարտի տվյալներ կամ SMS-ով ստացված հաստատման կոդեր։
Եթե քաղաքացին արդեն բացել է կասկածելի հղումը, անհրաժեշտ է փակել բրաուզերը։ Եթե այն չի փակվում, Windows համակարգում կարելի է օգտագործել Ctrl + Alt + Del → Task Manager, իսկ Mac-ում՝ Cmd + Option + Esc՝ բրաուզերը հարկադրաբար փակելու համար։ Սարքը վերագործարկելուց հետո խորհուրդ է տրվում չվերականգնել նախորդ սեսիայի էջերը։
Իսկ եթե արդեն մուտքագրվել են բանկային քարտի տվյալներ կամ SMS-ով ստացված հաստատման կոդ, անհրաժեշտ է անմիջապես կապ հաստատել բանկի հետ, արգելափակել քարտը և դիմել իրավապահ մարմիններին։
Ոստիկանությունը նաև հիշեցնում է՝ պետական մարմնի անունը, տարբերանշանը կամ պաշտոնական ոճին նման ձևավորումը դեռ չեն նշանակում, որ հաղորդագրությունն իրական է։ Կասկածելի հաղորդագրությունների դեպքում անհրաժեշտ է ստուգել հղման հասցեն և տեղեկատվությունը՝ միայն պաշտոնական աղբյուրներից։

