«Ոնց որ մի հատ կինո․ երեք անչափահաս ունեմ, մեկը չի ասել, որ թուրքի դիրքից մարդ ա փախել»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
02.10.2026 | 15:27Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի ներխուժման և տեղի բնակչուհուն վիրավորելու դեպքի առնչությամբ գյուղացիները դժգոհում են, որ իրենց նախապես որևէ կերպ չեն զգուշացրել սահմանը հատած և փախուստի մեջ գտնվող զինված անձի մասին։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում պատմել է դեպքի վայրի հարևանությամբ ապրող Շաքիի բնակիչ Շահեն Սահակյանը։
Բնակչի խոսքով՝ ադրբեջանցին գիշերը թաքնվել է գյուղի չբնակեցված տներից մեկում, որը վարձակալական հիմունքներով տրված էր տեղի մաքսակետի աշխատակցուհուն և նրա երեխաներին։
«Ես զարմանում եմ՝ Իշխանասարից ինքը եկել, հասել է այստեղ։ Գիշերը եկել, մնացել է այս տանը։ Այս տունը մահացած մարդու տուն էր, անտեր էր մնացել, վարձով տվել էին էդ մարդկանց։ Ցերեկը՝ ժամը 14։15-14։16-ի սահմաններում, արդեն էդ աղմուկն ընկավ»,- ասաց նա։
Քաղաքացին նշում է, որ իրավապահները շատ արագ են ժամանել՝ նույնիսկ առանց զրահաբաճկոնների ու սաղավարտների, և իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն գյուղացիներին նախապես տեղյակ չպահելը լուրջ մտահոգության տեղիք է տվել։
«Ես երեք անչափահաս երեխա ունեմ, փոքր են, մեկն առաջին դասարան է հաճախում, մեկը՝ երկրորդ։ Երեխեքին տանում-բերում եմ դպրոց, բայց ոչ մեկն ինձ տեղյակ չի պահել, որ դիրքերից մարդ է փախել։ Պիտի ասեին, որ իմանայինք՝ դռները փակ պահեինք, ամեն ինչը փակեինք։ Երեկ եկան, մտան, նայեցին մեր բակերը․.. ոնց որ մի հատ կինո լիներ»,- ասաց բնակիչը։
Նա հավելեց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա, մարդիկ վերադարձել են իրենց առօրյա հոգսերին։
Նշենք, որ Դատախազությունը տեղեկացրել էր՝ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հատկանիշներով։ Ավելի ուշ ևս մեկ վարույթ է նախաձեռնվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և հրազենի մաքսանենգության հատկանիշներով, որը միացվել է արդեն իսկ առկա վարույթին։ Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան

