Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
Հասարակություն
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցու հարձակումից վիրավորված կնոջը Սիսիանի ԲԿ-ից տեղափոխել են Երևան: Այա մասին Factor.am-ին հայտնեց Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
«Տեղափոխել ենք երևանյան բուժկենտրոն` բուժօգնությունը շարունակելու: Վիճակը կայուն է, կյանքին սպառնացող վտանգ չունենք: Հավելյալ տեղեկատվությունը հարում է բժշկական գաղտնիքին և նախաքննական գործընթացին»,- ասաց Ծատրյանը:
Հիշեցնենք` ԱԱԾ-ն այսօր հայտնեց, որ ադրբեջանցի զինծառայողը, որն ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը, Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին: Ադրբեջանցին, ըստ այդ երկրի պաշտոնական կառույցների, ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին` անհայտ հանգամանքներում: Ըստ ԱԱԾ-ի՝ այս մասին Ադրբեջանը հայտնել է հայկական կողմին:
Վիրավորում ստացած քաղաքացին երեք անչափահաս երեխաների մայր է և ինչպես Շաքիի վարչական ղեկավար Ռուբեն Մանուչարյանը պատմել է Azatutyun TV-ին միջադեպը տեղի է ունեցել հենց երեխաների աչքի առաջ:
«Մտել էր այդ կնոջ տուն: Երեխաները նոր էին դպրոցից եկել, տանն էին ու իրենք էին պատմում, որ մորը վնասել է ու փախել: Կինը կարողացել էր տնից դուրս գալ, փախչել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրունկի հատվածում ստացել է թեթև հրազենային վիրավորում, կյանքին վտանգ չի սպառնում»,- պատմել է Մանուչարյանը:
Վարչական ղեկավարը հայտնել է, որ ներխուժողը ևս վնասվածք էի ունեցել՝ կրծքավանդակի ձախ հատվածում դանակի հարվածի հետք:
«Արյան հետքերով ընկանք, փնտրեցինք իրավապահների հետ: Զրահաբաճկոններով զինված համապատասխան ստորաբաժանումները շատ արագ և օպերատիվ վնասազերծեցին նրան՝ առանց որևէ միջադեպի: Երբ բռնեցինք, արդեն ուժասպառ էր եղել արյունահոսությունից: Մեկ-երկու բառ ադրբեջաներեն հարցրի, ասաց՝ «օլդում» (թարգ.- մեռնում եմ): Ասացի՝ չես մեռնի: Նրա մոտ եղած ավտոմատը իրավապահները վերցրին, իրեն էլ շտապօգնության մեքենայով, զորքի ուղեկցությամբ տարան»,- պատմել է նա:
Նշենք, որ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն չեն հայտնում, թե ինչ հոդվածով:
Արփի Հակոբյան

