Ֆեյսբուքում ատելություն քարոզող հրապարակման համար Վահրամ Սահակյանին մեղադրանք է ներկայացվել, նա ձերբակալվել է
Հասարակություն
29.09.2026 | 16:48Քննչական կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն (Վահրամ Սահակյան, թատերագիր) Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է կատարել, որը, ըստ սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացության, պարունակում է ատելություն։ Սեպտեմբերի 29-ին նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նա ձերբակալվել է։
ՔԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն, օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում:
2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն:
Սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):
Նա ձերբակալվել է:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։

