ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
Քաղաքականություն
28.09.2026 | 21:13
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հաստատեց Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելության զեկույցը։ Մինչ այդ, ընդմիջումից հետո շարունակվեցին քննարկումները, հնչեցին նաև ՀՀ պատվիրակների ելույթները։
«Դա կրոնական ինքնավարության դեմ հաշվարկված հարձակում է». Էդվարդ Լին
ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ, պատգամավոր Էդվարդ Լինն անդրադարձավ Հայաստանի ընտրություններին՝ իր բնորոշմամբ՝ «Հայաստանի ներկայիս կառավարության՝ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում»։
«Այն աշխարհի ամենահին ազգային եկեղեցին է և այսօր աննախադեպ սպառնալիքի է բախվում՝ ոչ թե արտաքին զավթիչի, այլ հենց կառավարության կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ներկայիս վարչակազմը, ըստ էության, վերացրել է եկեղեցու և պետության միջև սահմանները և նախաձեռնել է եկեղեցու ազատությունների դեմ աննախադեպ արշավ։ Եվրոպայի խորհուրդը, ամենից առաջ, պետք է մտահոգված լինի մեր եկեղեցիների ազատությամբ»,- հայտարարեց նա։
Բրիտանացի պատգամավորի խոսքով՝ տեղի ունեցողը քաղաքական անհամաձայնություն չէ, այլ «հաշվարկված հարձակում կրոնական ինքնավարության դեմ»։ Նա անդրադարձավ նաև հոգևորականների կալանավորումներին՝ շեշտելով. «Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ենթարկվում է ճնշումների»։

Ըստ պատգամավորի՝ հունիսին անցկացված ընտրությունների ընթացքում Հայաստանի արդի պատմության մեջ առաջին անգամ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու ինքնավարության վերացման դրույթներ.
«Եվրոպայի խորհրդի անդամ մի երկրում իշխող կուսակցությունը միտումնավոր հարձակվում է տեղական եկեղեցու՝ աշխարհի ամենահին եկեղեցու վրա»,- ասաց նա։
Էդվարդ Լինը նշեց, որ վերջին շաբաթների ընթացքում կառավարությունը հրապարակել է պետական պատվերով զեկույց, որը «քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, ինչպես նաև սպառնացել է խորհրդարանական քննություն սկսել՝ եկեղեցու կանոնադրությունը հարկադրաբար փոխելու նպատակով»։
«Պետական մեխանիզմների օգտագործումը՝ հնագույն եկեղեցական օրենքները վերացնելու համար, մարդու իրավունքների և կրոնի ազատության կոպիտ խախտում է»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ ընտրություններն օգտագործվել են որպես ստեղծված մանդատ՝ «սրբազան հաստատությունը պետության լիակատար վերահսկողության տակ դնելու համար»։
«Եվրոպայի խորհուրդը պետք է պաշտպանի կրոնի ազատությունը և դատապարտի Հայաստանի կառավարությանը»,- եզրափակեց պատգամավորը։
«Եպիսկոպոսները չեն ձերբակալվել հոգևոր կոչման պատճառով». Հռիփսիմե Գրիգորյան
Մեծ Բրիտանիայի պատվիրակին արձագանքեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը՝ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ հնչած հայտարարությունները որակելով «խիստ անտեղյակ»։ Գրիգորյանը պնդեց, որ Հայաստանի կառավարությունն ու պետությունը ոչ թե պայքարում են եկեղեցու դեմ, այլ պաշտպանում են այն։
Նա ընդգծեց, որ եպիսկոպոսների նկատմամբ ձեռնարկված գործողությունները կապված չեն նրանց հոգևորական լինելու հանգամանքի հետ.
«Եպիսկոպոսները չեն ձերբակալվել այն պատճառով, որ եպիսկոպոս են։ Նրանց նկատմամբ կան քրեական գործեր։ Վերջնական որոշում կայացնողը մենք չենք, դա դատարանի իրավասությունն է»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ քրեական գործերը վերաբերում են Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին։
«Պատճառն այն է, որ Հայոց Կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»,- ասաց Գրիգորյանը։
Գրիգորյանի ելույթը Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության վերաբերյալ պնդումների հատվածում ընդհատվեց նախագահողի կողմից, որը հորդորեց խոսել բացառապես քննարկվող զեկույցի շրջանակում։
Անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցին՝ Գրիգորյանն այն գնահատեց «հիասքանչ», ընդգծեց, որ Հայաստանի քաղաքացիները մրցակցային ընտրություններում ազատորեն արտահայտել են իրենց կամքը, և այդ որոշումը հարգվել է։ Նա հիշեցրեց զեկույցի գնահատականը, ըստ որի՝ ընտրողներին առաջարկվել է քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրություն՝ լավ կազմակերպված գործընթացում, իսկ ընտրությունների օրը եղել է կանոնավոր և հանգիստ։

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանը բախվել է արտաքին միջամտության և տեղեկատվական գործողությունների, որոնք զեկույցում բնութագրվել են որպես աննախադեպ Եվրոպայի խորհրդի անդամ պետության համար, սակայն պետական ինստիտուտները դիմակայել են դրանց։
Միաժամանակ, նա ասաց, որ դրական գնահատականը չպետք է հանգեցնի ինքնագոհության. անհրաժեշտ է աշխատել քարոզարշավի ֆինանսավորման, լրատվամիջոցների անաչառության և ընտրական գործընթացի մատչելիության հետ կապված խնդիրների ուղղությամբ։
«Պնդումներն ու ընկալումները չպետք է ինքնաբերաբար ներկայացվեն որպես հաստատված խախտումներ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ԿԸՀ-ի և խորհրդարանական ներկայացվածության հարցերին առնչվող եզրակացությունները պահանջում են իրավական մանրակրկիտ գնահատական, այլ ոչ քաղաքական ենթադրություններ։
«Հայկական ժողովրդավարությունը բազմիցս փորձության է ենթարկվել։ Հունիսի 7-ին այն հաղթահարեց ևս մեկ կարևոր փորձություն։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին ժողովրդավարությունը, իրենց ինքնիշխան իրավունքը՝ որոշելու իրենց ապագան, և ամենից առաջ՝ խաղաղությունը»,- եզրափակեց Հռիփսիմե Գրիգորյանը։
«Սա միայն Հայաստանի ինքնիշխանության հարցը չէ». Սոնա Ղազարյան
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի կարծիքով՝ հունիսի 7-ին կայացած ընտրությունները նշանակալի էին մի քանի առումով.
«Դրանց թվում են արտաքին միջամտության մասշտաբն ու բնույթը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունների կողմից ենթադրյալ ձայներ գնելու դեպքերը։ Մենք ականատես եղանք արտաքին միջամտության ավելի ու ավելի բարդ ձևերի, որոնք կարող են դրսևորվել ապատեղեկատվությամբ, կեղծ նարատիվների տարածմամբ, կիբերհարձակումներով, հանրային տեղեկատվական դաշտի մանիպուլյացիայով և քաղաքացիների՝ ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերով»,- ասաց նա։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ քաղաքական ճնշումն ուղեկցվել է տնտեսական ճնշմամբ՝ մի շարք ապրանքների ներմուծման սահմանափակումների միջոցով, որոնք «նպատակ ունեին ազդել ինքնիշխան պետության քաղաքական ընտրությունների վրա»։
Սոնա Ղազարյանը վստահ է, որ 2026 թվականի ընտրությունները ցույց տվեցին Հայաստանի կարողությունը՝ պաշտպանելու ընտրական գործընթացն ու երաշխավորելու քաղաքացիների ընտրելու իրավունքը.
«Եվ այդ ընտրությունը պետք է պատկանի Հայաստանի ժողովրդին, ոչ թե օտարերկրյա կառավարություններին, արտաքին ուժերին, տնտեսական ճնշմանը կամ ապատեղեկատվությանը։ Սկզբունքը շատ պարզ է՝ Հայաստանում ընտրությունները պետք է որոշվեն Հայաստանում՝ Հայաստանի քաղաքացիների կողմից, ազատ և արդար գործընթացների միջոցով։
Սա միայն Հայաստանի ինքնիշխանության հարցը չէ․ սա եվրոպական ժողովրդավարության հիմնարար սկզբունք է»,- եզրափակեց նա։
Հայաստանի և Կոսովոյի զուգահեռները. Պիեր Ֆասինո
Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ անցել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, սակայն երկրի համար առանցքային հարցը քվեարկությունից հետո բնականոն ժողովրդավարական կյանքի ապահովումն է․ սա հատված է իտալացի պատվիրակ Պիեր Ֆասինոյի ելույթից։
Որպես միջազգային դիտորդական առաքելության անդամ՝ նա ընտրությունների օրը գործընկերների հետ այցելել է բազմաթիվ ընտրատեղամասեր.
«Ինչպես հիշեցրեց մեր պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտիեն, ընտրություններն անցել են կանոնավոր կերպով։ Ես եղել եմ բազմաթիվ ընտրատեղամասերում, և ամեն ինչ անցկացվել է ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»,- ասաց նա։
Ֆասինոյի գնահատմամբ՝ գլխավոր խնդիրը ոչ այնքան բուն ընտրությունների ընթացքն է, որքան դրանց հաջորդած քաղաքական զարգացումները և այն, թե ինչպես է ապահովվելու ժողովրդավարական կյանքի ընթացքը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։

Իտալացի պատվիրակը Հայաստանի իրավիճակը համեմատեց Կոսովոյի հետ՝ նշելով, որ այնտեղ քաղաքական ուժերը չեն կարողանում համաձայնության գալ նախագահի ընտրության հարցում, ինչի հետևանքով երկիրը կարող է կրկին ընտրությունների գնալ։ Նա ընդգծեց, որ Կոսովոյում անկայունությունը մտահոգիչ է նաև Արևմտյան Բալկանների ընդհանուր իրավիճակի համար, և Եվրամիության անդամակցության երկարատև գործընթացը կարող է նպաստել ազգայնական միտումների ու հակամարտությունների վերակենդանացմանը։
«Այն, ինչ վերաբերում է Հայաստանին, վերաբերում է նաև Կոսովոյին։ Մենք՝ որպես Եվրոպայի խորհուրդ, պատասխանատվություն ունենք աշխատելու այս երիտասարդ ժողովրդավարությունների հետ, որպեսզի դրանք ընդունեն կառավարման այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնք համապատասխանում են Եվրոպայի խորհրդի չափանիշներին»,- ասաց նա։
«Արտաքին ճնշումները չեն կանխորոշել քվեարկության արդյունքը». Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ ընտրությունների ընթացքում արձանագրված արտաքին ճնշումներն ու միջամտության փորձերը չեն ազդել քվեարկության վերջնական արդյունքի վրա։
Անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդական առաքելության վերջնական զեկույցին՝ Ջուլհակյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակությանը և ղեկավար Դամիեն Կոտիեին՝ կատարված աշխատանքի համար։ Նա նշեց, որ հայկական կողմն ի գիտություն է ընդունում զեկույցի հիմնական առաջարկությունները և աշխատելու է դրանց իրականացման ուղղությամբ։
«ԵԽԽՎ դիտորդական առաքելության գլխավոր եզրակացությունն այն է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները ընտրողներին ընձեռել են քաղաքական այլընտրանքների միջև իրական ընտրության հնարավորություն՝ լավ կազմակերպված գործընթացի շրջանակում»,- ասաց Ջուլհակյանը։
Նրա խոսքով՝ արտաքին ուղղակի ճնշումների պայմաններում նորընտիր իշխանությունները ստացել են ժողովրդավարական մանդատ, որը պետք է հարգվի և պատասխանատու կերպով իրագործվի։ Ջուլհակյանը հունիսի 7-ի ընտրությունները որակեց Հայաստանի արդի պատմության կարևորագույն ժողովրդավարական գործընթացներից մեկը՝ նշելով, որ դրանք անցկացվել են խաղաղության, անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական անվտանգության և պետական դիմակայունության շուրջ կարևոր ընտրության պայմաններում։

Պատգամավորը նշեց, որ առաքելությունը քարոզարշավի ընթացքում արձանագրել է անմիջական արտաքին ճնշումներ՝ տնտեսական սահմանափակումներ, դիվանագիտական սպառնալիքներ, հայկական արտահանման խոչընդոտներ, էներգամատակարարման հետ կապված սպառնալիքներ, ինչպես նաև ընդդիմության օգտին ընտրողների վրա ազդելուն միտված տեղեկատվական գործողություններ։
«Այս գործողությունները դուրս էին գալիս սովորական քաղաքական մեկնաբանությունների շրջանակից։ Դրանք Հայաստանի ժողովրդի ինքնիշխան ժողովրդավարական որոշումների վրա ազդելու փորձեր էին»,- ընդգծեց նա՝ շեշտելով, որ առաքելության ամենակարևոր եզրակացությունն այն է, որ այդ փորձերը չեն կանխորոշել արդյունքը։
Ջուլհակյանի գնահատմամբ՝ արտաքին միջամտությանն արձագանքը եղել է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը ընտրական գործընթացին.
«Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ժողովրդավարական ընտրությունն ավելի ուժեղ է, քան հարկադրանքը, իսկ ազգային ինքնիշխանությունն ամենից լավ պաշտպանվում է ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով»,- եզրափակեց պատգամավորը։
«Հայաստանը հաստատուն կերպով ընտրել է եվրոպամետ ուղին». Կիմո Կիլյունեն
ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին զեկուցող Կիմո Կիլյունենը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները վկայում են Հայաստանի՝ եվրոպամետ ուղղությամբ առաջ շարժվելու ընտրության մասին։
Անդրադառնալով ԵԽԽՎ դիտորդական առաքելության վերջնական զեկույցին՝ Կիլյունեն նշեց, որ ընտրություններն առանձնահատուկ էին, քանի որ Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուց հետո առաջին ոչ աարտահերթ խորհրդարանական ընտրություններն էին։
Ըստ նրա՝ դրանք աաանցել են աշխարհաքաղաքական լարվածություն, արտաքին միջամտության փորձերի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրների, ինչպես նաև ներքին քաղաքական բևեռացման պայմաններում։
Չնայած դրան, ըստ Կիլյունենի, զեկույցն արձանագրում է, որ ընտրական գործընթացը տեխնիկապես հաջող էր, անցկացվել է խաղաղ պայմաններում, իսկ ընտրողներին առաջարկվել է իրական քաղաքական այլընտրանքների միջև ընտրություն.
«Այս իմաստով կարող ենք ասել, որ ընտրություններն ազատ և արդար էին»,- ասաց նա։
Նախկին զեկուցողը նաև հիշատակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների, ինչպես նաև մեդիա միջավայրում առկա կողմնակալության հետ կապված հարցերը՝ նշելով, որ դրանք պատշաճ կերպով արձանագրվել են զեկույցում։
«Ամենակարևորն այն է, որ այսօր կարող ենք տեսնել՝ Հայաստանը հաստատուն կերպով ընտրել է եվրոպամետ ուղին։ Դա շատ հստակ երևում է ընտրությունների արդյունքներից, և մենք պետք է ողջունենք այդ ընտրությունը»,- եզրափակեց Կիլյունենը՝ հավելելով, որ Եվրոպայի խորհուրդը պետք է շարունակի աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ։
ԵԽԽՎ-ն Հայաստանին առաջարկում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը Հայաստանի իշխանություններին առաջարկում է քայլեր ձեռնարկել ընտրական գործընթացի և ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունն ամրապնդելու համար։
Մասնավորապես, պատվիրակությունն առաջարկում է ուժեղացնել Ռուսաստանի Դաշնությունից բխող տեղեկատվական գործողություններն ու տնտեսական ճնշման գործիքները բացահայտելու և դրանց արձագանքելու ազգային կարողությունները, ինչպես նաև ամրապնդել ընտրական ոլորտի պատասխանատուների նշանակումների անկախությունը։
Այսօր ընդունված զեկույցում նաև առաջարկվում է ընդլայնել այն շահագրգիռ կողմերի շրջանակը, որոնք կարող են դատարաններում ընտրական բողոքներ ներկայացնել, երկարաձգել ընտրատեղամասային և համընդհանուր ընտրական վեճերի քննության ժամկետները, ինչպես նաև ապահովել բողոքարկման ավելի ճկուն մեխանիզմներ։
ԵԽԽՎ պատվիրակությունը կոչ է անում փակել նախընտրական և երրորդ կողմերի ֆինանսավորման ոլորտում առկա բացերը, ամբողջությամբ կարգավորել վարչական ռեսուրսի օգտագործումը և արդյունավետ պատժել դրա ցանկացած չարաշահում։
Առաջարկների թվում են նաև հանրային հեռարձակողի անաչառության ապահովումը, մասնավոր մեդիայի սեփականության ավելի թափանցիկ կառուցվածքի երաշխավորումը, ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմների և թվային գրագիտության ծրագրերի ընդլայնումը։
Զեկույցը կոչ է անում դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումները և ընտրություններին առնչվող դատավարություններում երաշխավորել պատշաճ դատավարության բոլոր պահանջները։ Առաջարկվում է նաև վերանայել իրավապահ մարմինների գործելակերպը՝ այն համապատասխանեցնելու մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին, ինչպես նաև բոլոր քաղաքական ուժերի համար երաշխավորել խաղաղ հավաքների և բողոքի իրավունքը։
ԵԽԽՎ-ն կարևոր է համարում տեղահանված և խոցելի ընտրողների համար ընտրելու իրավունքի իրացման պայմանների պարզեցումը, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերի դյուրացումը, ինչպես նաև լավագույն միջազգային փորձին համապատասխան քաղաքացիության և գրանցման գործընթացների արագացումը։
Առանձին առաջարկ կա Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ։ Ըստ զեկույցի՝ պետք է հստակ ամրագրվի նոր քվեարկություն անցկացնելու պարտադիր պահանջը, եթե հարցի տակ է դրվում քաղաքական ուժի հիմնարար ներկայացվածությունը, ինչպես նաև սահմանվեն դրա համար անհրաժեշտ հստակ շեմեր և ընթացակարգեր։
ԵԽԽՎ-ն հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանի իշխանությունների հետ աշխատել արձանագրված խնդիրների լուծման և ժողովրդավարության եվրոպական չափանիշների կիրառումն ամրապնդելու ուղղությամբ։ Այդ աշխատանքը պետք է իրականացվի Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի շրջանակում և Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ։
Կարինե Ասատրյան
Բրյուսել

