Պատանդառության կոնվենցիայով ինչո՞ւ չենք տանում պատասխանատվության դաշտ Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
28.09.2026 | 14:40Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն կարող էր, այլև սահմանադրորեն պարտավոր է միջազգային դատական ատյաններում պաշտպանել Բաքվում պահվող իր քաղաքացիների իրավունքները։ Այս պարտականությունը չկատարելը հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ և քաղաքացիներին իրավունք է տալիս դատի տալ ոչ միայն Ադրբեջանին, այլև ՀՀ-ին։ Այս մասին «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց միջազգային իրավունքի և մարդասիրական հարցերով մասնագետ Տարոն Սիմոնյանը։
Փորձագետը խիստ քննադատեց իշխանական պատգամավորների այն հայտարարությունները, թե Երկրորդ աշխարհամարտից հետո էլ են գերիները տասնյակ տարիներ մնացել գերության մեջ, և դրանով փորձ է արվում արդարացնել ներկայիս անգործությունը։
«Անկարողությունը կամ անգործությունը հիմնավորելու համար չի կարելի տգիտություն քարոզել։ Այդ տգիտության քարոզը հավասարվում է անբարոյականությանը։ Եթե Երկրորդ աշխարհամարտն եք բերում որպես օրինակ, ավելի հետ գնացեք՝ 100 կամ 1000 տարի, ասեք՝ առաջ էլ գերիներին տանում էին ստրուկ դարձնում կամ գնդակահարում, ինչի՞ եք բողոքում։ Սեփական անգործությունը դրանով պատճառաբանելն ի՞նչ է, եթե ոչ անբարոյականություն կամ տգիտության քարոզ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ պատգամավորների հայտարարություններն անուղղակիորեն վերագրելի են պետությանը։
Սիմոնյանի խոսքով՝ այսօր առկա է հսկայական միջազգային-իրավական գործիքակազմ, որը պաշտոնական Երևանը պարզապես չի կիրառում։
«Կան կոնվենցիաներ, որոնք կարող ենք օգտագործել, բայց չենք անում։ Օրինակ՝ Պատանդառության դեմ կոնվենցիան։ Ադրբեջանը դրա մասնակից է և ընդունել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը։ Ինչո՞ւ Պատանդառության կոնվենցիայով պատասխանատվության դաշտ չենք տանում Ադրբեջանին։ Ինչո՞ւ այս գործիքը չենք օգտագործում, որպեսզի դիվանագիտության մեջ առավելություն ունենանք»,- ընդգծեց նա։
Որպես երկրորդ չօգտագործված գործիք՝ փորձագետը նշեց Խոշտանգումների դեմ պայքարի կոնվենցիան․ «Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ անգամ դատավարությունների ժամանակ մենք տեսնում ենք գերիների դեմքերին կապտուկներ, ինչը խոշտանգման հետևանք է։ Նրանց ենթարկում են ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։ Ինչո՞ւ մենք որպես պետություն չենք օգտագործում այս կոնվենցիան»։
Տարոն Սիմոնյանը նշեց, որ անհատական գանգատները (օրինակ՝ ՄԻԵԴ-ում) ունեն սահմանափակ ազդեցություն, մինչդեռ միջպետական հայցերն անհամեմատ ավելի արագ են քննվում, ավելի հնչեղ են և առաջացնում են միջազգային պատասխանատվության լուրջ լծակներ։
«Ու այս ամենից հետո խոսում են միջազգային դատական հայցերը հետ վերցնելու մասին՝ ուղղակիորեն խախտելով Սահմանադրությունը։ Կան առանձին կոնվենցիոնալ գործիքներ, որոնք չօգտագործելը Հայաստանի Հանրապետության կողմից ուղղակիորեն հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ»,- նշեց Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

