Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին
Հասարակություն
31.08.2026 | 15:33
Երևանի քաղաքապետարանի կողմից Շիրակի 49 հասցեում իրականացվող միջոցառման ընթացքում հասարակական կարգի ապահովման շրջանակում Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել երկու անձ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով արարք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ՆԳՆ-ից:
«Նրանցից մեկը քարով հարվածել ու կոտրել է ոստիկանության ծառայողական մեքենայի ապակին»,- հայտնում են իրավապահ կառույցից:
Ըստ ՆԳՆ-ի՝ կազմվում են համապատասխան փաստաթղթեր քննչական բաժին փոխանցելու համար։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր Շիրակի 49 հասցեում գտնվող տնակների քանդման աշխատանքների նպատակով տարածք էին այցելել: Աշխատանքները, սակայն, չեն սկսվել՝ բնակիչների դիմադրության պատճառով։ Տնակներից մեկում բնակվող երեխաներից մեկը դանակով ինքն իրեն վնասելու սպառնալիք է հնչեցրել, ապա քարեր նետել քաղաքապետարանի աշխատակիցների ուղղությամբ։ Տարածք բերված տրակտորը նույնպես հեռացել է՝ առանց քանդման աշխատանքներ իրականացնելու։ Դեպքի ընթացքում երկու անձ բերման էր ենթարկվել․ ոստիկանության մեքենային հարվածելու համար։
Անի Թամրազյան

