Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
Հասարակություն
15.08.2026 | 13:18
ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը ծնողներին հորդորում է ուշադրություն դարձնել երեխաների առցանց խաղերի անվտանգությանը՝ ընդգծելով, որ ժամանակակից խաղերը հաճախ նաև հաղորդակցման հարթակներ են, որտեղ երեխաները կարող են շփվել անծանոթների հետ և ենթարկվել կիբեռբուլինգի կամ հոգեբանական ճնշման։
Կիբեռոստիկանության փոխանցմամբ՝ առցանց խաղերում երեխաները կարող են անծանոթներին փոխանցել լուսանկարներ, հեռախոսահամարներ կամ այլ անձնական տվյալներ։ Այդ տեղեկությունները հետագայում կարող են տարածվել սոցիալական ցանցերում՝ երեխային ծաղրի կամ հետապնդման ենթարկելու նպատակով։
Գերատեսչությունը նշում է, որ երկարատև հոգեբանական ճնշումը կարող է երեխայի մոտ առաջացնել ուժեղ սթրես, ագրեսիա կամ ինքնավնասման մտքեր։
Ծնողներին խորհուրդ է տրվում՝
խոսել երեխաների հետ և բացատրել առցանց շփումների հնարավոր վտանգները,
չթույլատրել անծանոթներին ուղարկել անձնական լուսանկարներ կամ տվյալներ,
ստուգել խաղերի և մեսենջերների գաղտնիության կարգավորումները և սահմանափակել անծանոթների կողմից հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունը,
երեխային վստահեցնել, որ սպառնալիքի կամ ծաղրի դեպքում նա կարող է դիմել ծնողներին և չի պատժվի,
կիբեռբուլինգի կամ սպառնալիքի դեպքում պահպանել նամակագրության սքրինշոթները, արգելափակել հաղորդագրություններ ուղարկողին և չմտնել փոխադարձ սպառնալիքների մեջ։
ՆԳՆ կիբեռոստիկանությունը հորդորում է՝ եթե երեխան ենթարկվել է առցանց հարձակման կամ կիբեռբուլինգի, անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։
«Միասին ապահով դարձնենք համացանցը մեր երեխաների համար», – նշում է ՆԳՆ կիբեռոստիկանությունը։

