Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
Հասարակություն
13.08.2026 | 20:47Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում ապօրինի հանքարդյունահանում է իրականացվում։
Օգոստոսի 10-ին տարածքում ստուգում կատարելու ընթացքում հայտնաբերվել են սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ ավազակոպճային հանքանյութով բեռնված։
Տարածքում առկա է եղել մոտ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը նախատեսվում էր տեղափոխել Վարդանիձորում գտնվող մեկ այլ ընկերության արտադրամաս՝ մշակման նպատակով։
Բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, իսկ էքսկավատորը վերցվել է հսկողության տակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Հանգամանքները պարզվում են։

