Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.07.2026 | 18:00Հնարավո՞ր է, արդյոք, մինչև տարեվերջ հայկական միրգն ու բանջարեղենն ազատորեն վաճառվեն եվրոպական շուկաներում։ Այսօր Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակ Փաուլա Պինոն նշեց, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր են ակնկալում։
«Ինչպես գիտեք՝ ԵՀ նախագահ ֆոն դեր Լայենը նախորդ ամիս Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեց մի շարք միջոցառումների մասին՝ ուղղված տնտեսությանն աջակցելուն և Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելուն։ Որպես այս փաթեթի մաս՝ կային ինքնավար առևտրային միջոցառումներ, ինչը կարող է նշանակել, որ մոտ ապագայում մենք իսկապես կունենանք ավելի շատ ներմուծումներ Հայաստանից։ Որպես անհապաղ միջոցառում՝ այն պահին, երբ Ռուսաստանը մեկ գիշերվա մեջ դադարեցրեց ծաղիկների ներմուծումը, որը մեծ շուկա էր Հայաստանի համար, ԵՄ-ն միջամտեց, և այդ ծաղիկների մի մասը հայտնվեց մեր անդամ երկրներից մեկում։ Դա սկիզբն էր։ Մենք հավատում ենք, որ ավելի մեծ առևտուր կլինի Հայաստանի հետ, ակնկալում ենք դա»,- Factor TV-ին ասաց Եվրահանձնաժողովի խոսնակը։
Հուլիսի սկզբին Հայաստան այցի ժամանակ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել էր, որ դեպի Եվրամիություն Հայաստանի արտահանման գրեթե 80%-ը կազատականացվի։
«Այս միջոցառումը կբացի եվրոպական դռները Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի գրեթե 99%-ի համար, որոնք նախկինում արտահանվում էին Ռուսաստան»,- շեշտել էր նա:
Եվրահանձնաժողովի՝ «Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցների մասին» օրենսդրական առաջարկը Եվրախորհրդարանի համապատասխան հանձնաժողովում արդեն քննարկվել և ընդունվել է առանց առարկությունների։ Ամենայն հավականությամբ, այս օրենսդրական նախագիծը Եվրախորհրդարանի օրակարգում կհայտնվի արդեն սեպտեմբերին։
ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովից շուրջ երեք ամիս է անցել, արդյո՞ք արդեն կարող ենք խոսել առաջընթացի մասին․ Factor TV-ի այս հարցին էլ Փաուլա Պինոն պատասխանեց․ «Բազմաթիվ նախագծեր են իրականացվում, որոնք հայտարարվել են գագաթնաժողովում, և մենք տեսնում ենք, որ ունենք լավ հիմք Հայաստանի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար»։
Հիշեցնենք, որ մայիսին Երեւանում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր։
Կարինե Ասատրյան
Բրյուսել

