Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
Հասարակություն
15.07.2026 | 17:50
Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը Գոռ Վարդանյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 128 միլիոն դրամ և չորս տրանսպորտային միջոց։
«Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 10-ին մասնակի բավարարել է Գլխավոր
դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Գոռ Վլադիմիրի Վարդանյանի (քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ)` մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) և նրան փոխկապակցված անձանց:
Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է
բռնագանձման՝
– 128 միլիոն դրամ,
– «HYUNDAI SONATA 2.0» մակնիշի տրանսպորտային միջոց,
– «KIA SPORTAGE 2.0 I» մակնիշի տրանսպորտային միջոց,
– «TOYOTA CAMRY 3.5» մակնիշի տրանսպորտային միջոց,
– «VAZ 21121» մակնիշի տրանսպորտային միջոց»:

