«Կոմիտաս պարկ»-ի բնակարանների գազիֆիկացումը պետք է իրականացվի առանց լրացուցիչ վճարի․ հանձնաժողովի որոշում
Հասարակություն
14.07.2026 | 19:49
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը պարտավորեցրել է «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերությանը «Կոմիտաս պարկ» բնակելի համալիրի բնակարանների ներտնային գազիֆիկացումն ապահովել առանց գնորդներից հավելյալ գումարներ պահանջելու։ Հանձնաժողովը արձանագրել է, որ յուրաքանչյուր բնակարանի համար 357 հազար դրամ վճար պահանջելը կարող է խախտել սպառողների շահերը։
««Սպառողի օգնական» հարթակի միջոցով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով են ստացվել մի շարք բողոքներ այն մասին, որ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի առաջին փուլի բնակարանները ապահովված չեն գազիֆիկացման հնարավորությամբ։
Կառուցապատող «ՕՐԴ Դեվելոփմենթ» ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել, ի թիվս այլնի, շենքային համալիրի գազիֆիկացման չապահովման փաստի առնչությամբ։
Վարույթի ընթացքում Ընկերությունը քայլեր է ձեռնարկել գազիֆիկացման իրականացման ուղղությամբ, սակայն հետագայում պարզվել է, որ ներտնային գազիֆիկացման հնարավորության ապահովման համար գնորդներից պահանջել է յուրաքանչյուր բնակարանի հաշվով հավելյալ վճարել 357 000 ՀՀ դրամ։
Արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ ընկերության վարքագիծը պարունակում է սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ՝ հանձնարարելով անհապաղ և առանց գնորդներից որևէ վճար գանձելու ապահովել բնակարանների ներտնային գազիֆիկացման գործընթացի իրականացումը, ինչպես նաև նրանց վերադարձնել արդեն իսկ գանձված գումարները»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ «Կոմիտաս պարկ»-ի գազամատակարարման հարցը նախկինում ևս քննարկվել էր․ Քաղաքաշինության կոմիտեն հայտարարել էր, որ բնակարանների գազամատակարարման ապահովման համար բնակիչներից օրենսդրությամբ չնախատեսված վճար պահանջելը անընդունելի է։

