Սևանի ափին ապամոնտաժվել է 201 ապօրինի շինություն. քանդվել են Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սամվել Նիկոյանի որդու և Արմեն Աշոտյանի եղբոր շինությունները
Հասարակություն
09.07.2026 | 16:36
Դատախազության միջնորդագրերի հիման վրա Սևանա լճի 1905 մետր բացարձակ նիշից ցածր ափամերձ տարածքներում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 201 շենք-շինություն։ Քանդված կառույցների թվում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց հարազատներին առնչվող առանձնատներ, քոթեջներ ու այլ շինություններ, իսկ աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո։
«Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 201 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն լողափնյա սեզոնի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: Դատախազությունը միաժամանակ տեղեկացրել էր, որ ապօրինի շինությունների քանդման աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:
Դատախազի միջնորդագրերի հիման վրա, ի թիվս այլնի, ապամոնտաժվել են՝
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպները և թեքահարթակը (Դատախազությունն առանձնատան վերաբերյալ հայց է ներկայացրել իրավասու դատարան),
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանի որդու կողմից ապօրինի կառուցված առանձնատունը,
ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի եղբոր կողմից ապօրինի կառուցված քոթեջը,
Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու՝ Կարեն Ռաֆիկի Գրիգորյանի կողմից ապօրինի կառուցված քոթեջը,
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող պարիսպը, բետոնե հենապատերը, թեքահարթակը և այլ շինություններ (Դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով, ի թիվս այլնի, պահանջում է Վլադիմիր Գասպարյանից ու նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել այս առանձնատունը):
Հիշեցնենք, որ վերոնշյալ միջնորդագրերից բացի, Դատախազության կողմից դատարան են ներկայացվել հայցեր, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են.
Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 97 հասցե),
«Հարսնաքար» հյուրանոցի վարչական համալիրին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 50 հասցե), «Հարսնաքար» հյուրանոցի քոթեջներին (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցե),
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Սևան քաղաքի Հանգստի գոտի 3-րդ փողոց 38 հասցե),
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 71 հասցե),
«Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատանը (Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոց 88 հասցե):
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին, հուլիսի 6-ին և 7-ին տեղեկացրել էր նաև, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագրեր է ուղարկել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև, ՊՈԱԿ-ի և Վարշամ Ղարիբյանի միջև, ՊՈԱԿ-ի և Արայիկ Հայրապետյանի միջև, ՊՈԱԿ-ի և «Ռաֆիկ և Գոռ Գասպարյաններ» ՍՊԸ-ի միջև, ՊՈԱԿ-ի և «Սեդրակյան Հուսիկ և ընկերներ» ՍՊԸ-ի միջև, ՊՈԱԿ-ի և Խոսրով Ավետիսյանի միջև կնքված՝ Սևանա լճի ափամերձ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Ի պատասխան քաղաքացիների այն մտահոգության, թե «ինչո՞ւ եք ապամոնտաժում շենքը, եթե այն կարելի է տալ սոցիալապես անապահով ընտանիքներին», տեղեկացնենք, որ Սևանա լճի 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր տարածքները հանդիսանում են ջրածածկման ենթակա և ափամերձ պահպանության գոտի։ Կառավարության՝ 2008 թվականի դեկտեմբերի 18-ի 1563-Ն որոշմամբ սահմանված է, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները ներառում են «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը:
Այսպիսով՝ ապամոնտաժվող կառույցներն «այլ նպատակով փոխանցելու» առաջարկներն իրավական հիմք չունեն, քանի որ՝
Դրանք գտնվում են ջրածածկման ռիսկի ներքո և կարող են հայտնվել ջրի տակ,
Դրանց նկատմամբ սեփականության որևէ իրավունք չի կարող գրանցվել. արգելված է ՀՀ օրենսդրությամբ,
Դրանց գոյությունը վնասում է Սևանա լճի էկոհամակարգը, լճի մաքրությունն ու ջրի որակը»,- ասված է հաղորդագրությունում։

