Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
Հասարակություն
26.06.2026 | 19:25
Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Factor TV-ն նիստի օրակարգից տեղեկանում է, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդգրկվել է նիստի օրակարգում։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել այն զինապարտ քաղաքացիների համար, որոնք պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթի ընթացքում հրաժարվում կամ խուսափում են նշանակված առողջական վիճակի հետազոտությունից կամ փորձաքննությունից։
Ըստ առաջարկվող կարգավորման՝ քրեական պատասխանատվություն կսահմանվի նաև այն դեպքերում, երբ քաղաքացին հրաժարվում կամ խուսափում է հետազոտության կամ փորձաքննության շրջանակներում անհրաժեշտ նմուշ տրամադրելուց։ Այդ արարքի համար նախատեսվում է մեկից երեք տարի ժամկետով ազատազրկում։
Միաժամանակ, նախագծով նախատեսվում է, որ քաղաքացին կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում կամավոր անցնի նշանակված առողջական վիճակի հետազոտությունը կամ փորձաքննությունը, ինչպես նաև կամավոր տրամադրի անհրաժեշտ նմուշը։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությամբ արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսված զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու համար, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի, կեղծ բժշկական փաստաթղթերի կամ այլ խաբեության միջոցով։
Սակայն, ըստ հեղինակների, գործնականում հաճախ արձանագրվում են դեպքեր, երբ քաղաքացիները ծառայությունից ազատվել կամ տարկետում են ստացել առողջական վիճակի վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթղթերի հիման վրա, իսկ հետագայում, երբ քրեական վարույթի շրջանակում նշանակվում է լրացուցիչ հետազոտություն կամ փորձաքննություն, հրաժարվում են մասնակցել դրան կամ նմուշ տրամադրել՝ խոչընդոտելով փաստերի բացահայտմանը։
Հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի նվազեցնել կեղծ հիմքերով զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման դեպքերը, ինչպես նաև հնարավորություն տալ իրավապահ մարմիններին ամբողջական քրեաիրավական գնահատական տալ նման դեպքերին։
Արփի Հակոբյան

