«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
Հասարակություն
25.06.2026 | 22:19
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 50-ամյա կալանավորն արդեն 45 օր է՝ հացադուլի մեջ է։
«Կալանավորը հացադուլ է հայտարարել մայիսի 10-ին։ Առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում․ քաշի զգալի և գիտակցության ժամանակավոր կորուստներ կան, որովհետև երբ խոսում է՝ դրվագային է միտքը, հիշողության խանգարումներ կան։ Ահազանգել է, որ ուշագնացության վիճակում է եղել, ընկել է, հնարավոր է նաև որոշակի խնդիրներ լինեն այդ ընկնելու և հարվածի հետևանքով, որը մինչև վերջ, կարծես թե, հետազոտված չէ։ Կալանավորի գործով դատական նիստին դեռևս 4 օր կա, ստացվում է՝ նա այդ առողջական վիճակով դեռևս պետք է շարունակի մնալ հացադուլի մեջ, այնինչ ամեն ժամն է կարևոր նրա համար»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը, որը տեսակցել է կալանավորին։
Կալանավորի ինքնությունը և առաջադրված մեղադրանքը, հղում կատարելով անձնական տվյալների գաղտնիությունը, Քրեակատարողական ծառությունը Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան չի տրամադրել։ Հովհաննիսյանը նշեց՝ հացադուլ հայտարարելը կապված է քրեական գործի հետ։
«Հիմնական պահանջները կապված են քրեական գործի, վարույթն իրականացնող մարմնի հետ անհամաձայնությունների, խափանման միջոց կալանքի և այլ խնդիրների հետ, որոնք մասամբ բավարարվել են՝ կապված երեխաների տեսակցության և այլ հարցերի հետ։ Նրա խնամքին կան անչափահասներ, որոնք տեղափոխվել են խնամքի կենտրոն։ Բացի այդ, կալանավորը հացադուլավորների համար նախատեսված այն խցում էր, որտեղ պահվում էր նաև Արթուր Օսիպյանը․ այդ խցում պայմաններն անմարդկային էին, ուստի խմբի աջակցությամբ և միջամտությամբ փոխվել է նաև հացադուլի խուցը, այժմ չոր և ավելի տանելի պայմաններում է, համենայն դեպս այդ խուցն անմարդկային չի կարելի համարել»։
Հիշեցնենք՝ ազատ արձակվելուց հետո Օսիպյանը, նկարագրելով խցային պայմանները, ասել էր․ «Էդ բանտի պայմանները շատ ծանր էր. դուռն էինք բացում՝ կանալիզացիայի հոտն էր գալիս, պատուհանն էինք բացում՝ աղբանոցի հոտն էր գալիս: Միակ տարբերակն էն էր, որ սիգարետը էնքան ծխեինք, որ սիգարետի հոտով էդ հոտը խլացնեինք»։
Հունիսի 25-ի դրությամբ՝ ՀՀ քրեակատարողական 9 հիմնարկներից երեքում՝ «Նուբարաշեն»-ում, «Արմավիր»-ում և «Վանաձոր»-ում հացադուլ է իրականացնում 4 դատապարտյալ և 6 կալանավոր։ Factor TV-ի գրավոր հարցին ի պատասխան Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ բացի 45 օր հացադուլ հայտարարած անձից, այս պահին անազատության մեջ անձինք կան, որոնք համապատասխանաբար 30, 24, 16,13, 11, 7, 5 և երկու անձ էլ՝ 4-օրյա հացադուլի մեջ են։ Ըստ ՔԿԾ-ի՝ նրանցից 7-ը որպես պատճառ նշել է հարուցված քրեական գործերի հետ անհամաձայնությունը, 1-ը՝ առողջական խնդիրը, ևս երկուսն էլ նման ծայրահեղ քայլի են դիմել իրենց այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջով։
«Հիմնականում քրեական գործերի հետ կապված են հացադուլ հայտարարում անազատության մեջ գտնվող անձինք, իսկ դատարանները որևէ կերպ հաշվի չեն առնում բողոքի ձևերը, հիմնականում շատ երկարաձգվում են նիստերը, ինչի հետևանքով հացադուլը հաճախ ազդեցություն ունենալ չի կարող։ Ինչ վերաբերում է տեղափոխման և այլ առողջական խնդիրների հետ կապված հարցերին, դրանք շատ ավելի արագ կարող են լուծվել։ Տեղափոխումը՝ հենց Քրեակատարողական ծառայության լուծելիք խնդիրն է, որը կարող է արագացվել, իսկ առողջության հետ կապված հարցերը՝ կարող են որոշակի առաջնահերթության կարգով լուծվել Քրեակատարողական հիմնարկի կամ Առողջապահության նախարարության անմիջական աջակցությամբ և միջնորդությամբ»,- ընդգծում է իրավապաշտպանը։
Հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակի մասին տեղեկություն չի տրամադրվում, հիմք ընդունելով բժշկական գաղտնիքը։ Ավելի վաղ, Factor TV-ի հետ զրույցում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանը նշել էր, որ չի եղել դեպք, որ որևէ կալանավոր կամ դատապարտյալ շտապ օգնության կարիք ունենա ու չկանչվի։
«Բոլոր քրեակատարողական հիմնարկներում հացադուլի մեջ գտնվող անձինք, բոլոր ժամանակներում իրենց հացադուլի ընթացքում գտնվում են մշտական 24-ժամյա հսկողության տակ՝ բուժանձնակազմի կողմից։ Ու իրենց համար ցանկացած պահի, երբ որ կարիքը լինի, առողջական վիճակով պայմանավորված շտապօգնության կանչ, այդ կանչը տրվում է, եթե չի տրվել, նշանակում է՝ այդ պահի դրությամբ տվյալ անձի առողջական վիճակի գնահատումը շտապօգնության կանչի ցուցում չի ենթադրել։ Այսինքն, բոլորը գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ՝ դինամիկ, հեմոդինամիկ տվյալների չափումներով, կշռումներով և այլն, օբյեկտիվ զննումների արդյունքում բուժանձնակազմը պետք է գտնի, որ կարիք կա շտապօգնության կանչի։ Մենք ինքներս լիցենզավորված, հավաստագրված բուժօգնություն տրամադրող կազմակերպություն ենք, ունենք բժիշկներ, բուժքույրեր, դեղորայք՝ ամեն ինչ պատշաճ բուժօգնություն տրամադրելու համար։ Շտապօգնության կանչը պետք է լինի այն դեպքում, երբ անձի առողջական վիճակի վատթարացումը այնպիսինն է, որ տեղում բուժօգնության ծավալների անհամապատասխանություն կա, այսինքն՝ տեղում տրամադրված բուժօգնությունն այդ կարիքին չի բավարարում»։
Քրեակատարողական ծառայությունը, կրկին առանց մասնավորեցնելու, թե հացադուլ հայտարարած անձանցից որին Քրեական օրենսգրքի որ հոդվածով է մեղադրանք առաջադրված, Factor TV-ին ընդհանուր պատասխան է տրամադրել։ Ըստ այդմ՝ ծայրահեղ քայլի դիմած կալանավորները մեղադրվում են թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի իրացման, գողության նախապատրաստության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, սպանության հոդվածներով, իսկ դատապարտյալները ազատազրկված են ՄԻԱՎ վարակման, հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) հարկադրելուն, խուլիգանության, գույքի ոչնչացման կամ վնասման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վարելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, թմրամիջոցների իրացման, ՄԻԱՎ-ով անզգուշությամբ վարակելու հոդվածներով։
Ռոզա Վարդանյան

