ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
Քաղաքականություն
25.06.2026 | 20:46
Հայաստանի եվրոպական կուսակցության ֆինանսական հաշվետվություններում արձանագրված անհամապատասխանությունների հետևանքով կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը տուգանվել է ընդհանուր 200 հազար դրամով։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել է կուսակցության 2023 և 2024 թվականների ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի և գույքի մասին հաշվետվությունները և արձանագրել խախտումներ։ Ըստ հանձնաժողովի՝ կուսակցությունը երկու տարվա ընթացքում ստացել է չթույլատրված նվիրատվություններ, որոնք սահմանված կարգով չեն փոխանցվել պետական բյուջե։
Մասնավորապես, 2023 թվականին Հայաստանի եվրոպական կուսակցությունը ստացել է ընդհանուր 332 հազար դրամի չթույլատրված նվիրատվություն։ 2024 թվականին այդ գումարը կազմել է 947 հազար 200 դրամ։ Հանձնաժողովի որոշման համաձայն՝ կուսակցությունը չի ներկայացրել ապացույցներ, որ նշված միջոցները փոխանցվել են պետական բյուջե։
Խնդիրը կապված է նվիրատվությունների ձևակերպման կարգի հետ։ Որոշման մեջ նշվում է, որ նվիրատվություն կատարող անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը։ Տվյալ դեպքում այդ պահանջը չի կատարվել, ինչի հետևանքով նվիրատվությունները համարվել են չթույլատրված։
Հանձնաժողովը նաև ընդգծել է Տիգրան Խզմալյանի պաշտոնական պատասխանատվությունը։ Նա 2019 թվականի նոյեմբերի 13-ից հանդիսանում է կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը՝ նախագահը։ Այդ կարգավիճակով Խզմալյանը պարտավոր էր չթույլատրված նվիրատվությունները ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում դրանք փոխանցել պետական բյուջե։
Այսպիսով, հանձնաժողովը եզրակացրել է, որ կուսակցության օգտին ստացված չթույլատրված նվիրատվությունների մասով օրենքով սահմանված պարտականությունը չի կատարվել, ինչի համար Տիգրան Խզմալյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ ընդհանուր 200 հազար դրամի չափով։
Եվգենյա Համբարձումյան

