Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
Հասարակություն
22.06.2026 | 14:59
Հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով պետական բյուջե է փոխանցվել ևս 30 մլն դրամ։ Նախաքննության ընթացքում մինչ այդ հանցավոր ծագում ունեցող 674 մլն դրամ արդեն վերականգնվել էր։
«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 674 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 30 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։