Կալանքից ազատ է արձակվել Նորագավիթում 2 պատերազմների մասնակցի աղմկահարույց սպանության գործով ինքնաձիգից կրակահերթ արձակած մեղադրյալը

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նորագավիթում երկու պատերազմների մասնակից, 26-ամյա Մհեր Խաչատրյանի սպանության գործով ամբաստանյալ Նարեկ Ավետիսյանն ազատ արձակվեց կալանքից։ Factor TV-ն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ Վճռաբեկ դատարանը նրան  անհապաղ ազատ արձակելու որոշում է կայացրել։

Նշվում է, որ առաջին ատյանի դատարանը Նարեկ Ավետիսյանի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը քննել է առանց պաշտպանի մասնակցության, այն պայմաններում, երբ փաստաբանը պատշաճ ծանուցված չի եղել: Դատական նիստի ժամանակ Ավետիսյանը հայտարարել է, որ չի կարող ինքնուրույն պաշտպանվել և խնդրել է հարցը չքննել առանց իր փաստաբանի, սակայն դատարանն անտեսել է այս խնդրանքը։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ առանց պաշտպանի կալանքի հարց քննելը խախտում է կողմերի հավասարության և մրցակցության սահմանադրական սկզբունքները:

Վերաքննիչ դատարանն իր ժամանակին ընդունել էր, որ պաշտպանության իրավունքը խախտվել է, սակայն Ավետիսյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշումը թողել էր անփոփոխ՝ համարելով այն «ըստ էության ճիշտ»: Վճռաբեկ դատարանը, իր հունիսի 12-ի որոշումով, սա անթույլատրելի է համարել՝ նշելով, որ նման էական խախտմամբ կիրառված կալանքը չի կարող լինել իրավաչափ։

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանը՝ 2025 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելով և երկարաձգելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ 2025 թվականի հունիսի 12-ի որոշմամբ՝ թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումն արձանագրելու պայմաններում առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելով, թույլ են տվել ․․․խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, և առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի մայիսի 5-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 12-ի որոշումները բեկանելու հիմք են։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ սույն որոշմամբ արձանագրված՝ մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի անիրավաչափության վերաբերյալ հետևությունը հիմք է նաև նման խախտման պայմաններում կալանքի ժամկետը հետագայում երկարաձգելու մասին՝ Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի փետրվարի 19-ի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն որոշումը կայացնելու պահին՝ Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի մայիսի 25-ի որոշմամբ, մեղադրյալ Նարեկ Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 (երեք) ամիս ժամկետով, ուստի նրան պետք է անհապաղ ազատել կալանքից՝ հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները»,-նշվում է Վճռաբեկի որոշման մեջ։

Հիշեցնենք՝ 2024-ի հունիսի 13-ին Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է նույն թաղամասի 26-ամյա բնակիչ Մհեր Խաչատրյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը սպանվել է մի խումբ անձանց կողմից, ովքեր զինված են եղել ատրճանակով և ինքնաձիգով, իսկ դեպքի վայրում գտնված և ակտիվ դերակատարում ունեցող մի խումբ անձինք՝ կացնով և մահակներով։

Սպանության պատճառը եղել է թաղամասի անչափահաս, 2006 թ. ծնված բնակչի կողմից հորը՝ Ս.Հ.-ին պատկանող «Լադա 21114» մակնիշի ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ նույն թաղամասի մեկ այլ բնակչի՝ Մհեր Խաչատրյանի կողմից դիտողության արժանանալը, ինչից հետո պատանին կատարվածի մասին պատմել էր հորը, ով իր հերթին տեղի ունեցածի մասին տեղեկացրել էր ընկերոջը։ Տեսնելով, որ հանդիպման ընթացքում Ս.Հ.-ն ձեռքով հարվածում է Մհեր Խաչատրյանի դեմքին՝ Հ.Մ.-ն անմիջապես միջամտել է վիճաբանությանը և ատրճանակով կրակոցներ արձակել Մհեր Խաչատրյանի ուղղությամբ, որին միացել է Նարեկ Ավետիսյանը՝ ինքնաձիգով բազմաթիվ կրակոցներ արձակելով ու պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Գործով երեք անձ կալանավորվել էր, մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, երեք անձի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Նրանցից մեկը 38-ամյա Էդգար Կարաքեշիշյանն է, որը նախկինում դատվածություն է ունեցել՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարելու գործով։ Այս գործով դատվածությունն արդեն մարված է։

Եվգենյա Համբարձումյան