Հազարավոր ընտրողներ՝ Ռուսաստանից․ ո՞վ է կանգնած Միկա Բադալյանի նախաձեռնության հետևում

Լուրեր

01.06.2026 | 20:34
Քիչ է, շատ պիտի տային․ Սուքիասյանը՝ իր ընտանիքի և բիզնեսների կողմից ՔՊ-ին 52 մլն դրամ նվիրատվության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 20:25
Համակարգային առումով կալանքին առնչվող պրակտիկան Հայաստանում խնդրահարույց է. ՄԻՊ-ը՝ Արթուր Օսիպյանի դեպքի մասին
01.06.2026 | 20:13
Ռուսական գազից ավելի էժան տարբերակներ կան, այլ երկրներից ինձ ասել են․ Խաչատուր Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 20:00
Իշխանությունը Սամվել Կարապետյանին նախապայման է առաջարկել՝ չմտնել քաղաքականություն, կլուծվեն բոլոր հարցերը, Կարապետյանը չի համաձայնվել․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 19:48
Արթուրը խրամատում է կռվել. Փաշինյանը նրան նստեցրեց բանավեճում տանուլ տալու համար․ Օսիպյանի աջակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 19:38
Հազարավոր ընտրողներ՝ Ռուսաստանից․ ո՞վ է կանգնած Միկա Բադալյանի նախաձեռնության հետևում
01.06.2026 | 19:28
Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ միջազգային գործընկերներից ստանում է շնորհավորական ուղերձներ
01.06.2026 | 19:15
Եթե ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գանք՝ ՌԴ-ն կթուլանա, իսկ դա Ադրբեջանի և Թուրքիայի շահից է բխում․ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անդամ չենք դառնա․ Վաղարշակ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 19:03
Թուրքիան և Ադրբեջանը 15 տարվա պայմանագիր են կնքել 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ
01.06.2026 | 18:44
Goal.com-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը
01.06.2026 | 18:30
Վարչապետ դառնամ՝ կսկսենք Արցախն ազատագրել՝ աֆրիկացի և ֆիլիպինցի վարձկաններով․ ուրիշ ձև չկա․ Արտակ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 18:27
«Սամոյին ըսինք, կարգին փող տայիր, հելնեինք դրան գյուլեինք պրծնեինք»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.06.2026 | 18:19
ՌԴ կառավարությունն արգելել է ավիացիոն վառելիքի արտահանումը
01.06.2026 | 18:10
Թրամփը՝ ՀՀ-Ադրբեջան նոր քննարկումների մասին // Խուզարկություն «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ ԼՈՒՐԵՐ
01.06.2026 | 18:00
ԵՏՄ երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն Հայաստանի շուրջ բոլոր նրբությունները․ Պեսկով
Բոլորը

Մայիսի 31-ին բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում հայտարարեց, թե «հիանալի նորություն» ունի Ռուսաստանում բնակվող հայերի համար։ Նրա խոսքով՝ հնարավորություն է ստեղծվել կազմակերպելու նրանց մեկնումը Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար։ Ցանկացողներին նա հորդորեց շտապ գրել իրեն՝ նշելով, որ գրանցման գործընթացը կավարտվի «այսօրվա և վաղվա ընթացքում»։

Factor TV-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սա Բադալյանի առաջին նման հայտարարությունը չէր։ Մայիսի 1-ին նա արդեն հայտարարել էր, որ իրենք հատել են 1000 մարդու շեմը, որոնց, ըստ նրա, հաջողվել է օգնել ՌԴ-ից Հայաստան մեկնելու տոմսերի հարցում։ Բադալյանը վստահեցրել էր, որ այդ թիվը «բազմապատիկ կաճի», և հունիսի 7-ին Ռուսաստանում բնակվող «բազմաթիվ հայ հայրենասերներ» կգան Հայաստան՝ կատարելու իրենց «քաղաքացիական պարտքը»։

Սակայն չկա որեւէ տեղեկություն այն մասին, թե ո՞վ է ֆինանսավորում այդ գործընթացը, ի՞նչ մեխանիզմով են ընտրվում շահառուները, և ինչո՞ւ է Ռուսաստանում բնակվող ընտրողների տեղափոխման հարցը ստանձնել հենց Միկա Բադալյանը։

Ո՞վ է Միկա Բադալյանը

Բադալյանը հանրային դաշտում ներկայանում է որպես բլոգեր, «Ազատագրում» շարժման առաջնորդ և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման ակտիվ կողմնակից։ «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայքում նա ներկայացված է որպես կառույցի խորհրդի անդամ։

Հանրությանը Բադալյանն առավել հայտնի դարձավ 2022 թվականի ապրիլին, երբ ձերբակալվեց ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու կասկածանքով։ Բադալյանը կալանավորեց, սակայն  ամիսներ անց ազատ արձակվեց գրավի դիմաց։

Դրան նախորդել էր նրա տեղափոխությունը հիվանդանոց։ Այդ ժամանակ նրա փաստաբանները եվ մի շարք պրոռուսական գործիչներ հայտարարում էին,  թե Բադալյանի առողջական վիճակը  ծանր է և անհամատեղելի  կալանքի հետ, և որ նա ունի հատուկ խնամքի կարիք։ Ազատության մեջ հայտնվելուց 2 օր անց, սակայն,  նա արդեն մասնակցել էր, իր խոսքերով, «հակառուսական ցույցը ճնշելու» ակցիայի, որի ժամանակ կրկին բերման էր ենթարկվել ոստիկանություն, այնուհետև ազատ արձակվել։

Այդ գործին հաջորդեց Ռուսաստանի ԱԳՆ-ի ուղերձը։ Մոսկվան, մեկնաբանելով Հայաստանում մի շարք հասարակական և քաղաքական գործիչների նկատմամբ գործընթացները, հայտարարեց, որ աջակցում է այն ուժերին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու օգտին։

2022-ի մայիսի 21-ին Միկա Բադալյանը տելեգրամյան ալիքում գրել էր՝ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը հաղորդում է, թե կապիկի ծաղիկի աղբյուրը Հայաստանում գործող արևմտյան բիոլաբորատորիաներն են։ Բադալյանը  հաղորդել էր նաև, որ վերջին 3 օրերին վարակվածության 350 դեպք է արձանագրվել Հայաստանում։ Որոշ ժամանակ անց նա ստիպված էր եղել հեռացնել գրառումը՝ այդ ակնհայտ ապատեղեկատվության հերքումից հետո։ 

Ավելի ուշ՝ 2023 թվականի սեպտեմբերին,  Բադալյանն ու ևս մի քանի անձ ձերբակալվեցին Սյունիքում։ Ըստ հաղորդումների՝ նրանց մոտ հայտնաբերվել էին ապօրինի զենք և զինամթերք։ Սակայն հաջորդ օրը Բադալյանն ազատ արձակվեց։ Այս անգամ էլ ռուսական կողմը արձագանքեց։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կատարվածը որակեց որպես սադրանք՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների փչացմանը։

Շուրջ մեկ տարի անց Բադալյանը նորից հայտնվեց  ուշադրության կենտրոնում։ 2024 թվականի հունիսի 18-ին նա Երևանում  հայտարարեց «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության (Автономная некоммерческая организация «Евразия») գործունեության մեկնարկի մասին։ Կառույցի գլխավոր գրասենյակը Մոսկվայում է։

Արդեն հուլիսին հայտնի դարձավ, որ Բադալյանին արտաքսել են Մոլդովայից՝ Քիշնև ժամանելուց հետո։ Նա այնտեղ էր մեկնել «Եվրասիայի կամավորներ» ծրագրի շնորհանդեսին մասնակցելու նպատակով։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ որոշումը որակեց քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Ի՞նչ է «Եվրասիան»

«Եվրասիա»-ն իր գործունեությունը ներկայացնում է որպես հումանիտար, կրթական, մշակութային և ինտեգրացիոն նախագիծ հետխորհրդային տարածքի համար։ Կառույցի պաշտոնական ձևակերպմամբ՝ դրա նպատակը հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումն է՝ ժողովուրդների ազգային ինքնության պահպանմամբ։

Սակայն կազմակերպության հոգաբարձուների խորհրդի կազմը հուշում է, որ խոսքը միայն մշակութային կամ կրթական նախաձեռնության մասին չէ։ Խորհրդում ընդգրկված են Ռուսաստանի իշխանական համակարգի հետ սերտ կապեր ունեցող գործիչներ, պետական մեդիայի ներկայացուցիչներ և պատժամիջոցների տակ գտնվող անձինք։

«Եվրասիա»-ի հոգաբարձուների խորհրդի անդամները

Այդ ցանկում առանցքային անուններից է Իլան Շորը՝ Մոլդովայի ռուսամետ քաղաքական դաշտի ամենահայտնի և վիճահարույց դերակատարներից մեկը։ Շորը կենտրոնական դեմք է եղել Մոլդովայի 2014 թվականի բանկային սկանդալում, որը հայտնի է որպես «դարի գողություն»․ երկրի բանկային համակարգից անհետացել էր շուրջ 1 միլիարդ դոլար։

Քաղաքական առումով Շորը կապվում է Մոլդովայում ռուսամետ բևեռի ձևավորման, զանգվածային բողոքների կազմակերպման, ապակայունացման փորձերի, ընտրական կոռուպցիայի և ձայների գնման մեղադրանքների հետ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նրա նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել՝ հայտարարելով, որ նա գործել է Ռուսաստանի կառավարության օգտին՝ Մոլդովայի ընտրական գործընթացներին միջամտելու և երկիրը Ռուսաստանի ազդեցության գոտի վերադարձնելու նպատակով։

«Եվրասիա»-ի հետ Շորի կապը միայն գաղափարական չէ։ Կազմակերպության կայքում նշվում է, որ Շորի «Հաղթանակ» քաղաքական բլոկը և «Եվրասիա»-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան համագործակցության հուշագիր են ստորագրել միջազգային գործունեության ոլորտում։ 

Արշինովան ևս պատահական մարդ չէ։ Նա «Եդինայա Ռոսիա»-ի հետ կապված գործիչ է, Դումայի պատգամավոր և հայտնվել է միջազգային պատժամիջոցների տակ՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններին աջակցելու համար։

Խորհրդի մեկ այլ անդամ՝ Մարգարիտա Սիմոնյանը, ղեկավարում է Russia Today-ն՝ Ռուսաստանի պետական ֆինանսավորմամբ գործող արտաքին քարոզչական կարևորագույն հարթակներից մեկը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը և ֆինանսների նախարարությունը Սիմոնյանին նկարագրել են որպես Կրեմլի տեղեկատվական քաղաքականության առանցքային դեմքերից մեկը։

Խորհրդում ընդգրկված է նաև Անդրեյ Կոնդրաշովը՝ պետական ՏԱՍՍ գործակալության ղեկավարը, որը 2018 թվականին եղել է Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի մամուլի խոսնակը։ Նա ևս ներառված է ԵՄ պատժամիջոցների ցուցակում։

Այսպիսով, «Եվրասիա»-ի շուրջ ձևավորված միջավայրը ոչ միայն հասարակական կամ մշակութային է, այլև հստակ քաղաքական, տեղեկատվական և աշխարհաքաղաքական։

«Եվրասիա»-ն և Մոլդովայի փորձը

Կազմակերպության անունը հատկապես հաճախ է շրջանառվել Մոլդովայի ներքաղաքական գործընթացների համատեքստում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2025 թվականի ապրիլի 2-ին պատժամիջոցներ է սահմանել «Եվրասիա»-ի նկատմամբ՝ այն բնութագրելով որպես պրոռուսական դերակատարների ցանց, որը Մոլդովայում գործում է փախուստի մեջ գտնվող օլիգարխ Իլան Շորի անունից։

Բրիտանական կողմի գնահատմամբ՝ կառույցը ներգրավված է եղել Մոլդովայի ժողովրդավարությունը ապակայունացնելու և Ռուսաստանի վնասակար ազդեցությունը տարածելու գործողություններում։ Միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Եվրասիա»-ն մեղադրվել է նաև Մոլդովայի՝ ԵՄ անդամակցության հանրաքվեի վրա ազդելու փորձերի մեջ։ Ըստ այդ հաղորդումների՝ կազմակերպության միջոցով գումարներ են փոխանցվել քաղաքացիներին՝ քվեարկության վարքագծի վրա ազդելու նպատակով։

Եթե այս մեղադրանքները դիտարկվեն Բադալյանի ներկայիս հայտարարությունների համատեքստում, ապա զուգահեռներն ավելի հստակ են դառնում։  Մոլդովայի դեպքում խոսքը եղել է ընտրական գործընթացի վրա արտաքին ազդեցության, ֆինանսական խթանների և կազմակերպված ցանցերի մասին։ Հայաստանի դեպքում Բադալյանը հայտարարում է Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիների համար Հայաստան մեկնելու աջակցության մասին, սակայն չի բացահայտում ֆինանսավորման աղբյուրը։

Բադալյանի առաջարկը՝ ընտրական աջակցության, թե՞ քաղաքական մոբիլիզացիայի գործիք

Բադալյանի ձևակերպմամբ՝ նպատակը պարզ է․ օգնել Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներին գալ Հայաստան և մասնակցել ընտրություններին, քանի որ արտերկրում նրանք քվեարկելու հնարավորություն չունեն։ Նա պնդում է, որ արդեն օգնել է հազարավոր մարդկանց և հույս ունի, որ սեղմ ժամկետներում կկարողանա օգնել ևս հազարավորների։

Իր հրապարակած տեսանյութերում Բադալյանը չի պարզաբանում, թե ինչ միջոցներով են գնվում տոմսերը, ովքեր են աջակցողները, ինչ սկզբունքով են ընտրվում մարդիկ և արդյոք այդ գործընթացն ունի քաղաքական ուղղորդում։

Factor TV-ն դիմեց Բադալյանին՝ խնդրելով  պարզաբանել, թե ով է ֆինանսավորում ծրագիրը, քանի մարդ է մինչ այժմ օգտվել դրանից, ինչ չափանիշներով են ընտրվում շահառուները և ինչ կազմակերպություններ կամ անձինք են ներգրավված դրա իրականացման մեջ։ Բադալյանը, ի պատասխան մեր հարցման, նշեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է բացառապես հայ բարերարների կողմից, «ովքեր ցանկանում են օգնել մեր քաղաքացիներին կատարել իրենց քաղաքացիական պարտքը»։

«Կա միայն մեկ չափանիշ. անձը պետք է ունենա քվեարկելու իրավունք։ Որևէ պայման կամ հաշվետվության պահանջ գոյություն չունի»,-ասաց նա։

Հարցին՝ կարո՞ղ է ներկայացնել նվիրատուների ցանկը, Բադալյանը պատասխանեց․ նրանք հրապարակայնություն չեն ուզում։

Այնուամենայնիվ՝ նկատենք, որ  «Եվրասիա»-ի նախապատմությունը, դրա ղեկավար և խորհրդատվական շրջանակների կազմը, Իլան Շորի հետ կապերը, Մոլդովայի ընտրական գործընթացների շուրջ առկա մեղադրանքները, ինչպես նաև Միկա Բադալյանի սեփական կենսագրությունն ու ռուսական պետական շրջանակների հետևողական աջակցությունը բավարար հիմք են տալիս նրա հայտարարություններին վերաբերվելու ոչ թե որպես սովորական բարեգործական կամ քաղաքացիական նախաձեռնության, այլ որպես քաղաքականապես զգայուն և լրացուցիչ ստուգման կարիք ունեցող գործընթացի։

 

Եվգենյա Համբարձումյան