Իբրահիմովիչը և Ալեգրին կռվի են բռնվել ռեստորանում․ աղբյուր
Իտալական «Միլանի» ղեկավարության ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչը մրցաշրջանի ընթացքում կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Մասիմիլիանո Ալեգրիի հետ, գրում է Sempremilan.com-ը։
Մայիսի 25-ին «Միլանը» հեռացրել էր Ալեգրիին և ակումբի ղեկավար կազմին։
Ավելի ուշ Corriere della Sera թերթը հրապարակել է հետաքրքիր մանրամասներ՝ պատմելով Իբրահիմովիչի և Ալեգրիի միջև եղած կոնֆլիկտի մասին։ Հոդվածի հեղինակի խոսքով՝ անվանի ֆուտբոլիստը, որը չէր սիրում ոչ Ալեգրիին, ոչ էլ ակումբի նախկին մարզական տնօրեն Իգլի Տարեին, լրջորեն վիճել է մարզիչի հետ ռեստորանային ընթրիքի ժամանակ։ Վիճաբանությունն այնքան է սրվել, որ գրեթե վերածվել է ծեծկռտուքի, և Իգլի Տարեն ու «Միլանի» նախկին գլխավոր տնօրեն Ռորջիո Ֆուրլանին ստիպված են եղել բաժանել Իբրահիմովիչին ու Ալեգրիին։
Կոնֆլիկտի պատճառներից էին այն խոսակցությունները, որոնք շվեդը վարում էր մարզիչի թիկունքում՝ խաղացողների և Ալեգրիի հայտնի քննադատ Անտոնիո Կասանոյի հետ, ինչպես նաև տարաձայնությունները տրանսֆերային քաղաքականության շուրջ։ Օրինակ՝ հեղինակը պնդում է, որ Իբրահիմովիչը շփվել է ֆրանսիացի կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանայի և պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաոյի հետ՝ նրանց տալով տակտիկական խորհուրդներ, որոնք տարբերվել են մարզիչի՝ մարզումների ժամանակ տված ցուցումներից։
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության վերջին տուրում «Միլանը» 1։2 հաշվով տնային պարտություն էր կրել «Կալյարիից» ու նահանջել 5-րդ տեղ՝ չկարողանալով նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։