Ինչպես պետք է քվեարկի հաշմանդամություն ունեցող անձը․ խնդիրների և առաջարկվող բարելավումների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.05.2026 | 21:25Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 483 հազար քաղաքացիներից ավելի քան 100 հազարը հաշմանդամություն ունեցող անձինք են։ Նրանք հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն։
Ի՞նչ է պարտավորեցնում ընտրական օրենսգիրքը․ ընտրական իրավունք ունեցող բոլոր քաղաքացիների համար ապահովել ընտրական իրավունքի իրականացման հավասար պայմանաններ:
«Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար այն մատչելի դարձնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել լրացուցիչ հնարավորություններ` ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը»,- նշվում է Ընտրական օրենսգրքի հոդված 65-ի 8-րդ մասում:
Հենաշարժական, տեսողության, լսողության և մտավոր խնդիր ունեցողներ․ այս չորս խմբի ընտրողներին է առանձնացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշմանդամություն ունեցող ավելի քան 100 հազար ընտրողների շրջանում։
«Հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի պարզեցված է․ իրենք կարիք չունեն գնալու լիազոր մարմին կամ անպայման էլեկտրոնային ստորագրություն ունենալու, իրենք կարող են հաշմանդամությունը փաստող փաստաթուղթը կցել իրենց դիմումին և այդ ընթացակարգով դիմել լիազոր մարմին և համակարգչի առջև նստած փոխել իրենց տեղամասային կենտրոնը և ընդգրկվել այն տեղամասում, որը մատչելի է»,- ասում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյանը։
ԿԸՀ-ի կայքում ավելի քան 2000 ընտրատեղամասերից առանձնացվել և մակնշվել են բոլոր այն տեղամասերը, որոնք մատչելի կամ մասամբ մատչելի են այս կամ այն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ավելին՝ նրանք կարող են քարտեզի վրա նկարներով տեսնել տեղամասերը և գնահատել դրանց մատչելիությունը իրենց համար։
«Մենք մատչելիության գնահատում իրականացնում ենք ոչ միայն հենաշարժողական խնդիր ունեցող անձանց համար, այլև տեսողական խնդիր ունեցող անձանց համար, և իհարկե, բրալյան գրառությամբ, եթե կան դպրոցներ, հաստատություններ, որոնք բրալյան գրառություններ ունեն, դա ևս դիտարկված են»,- հավելում է Տերչանյանը։
Մտավոր խնդիր ունեցողների համար ԿԸՀ-ն հաշմանդամության բոլոր խմբերին վերաբերելի վարվեցողության կանոնների ուղեցույցներ է պատրաստել, իսկ լսողության խնդիր ունեցողների համար՝ իրազեկման նյութեր միաժամանակյա ժեստերի լեզվի թարգմանությամբ և տողատակերով գրված ձևաչափով։
Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շեշտում է, որ յուրաքանչյուր ընտրությունից առաջ փորձում են ավելի բարելավել և հավասար պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքն իրացնելու համար, խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված։
Ընդ որում, խնդիր է ոչ միայն մատչելի ընտրատեղամաս հասնելը, այլև քվեարկության սենյակում տեղաշարժվելը։
«Եթե մարդը հաջողությամբ հասել է տեղամասային կենտրոն, հաջորդ հաղթահարելի դժվարությունը կարող է լինել մուտքի մոտ՝ սկսած բակային տարածքից, որ կարող է անմխիթար վիճակում լինել, հարթ տարածք չլինել, որ կարող են ջրափոսեր լինել, թեքահարթակը բացակայի, աստիճանները շատ լինեն և այլն։ Տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ ևս կարող են դժվարությունների բախվել՝ այդ թվում ինչպես հասնելու, այնպես էլ քվեասենյակի ներսում տեղաշարժվելու, ինքնուրույն քվեարկելու հարցում»,- ասում է «Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը։
Հաշմանդամություն ունեցող անձինք բազմաթիվ դժվարությունների են հանդիպում նաև մինչև ընտրության օրը՝ քարոզարշավային փուլում։
«Իրենց տեսանյութերը ժեստերի լեզվով ունենալու, իրենց նախընտրական ծրագրերը ձայնային տարբերակով ունենալու պահանջներ օրենսդրությամբ նախատեսված չեն և կուսակցություններն էլ շատ ոգևորված և տոգորված չեն նման բաներ անելու հարցում»,- ընդգծում է Հովսեփյանը:
Հաշմանդամություն ունեցող ավելի քան 100 հազար քաղաքացուց քանի՞սը կմասնակցեն ընտրություններին, արդյո՞ք կկարողանան առանց խոչընդոտների հասնել ընտրատեղամաս, հետո՝ քվեասենյակ և, ի վերջո, հավասար պայմաններում իրացնել իրենց ընտրելու իրավունքը, պարզ կդառնա հունիսի 7-ից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան
Անի Թամրազյան