Մերժում՝ առանց բացատրության. ինչու է ՀԱՀ-ը թերի պատասխաններ տալիս դիմորդին
Հասարակություն
14.04.2026 | 21:45
Արմենը (անունը փոխված է – խմբ․) արդեն 10 ամիս փորձում է ստանալ մի պարզ հարցի պատասխան՝ ինչու՞ չի ընդունվել նախընտրած համալսարանը։ Անցած տարվա մարտ-ապրիլ ամիսներին նա դիմել էր Հայաստանի Ամերիկյան համալսարան՝ ընդունվելու բակալավրի ծրագրով, սակայն հուլիսին ստացել է մերժում՝ առանց որևէ հիմնավորման։
«Համալսարանից փորձել եմ պատճառ ստանալ՝ ինչո՞ւ չեմ ընդունվել, ըստ իրենց՝ իրենք իրավունք ունեն պատճառ չտրամադրել դիմորդին։ Բայց ես հետաքրքրվել եմ ու իմացել, որ բոլոր տարիներին պատասխան տրամադրվել է։ Այսինքն՝ դիմորդը հնարավորություն է ունեցել իմանալ իր չընդունվելու պատճառը։ Ու 2025-ին առաջին անգամ պատասխան չի տրամադրվել։ Մենակ ես չեմ, որ այս խնդրով դժգոհում եմ, շատ դիմորդներ կան»,- ասաց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ եթե համալսարանը փոփոխություն է կատարել իր կարգում, պետք է դիմորդներին տեղեկացներ այդ մասին, այնինչ Արմենը վստահեցնում է, որ ընդունելության կարգում այդ մասին ոչինչ նշված չի եղել։
Մինչ այդ, սա միակ խնդիրը չէ, որին բախվել է դիմորդը։ Արմենի դիմումի մեջ տեխնիկական սխալ է եղել։ Նա նկատել է, որ իր դիմումի մեջ «մասնագիտություն» պարտադիր դաշտը, որն առանց լրացնելու հնարավոր չէր ուղարկել հայտը, համակարգում դատարկ է հայտնվել։

«Իրենց կանոնակարգով՝ մինչև դիմումն ընդունելության բաժին հասնելը, այն անցնում է տեխնիկական զննում։ Ես ստացել էի հաստատող նամակ, որ դիմումս որևէ տեխնիկական խնդիր չունի։ Բայց արդյունքների հրապարակումից հետո տեսա, որ այդ դաշտը բաց է մնացել։ Միայն այդ դաշտն էր «մաքրվել», մնացածը կային»,- պատմում է Արմենը՝ հավելելով, որ իր ծանոթներից և ոչ մեկի մոտ նման սխալ չի եղել։
Օրեր առաջ մեր զրուցակիցը նկատել է, որ նույն դաշտում մասնագիտություն բաժինն արդեն լրացված է ցույց տալիս։
Հուլիսին Արմենը հանդիպել է ընդունող հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինը հորդորել է հարցում ուղարկել համալսարանի իրավաբաններին։ Դրան հաջորդել է նամակագրությունների շարքը․ օգոստոսին՝ անձնական հարցում, սեպտեմբերին՝ փաստաբանի միջոցով։ Պատասխանները եկել են ուշացումով (մինչև 2026-ի հունվար), բայց այդպես էլ չեն պարզաբանել տեխնիկական սխալի պատճառը։
«Ես զանգեցի իրենց համալսարանի իրավաբանին, իրավաբանն ասում է՝ կրկնակի հարցում ուղարկեք։ Ասում եմ՝ արդեն երկու անգամ ուղարկել եմ։ Ասում է՝ մենք պատասխանատու չենք։ Զանգում եմ տարբեր բաժիններ, մեկը մյուսի վրա են գցում։ Փաստացի, իրենց կողմից սխալ է եղել, որի պատճառը ես ուզում եմ իմանալ, որովհետև շատ հնարավոր է՝ դա ազդել է իմ ընդունելության որոշման վրա։ Փաստացի անգործություն է․ նամակին պատասխանում են, բայց ոչ լիարժեք»,- նշում է նա։
Համալսարանն Արմենին հայտնել է, որ իրենք իրավունք ունեն պատճառ չտրամադրելու դիմորդին։ Արմենի պնդմամբ, սակայն, բուհի աշխատակիցները մասնավոր զրույցներում ասել են, թե սա առաջին տարին է, որ նման քաղաքականություն է որդեգրվել՝ դիմորդների մեծ թվի պատճառով։ Մինչ այս, բոլոր դիմորդները հնարավորություն են ունեցել իմանալ մերժման պատճառը։ Արմենի պնդմամբ՝ սա խախտում է իր «օրինական ակնկալիքի» իրավունքը։
«Դիմորդները չէին կարող կանխատեսել, որ կարգ է փոխվել, քանի որ այդ մասին ոչ մի տեղ գրված չի եղել։ Եթե ես իմանամ պատճառը, կհասկանամ՝ իմաստ ունի՞ մյուս տարի դիմել նույն համալսարան, թե՞ ոչ»,- ասում է մեր զրուցակիցը։
Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը հայտնել է, որ 2025 թվականի սկզբից հաստատվել է ընդունելության որոշումների բողոքարկման պաշտոնական ընթացակարգ։ Համալսարանի փոխանցմամբ՝ դրա ներդրումից հետո սա միակ պաշտոնական և ընդունված մեխանիզմն է, որի միջոցով դիմորդները կարող են վերանայման դիմում ներկայացնել ընդունելության որոշումների վերաբերյալ։
«Անձանց տվյալների գաղտնիության ապահովման նկատառումներից ելնելով՝ մենք չենք կարող կոնկրետ տեղեկատվություն տրամադրել երրորդ անձանց որևէ դիմորդի վերաբերյալ: Այս դեպքում, սակայն, կարող ենք նշել, որ դիմորդն ինքն իրավասու է դիմել և ստանալ իրեն առնչվող տեղեկությունները, ինչն էլ վերջինն արել է։ Հայտնում ենք նաև, որ գործընթացում տեխնիկական խոտան չի եղել»,- ասված է համալսարանի պաշտոնական պատասխանում։
Արմենը դիմել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Նախարարությունից պատասխանել են, որ դա բուհի ներքին կանոնակարգն է և խորհուրդ են տվել դիմել դատարան, ՄԻՊ-ից էլ հայտնել են, որ բուհն անկախ հաստատություն է, իրենք չեն կարող միջամտել։
Արմենի խոսքով՝ ընդունելության կոմիտեի նախագահը նրան ասել է, որ կարող է մյուս տարի դիմել։
«Բայց տրամաբանական հարց է առաջանում․ եթե չգիտեմ, թե ինչի համար եմ մերժվել, ի՞նչ իմաստ ունի մյուս տարի ևս դիմել, որովհետև չգիտեմ՝ խնդիրը որ դաշտում է»,- ասում է նա։
Արմենի կարծիքով՝ եթե դիմորդը ժամանակ ու գումար է ծախսում քննություններին պատրաստվելու համար, ապա նվազագույնը պետք է ստանա հիմնավորված պատասխան, թե ինչու է իր հայտը մերժվել։
Անի Թամրազյան