Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ ավարտվեց հրավիրված Եպիսկոպոսաց հավաքը․ տարբեր քրգործերով մեղադրյալի աթոռին հայտնված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսները հավաքին միացել էին Էջմիածնից՝ առցանց, երկու տասնյակ բարձրաստիճան հոգևորականներ էլ՝ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում էին։ Որպես քննարկումների ամփոփում հայտարարություն տարածվեց 25 եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների անունից՝ դատապարտելով եկեղեցականների նկատմամբ քրեական հետապնդումները և վերահաստատելով հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

«Վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները, հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին, իսկ առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից»,- ասվում է հայտարարությունում։ 

Հայտարարության մեջ հիշատակվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, եկեղեցու բարենորոգման ծրագրին միացած բարձրաստիճան հոգևորականները։ Նրանց կոչ է արվում ձեռնպահ մնալ հակականոնական գործողություններից․ 

«Հորդորում ենք խոտորյալ 8 սրբազաններին գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի և ծառայական կոչման գիտակցությամբ, ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել բացառապես Եկեղեցու լիազոր ատյաններում։ Այս շրջագծում Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ եկեղեցաբանորեն անընդունելի է և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը»։ 

Ուշագրավ է, որ  հայտարարության տակ ստորագրածների թվում նշված է նաև տարեսկզբին Փաշինյանի՝ «եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզի ծրագիրը» հեռավար կարգով ստորագրած ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Նա հրապարակային դեռ չի անդրադարձել իր կողմից հայտարարությանը միանալուն։ Հարց է ծագում՝ հիմա հոգևորականը ո՞ր թևում է․

«Ես լսել էի, որ ճնշումներ են եղել իր վրա երկու եպիսկոպոսի կողմից՝ ժողովի ժամանակ։ Չգիտեմ ինչ տեսակ ճնշումների մասին ա խոսքը։ Եվ ես չեմ հասկանում, օրինակ, էս մարդը ինչից ելնելով պետք ա ստորագրեր էդ ամեն ինչի տակ, ու չգիտեմ՝ ստորագրել ա թե ոչ։ Միգուցե պարզվի, որ էս մարդը որևէ կարծիք չէր արտահայտել իրենց ընդունված ձևով, իրենք ուղղակի բռնել են էդ մարդու անունը գրել են։ Դրա համար եմ ասում՝ եթե հիմա էս սկզբից էսպես բռնեմ ինչ-որ բան ասեմ, կարծիք արտահայտեմ, հնարավոր ա հետո պատկերը այլ լինի ու ես սխալված լինեմ»,- նշում է կարգալույծ հռչակված, սակայն դատարանի կողմից մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը պաշտոնին թողնված հոգևորական։ 

Նրա խոսքով՝ իրենք դեռ չեն խոսել արքեպիսկոպոսի հետ, չգիտեն՝ արդյո՞ք ինքն է միացել հայտարարությանը, ճնշումներ եղե՞լ են, ինչո՞ւ տեքստը ստորագրված չէ։ 

Բացի այդ, Հովնան արքեպիսկոպոսն այլ օրակարգով էր Ավստրիա մեկնել․ «Օրակարգը ամենավերջին օրը նոր բացահայտվեց, այսինքն թե ինչ օրակարգով են իրենք հանդես գալու։ Եթե վախենալու բաներ չունեին, հանրությանը կարող էին պարզաբանել, առհասարակ էդ հավաքը ինչի՞ համար է»։ 

Այնինչ, ոչ թե հավաք, այլ ժողով պետք է տեղի ունենար․ մեկնումից երկու օր առաջ՝ ոչ աշխատանքային օրով հայտնի դարձավ, որ Գարեգին Բ-ն մեղադրյալի աթոռին է՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Մեղադրանքից անմիջապես հետ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց երկիրը լքելու արգելքը։

«Սա մի ծրագիր է եկեղեցու դեմ: Եվ այդ ծրագրի ընթացքում ամեն կերպ ուզում է ապացուցվել, որ եկեղեցին պիտի անի այն, ինչ-որ մենք ենք ուզում: Որ եկեղեցին պիտի դառնա պետության մի կցուրդ, և այդ կցուրդը պիտի շարունակի այն քաղաքական ուժերի ցանկությունը, որ իրենք ունեն»,- հավաքից առաջ ասում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան:

Փաշինյանը, սակայն, համաձայն չէ մեղադրանքների հետ, ավելի վաղ, անդրադառնալով եպիսկոպոսաց ժողովն Ավստրիայում անցկացնելուն, այլ վարկած էր առաջ բերում․

«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»։

Հենց այսպես, արդեն շուրջ ութ ամիս է միմյանց հասցեին մեղադրանքները չեն դադարում,  մեկը մյուսի հետևից մեղադրյալի աթոռին, նաև՝ բանտում են հայտնվում տարբեր աստիճանի հոգևորականներ։ Մայր Աթոռն իր հերթին կարգալույծ է հռչակում Փաշինյանի օրակարգին աջակցած հոգևորականների։  Նախորդ շաբաթ  մեղադրյալի կարգավիճակ ստացած Ամենյան հայոց կաթողիկոսը մինչ օրս անձամբ որևէ մեկնաբանություն չի տվել իր, իր հարազատների և Մայր Աթոռի շուրջ իշխանության մեղադրանքների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան