Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել
Հասարակություն
10.02.2026 | 15:11Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ հունվարի 28-ին Արևշատ գյուղի 45-ամյա և Նշավան գյուղի 37-ամյա երկու բնակիչ Արևշատ գյուղի հարակից դաշտում շնամարտ են կազմակերպել։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 45-ամյա տղամարդը հրավիրվել է Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը։
«Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։
ՆԳՆ-ից միաժամանակ հիշեցնում են, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։