Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ո՞րն է եղել հասարակական գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու շարժառիթը․ դեպքից 10 օր անց այս հարցի պատասխանը դեռ պարզ չէ։ Այս պահին գործով 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նրանցից 4-ի փաստաբանը Պետրոս Պետրոսյանն է։ Factor TV-ի հետ զրույցում նա ասաց, որ  իր պաշտպանյալներին կալանքի են տարել, սակայն դատարանները երկուսին կալանավորելու միջնորդությունը մերժել են, իսկ մյուս երկու մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։ Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումներում ենթադրյալ հանցագործության շարժառիթի վերաբերյալ նշում առկա չէ։ Փաստաբանը նաև նշեց, որ իր պաշտպանյալները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Ճանաչո՞ւմ են արդյոք մեղադրյալները Միհրան Հակոբյանին, նրանցից յուրաքանչյուրն ի՞նչ դերակատարություն է ունեցել ենթադրյալ հանցավոր արարքի կատարմանն ըստ վարույթն իրականացնող Քննչական կոմիտեի։ Այս հարցերին ի պատասխան Պետրոս Պետրոսյան ասաց, որ  իր պաշտպանյալները չեն ընդունում մեղադրանքը, բայց այլ մանրամասներ չհայտնեց, քանի որ զգուշացվել է նախաքննական տվյալներ հրապարակելու վերաբերյալ։

«Բայց  կարող եմ ասել,  որ իրանց մեղադրանքը փաստահեն չի, պաշտպանյալներս չեն ընդունում մեղադրանքը, առնվազն այս փուլում դիրքորոշում չեն հայտնել, և դատարանները նույնպես գնահատել են նվազագույն առնչություն իրենց վերագրվող արարքներին»,- ասաց Պետրոսյանը։

Մեր դիտարկմանը, որ դատարաններն առնվազն երկու մեղադրյալի մասով հիմնավոր կասկածի առկայություն են տեսել, ինչի մասին վկայում է նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելը, փաստաբանը նշեց, որ վարույթն իրականացնող  մարմինը որոշ նյութեր է ներկայացրել, որոնք դատարանը հիմնավոր է համարել։

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնության դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում՝ ցերեկային ժամի։

Քննչական կոմիտեն այս դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ հայտնելով․ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են Հակոբյանին և իրականացրել դիտավորությունը։

«Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Գ.Պ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը) և 458-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելը), Ա.Բ.-ի նկատմամբ՝ 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելուն օժանդակելը), և 46-297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելուն օժանդակելը»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Ինչ էր արել Միհրան Հակոբյանը

Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ նա ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Անդրանիկ Սիմոնյանի վերաբերյալ՝ ակնարկելով, որ նրանց միջև ինտիմ կապ կա։ Կարճ ժամանակ անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը, ապա կատարել ևս մեկ գրառում՝ «ինչքան մնաց, հերիք ա»։

Բացի այդ՝ ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր եղած Հակոբյանը նաև մշտապես քննադատում է իշխանությունների գործունեւթյունը։

Հակոբյանը երեկ իր գործի վերաբերյալ գրառում է կատարել․

«Քննչական կոմիտեն մեծածավալ գործ է արել: Թեև նախաքննական գաղտնիք չեմ կարող բացահայտել, բայց կասեմ միայն, որ անձամբ Նիկոլի հանձնարարականն ի կատար է ածել հայտնի քրեաօլիգարխիկ համակարգերից մեկը: Հարձակում իրականացնողներին ազատել է դատարանը, որը բոլորս գիտենք, թե ում sms-հրահանգներով է աշխատում: Վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դավաճանելով «հեղափոխությանը»՝ Նիկոլը սերտաճել է իր իսկ կողմից քրեածին անվանված բիզնեսի հետ: Բայց որ Նիկոլն ուղղակիորեն կրիմինալի հետ է սերտաճել ու կրիմինալին օգտագործում է քաղաքական գործընթացում, այ դա արդեն նորություն է: Ավելին, քաղաքագիտության կանոններով՝ կրիմինալի հետ սերտաճած Նիկոլի դիկտատուրան առաջիկայում շատ ավելի այլանդակ դրսևորումներ է ստանալու։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ աջակցություն է Նիկոլը խնդրել Եվրոպայից, ինչի մասին խոսեց Կայա Կալասը. ոչ մի արտաքին միջամտություն կանխելու հարց չկա, կա ադրբեջանական տիպի դիկտատուրա հաստատելու եվրոպական «դաբրո» ստանալու հարց: Եվ, այդ «դաբրոյի» մեջ է մտնում նաև կրիմինալի ձեռքերով ընդդիմախոսներին լռեցնելու եվրոպական թույլտվությունը»,- գրել է Հակոբյանը։

Ինչ շրջանակների մասին է խոսքը, Հակոբյանը չի հայտնում։ Քննչական կոմիտեն էլ չի տրամադրում վարույթի վերաբերյալ լրացուցիչ տվյալներ։

Ի վերջո, ինչու են Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն էլ՝ ցերակային ժամի և մարդաշատ վայրում։ Ինչն է եղել այդ հանցագործության շարժառիթը։ Այս հարցերի պատասխանները չունի նաև Հակոբյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Սա հանցանք է, որի շարժառիթն այս պահի դրությամբ բացահայտված չէ: Բնականաբար, շարժառիթ էստեղ կա, չի կարող չլինել, և մեզ դա շատ է հետաքրքրում ու դա նաև պետք է դառնա հանրության սեփականությունը»,- ասաց Մելիքյանը։

Փաստաբանը նշեց, որ Միհրան Հակոբյանն անձամբ չի ճանաչում իր նկատմամբ բռնության գործով մեղադրյալներին, որևէ խնդիր նրանց հետ չունի և Հակոբյանն առհասարակ որևէ մեկի հետ չունի անձնական խնդիր։

«Մենք առաջին պահից էլ ենք դիտարկել ենք, որ դա եղել է նրա հրապարակային, քաղաքական, քննադատական գործունեության հետևանք»,- ասաց Մելիքյանը։

Մեր դիտարկմանը, որ իշխանություններին շատերն են քննադատում,  ինչո՞ւ պետք է հենց Միհրան Հակոբյանի նկատմամբ նման արարք կատարվեր, Մելիքյանը պատասխանեց, որ այդ հարցի պատասխանն իրենք կարող են տալ, երբ պատվիրատուները բացահայտվեն։

Արդյոք Հակոբյանը տեղի ունեցածը կապում է Գլխավոր դատախազի և ԱԱԾ տնօրենի վերաբերյալ իր գրառման հետ։ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց, որ իրենք այս հանգամանքը չեն դիտարկում՝ որպես հնարավոր շարժառիթ, անգամ վարույթ իրականացնող մարմնին չեն հայտնել այդ մասին։

Մելիքյանը նշեց, որ վարույթն իրականացնող մարմի տրամադրության տակ այնպիսի օբյեկտիվ տվյալներ կան, որոնք համոզմունք են ձևավորել իրենց մոտ, որ «Քննչական կոմիտեն գործով ճիշտ անձանց է ձերբակալել»։ Թեև Մելիքյանը չի մասնավորեցնում՝ խոսքն, ամենայն հավանականությամբ, տեսագրությունների մասին է։

Մելիքյանը դիտարկեց, որ մեղադրյալներից առնվազն մեկին խուլիգանության 2-րդ մասով մեղադրանք է առաջադրված։ Սա նույն հոդվածն է, որով մոտ մեկ ամիս առաջ կալանավորվել են «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Իսկ ինչպե՞ս են դատարանները որոշում՝ որ դեպքում անձին կալանավորել, որ դեպքում՝ ոչ։

«Այս դեպքում, ի թիվս այլ հանգամանքների, դատարանը կալանքի հիմք է համարել, որ նրանք  կարող են հանցանք գործել: Հիմա եկեք փորձենք պատկերացնել: Ունենք երեք անձ, որոնք օրը ցերեկով քաղաքի կենտրոնում մարդուն ծեծի են ենթարկել, այդ թվում՝ ըստ քննչական մարմնի, կատարել են նաև խուլիգանական գործողություններ, և  նրանց դրա համար  մեղադրանք է առաջադրվել, շարժառիթը պարզ չէ։ Եվ ունենք Նարեկի և Վազգենի դեպքը։ Մենք ո՞ր դեպքում ավելի մեծ ռիսկ ունենք, որ հանցանք կկատարվի։ Նարեկի և Վազգենի դեպքո՞ւմ, երբ ակնհայտ է՝ ինչ է եղել, թե՞ այս պարագայում, երբ որ շարժառիթը պարզ չէ, պատվիրատուն պարզ չէ»,- հարց է բարձրացնում Մելիքյանը՝ հիշեցնելով, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ի տարբերություն Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնության գործով անցնող անձանց, կալանքի տակ են։

Նշենք, որ Միհրան Հակոբյանի գործով կալանքի միջնորդությունները քննած դատավորներից մեզ հայտնի են Մանվել Շահվերդյանը, Գարիկ Աբելյանը, Արտակ Կարապետյանը և Հովհաննես Ավագյանը։ Ավագյանն, ի դեպ, գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանի քրոջ ամուսինն է։

Գլխավոր դատախազությունից Factor TV-ին հայտնեցին, որ բողոքարկելու են Հակոբյանի գործով մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ դատարանների որոշումները։

Արաքս Մամուլյան