Վարչապետը՝ ընդդեմ «Հրապարակ»-ի գործով առաջին նիստը․ ինչու է Փաշինյանը դատի տվել լրատվամիջոցին

Լուրեր

26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
26.10.2026 | 15:47
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը մեղադրվում է խուզարկության ժամանակ օտարերկրացի վստահորդի պայուսակից 800 հզ դրամ գողանալու մեջ
26.10.2026 | 15:37
Գյումրիում հրդեհ է բռնկվել բնակելի տանը
26.10.2026 | 15:30
Էրդողանի խորհրդականը մեկնաբանել է Ադրբեջանին քննադատելու համար իր պաշտոնանկությունը
26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով նիստն այսօր մեկնարկեց ուղիղ եթերի և տեսանկարահանման արգելքով։ Նիստը, թեև դռնբաց էր, սակայն լրագրողներին թույլատրվում էր այն միայն ձայնագրառել։ Այս միջնորդությունը դատարան էր ներկայացրել Փաշինյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանը, որն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պատճառաբանեց՝ նպատակահարմար չեն գտնում։

«Մեր իրավունքն է, որն իրացրել ենք, թույլատրվել է ձայնագրել նիստը և որևէ արգելք չկա այդ ձայնագրությունը հրապարակելու»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել լրատվամիջոցի դեմ․ սա վարչապետի կողմից ԶԼՄ-ի դեմ առաջին հայցն է։

Առիթը «Հրապարակ»-ի՝ հոդվածն է այն մասին, որ երկրի առաջնորդը պետք է համապատասխանի պահանջների լայն շրջանակի, օրինակ՝ լինի գրագետ, խելացի, շրջահայաց և բարոյական:  Ըստ այդմ՝ լրատվամիջոցը գրում ՝ շատ կարևոր է պարզել, թե արդյոք վարչապետը դավաճանում է կնոջը, թե ոչ։

«Մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, որ Փաշինյանը ժամերով աշխատասենյակում փակվում է սեփական խոսնակի հետ և ներսից տարօրինակ ձայներ են գալիս: Կասեք՝ սա ի՞նչ բամբասանք է, ինչու՞ է լրատվամիջոցը իրեն իրավունք վերապահում նման անհիմն և մերկապարանոց հայտարարություններ անել։ Իհարկե, մենք նման բան չէինք հրապարակի, եթե չլիներ երկրի ղեկավարի արշավը Վեհափառ հայրապետի դեմ, բայց, եթե թիվ մեկ պաշտոնյան կարող է ասել՝ «այսպիսի լուրեր են պտտվում, թող Կաթողիկոսը հերքի», մենք էլ կարող ենք նույն հարցադրումը անել»,- գրել էր «Հրապարակ»-ը:

Այս և հոդվածում տեղ գտած այլ արտահայտությունները Փաշինյանը համարել է զրպարտություն։ Վարչապետը 2025թ. հունիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել էր, որ «Հրապարակ» թերթին անպայման դատի կտա՝ ապացուցելու, որ ընտանեկան և հոգևոր կյանքն  իր համար արժեք ու սկզբունք են և ոչ թե մարդկանց մոլորեցնելու միջոց։ Բացի հերքման պահանջից՝ վարչապետը պահանջել է 1 մլն դրամի չափով փոխհատուցում՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Հայցով առաջին նախնական նիստի սկսվելուց առաջ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ հրապարակումը ոչ թե զրպարտություն է պարունակում, այլ՝ հռետորական հարցադրումներ։

«Փաշինյանի ոճի, իր գրառումների տրամաբանության մեջ հարցադրումներով արձագանքել է հեղինակը։ Նույն ժամանակ վարչապետը գրառումներ էր կատարում եկեղեցու, սրբազանների, Վեհափառի դեմ ու նույն հարցադրումները նրանց ուղղում՝ կուսակրո՞ն եք արդյոք, զավակ ունե՞ք, խախտե՞լ եք արդյոք եկեղեցու կանոնագիրքը. մեր հեղինակն էլ նույն ոճի մեջ հարցադրումներ է կատարել արդեն վարչապետին՝ արդյո՞ք Փաշինյանը դավաճանում է իր կնոջը, թե՞ ոչ։ Հոդվածում որևէ պնդում կամ որևէ հստակ տեղեկատվություն, որի համար ինքը դիմել է դատարան, չկա։ Դա նաև բխել է Փաշինյանի վարքագծից. ինքը դրել էր քննարկման հոգևորականների անձնական կյանքը, որպես պետության ղեկավար չունենալով այդ իրավունքը, քանի որ պետությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու կյանքին։ Իսկ մեր նյութի հեղինակը, որպես ՀՀ քաղաքացի, միանգամայն իրավասու է, իրավունք ունի հարցադրումներ անելու իր երկրի ղեկավարին»,- նշեց Օհանյանը։

Խմբագրի խոսքով՝ իր համար մեծ անակնկալ է եղել, երբ իմացել է, որ Փաշինյանը դիմել է դատարան, քանի որ տարիներ առաջ հենց նա է եղել լրագրող, խմբագիր և ինքն էլ հազարավոր նման հրապարակումներ է կատարել։

«Ինքն է շատ հաճախ հոդվածներ հրապարակել, ԱԺ ամբիոնից հնչեցրել «մեր օդից կախված լուրերի համաձայն» և լիքը տեղեկություններ է հրապարակել։ Իրեն դատի չէին տալիս, իսկ ինքը, փաստորեն, պատրաստ է պատերազմ հայտարարել լրատվամիջոցներին, նույնիսկ դիմել դատարան»։

Հայցի հիմքերը, սակայն, Փաշինյանի և նրա ներկայացուցչի համար առավել քան բավարար են դատարան դիմելու և հերքման պահանջ ներկայացնելու համար։

«Հոդվածն ունի փաստական հանգամանքների վերաբերյալ հղում. մենք այդ փաստացի տվյալներն ենք մեջբերել և  դիտարկել, որ դրանք ոչ թե հռետորական հարցեր են, այլ կոնկրետ տեղեկատվություն որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ։ Եթե հոդվածն ավարտվեր «արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը դավաճանում է իր կնոջը, թե՞ ոչ» նախադասությամբ, դա զրպարտություն չէր լինի, բայց եթե այնտեղ պնդում կա, որ «համառ լուրեր են պտտվում, որ Դուք դավաճանել եք», դա արդեն փաստացի պնդում է»,- նշեց Փաշինյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանը։

«Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը, սակայն, հակադարձում է.


«Եթե արդեն իսկ վերնագրում հարցադրումը տալիս ենք «Փաշինյանը արդյո՞ք դավաճանում է իր կնոջը», դա հստակ հարցադրում է։ Դրանից հետո գալիս է երկրորդ նախադասությունը, որտեղ վկայակոչվում է, թե ինչպիսին պետք է լինի երկրի առաջնորդը և հեղինակը բավական գեղեցիկ դրա պատկերացումները տալիս է։ Երրորդ նախադասությունն արդեն սա է, «այդ իսկ պատճառով ցանկալի է, կարևոր պարզել՝ դավաճանո՞ւմ է, թե՞ ոչ»։ Այսինքն, ոչ թե առկա է փաստ, տեղեկություն, այլ «հարկավոր է պարզել»»։

Նախնական նիստն այսօր ավարտեց, հաջորդիվ նիստերի ժամանակ արդեն կորոշվի ապացույցների բաշխումը, ինչից հետո կսկսվի դրանց ուսումնասիրությունը։ Նիստի ավարտին օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը հույս հայտնեց, որ դատավոր Նելլի Հարությունյանը «կկարողանա հաղթահարել ճնշումները և արդարացի վճիռ կկայացնի»։

 

Ռոզա Վարդանյան