Փաշինյանը հրապարակել է խոցելի վիճակում հայտնված երեխաների լուսանկարներ առանց դեմքը փակելու

Լուրեր

05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:35
«Պայուսակում թմրանյութ են գցել, նկարն ուղարկել Viber-ով»․ մանրամասներ՝ արքեպիսկոպոսի շուրջ սկանդալից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:30
Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է Բունդեսվերի զորակոչի համակարգի բարեփոխումը
05.12.2025 | 20:20
Անցկացվել է ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն
05.12.2025 | 20:19
Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հրապարակմամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է տեսանյութ՝ հայտնելով, որ այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն է ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Տեսանյութում խոցելի վիճակում գտնվող երեխաների դեմքերը ճանաչելի են, և վարչապետի մամուլի գրասենյակում չեն փորձել լուսանկարները մշակել, որպեսզի հնարավոր չլինի նույնականացում իրականացնել։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հեռախոսահամարին պատասխանած անձն ասաց՝ Բաղդասարյանը չէ, օգնականն է, փորձենք ավելի ուշ, իսկ ավելի ուշ մեր հեռախոսազանգն անպատասխան մնաց։

ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածը սահմանում է՝

  • Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:
  • Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածն էլ սահմանում է, որ մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք 9-րդ հոդվածի համաձայն՝ տվյալների սուբյեկտի անգործունակության կամ սահմանափակ գործունակության կամ մինչև 16 տարեկան անչափահաս լինելու դեպքում նրա անձնական տվյալները մշակելու համար համաձայնություն է տալիս տվյալների սուբյեկտի օրինական ներկայացուցիչը:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տեսանյութերում և լուսանկարներում երևացող երեխաների դեմքերը պետք է փակվեին։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից էլ մեր հարցին ի պատասխան հայտնեցին․

«Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի բացառապես միջազգային և ներպետական չափորոշիչներին համապատասխան՝ մինչև 16 տարեկան երեխայի օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով: Ինչպես Ձեր կողմից նշված, այնպես էլ յուրաքանչյուր դեպքով գնահատական տալու համար անհրաժեշտ է ունենալ համապարփակ տեղեկատվություն վերոնշյալ հանգամանքների առնչությամբ»։

Կապվեցինք նաև «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի հետ։ Հայտնեցին, որ երեխաների դեմքերը ցուցադրելու թույլտվություն եղել է կազմակերպության կողմից։

«Բոլոր երեխաները, ովքեր մեր խնամքի ներքո են գտնվում, մենք համաձայնությունն ունենք նրանց տվյալների հրապարակման»,- հայտնեցին հիմնադրամից։ Մեր հարցին, թե ո՞ւմ կողմից ունեն համաձայնություն, հիմնադրամից հայտնեցին՝ այն երեխաները, որոնք առանց ծնողական խնամքի են՝ կազմակերպության կողմից, որոնք ոչ՝ ծնողների կողմից։

Ուշագրավ է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս մանկական գյուղ այցի վերաբերյալ հրապարակում է կատարել, որում, սակայն, ի տարբերություն Փաշինյանի կողմից հրապարակված լուսանկարների, երեխաների դեմքերը փակված են։

Նշենք, որ երեխաներին առնչվող հրապարակումների վերաբերյալ առկա է նաև ԶԼՄ-ների դիտորդ մարմնի եզրակացություն՝ տրված 2024 թվականի հուլիսի 16-ին։

Այս դեպքում Հանրային հեռուստաընկերությունը պատրաստել էր ռեժորտաժ՝ լուսաբանելով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցը Գյումրիի «Երեխաների տուն» մանկատուն։

2024թ․ հունիսի 4-ին իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դիմել էր ԶԼՄ-ների դիտորդ մարմին՝ պնդելով, որ մայիսի 2-ին Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքի «Լուրերի» թողարկման ժամանակ հեռարձակված և YouTube պորտալում «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անակնկալը Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան սաներին» վերնագրի ներքո տեղադրված ռեպորտաժը ոչ զգայուն է երեխաների իրավունքների նկատմամբ, չի բխում երեխայի լավագույն շահից:

Նյութը պատմում էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հատուկ խնամքի տակ գտնվող սաների՝ Երևանի կենդանաբանական այգի այցելության մասին։

Ըստ բողոքի՝ «նյութն ուղղված է վարչապետի տիկնոջ գովերգմանը՝ խոցելի խմբի երեխաներին ցույց տալու միջոցով»։ «Երեխաների խոցելիությունն ի ցույց է դրվում անթաքույց, առանց դեմքը ծածկելու, խոշոր պլանով: Նման տեսանյութերը կրկնակի խոցելի են դարձնում արդեն իսկ խնդրային վիճակում գտնվող երեխաներին․ նախ՝ ինչու պետք է մանկատան երեխաներին թիրախավորել, հետագայում բարդացնելով նրանց սոցիալականացման գործընթացը, ինչպես նաև ի ցույց դնել երեխաների առողջական խնդիրները՝ բաց դեմքերով:

Ըստ Հովհաննիսյանի բողոքի՝ նույնիսկ միջազգային հեղինակավոր դոկումենտալիստներն են ծածկում երեխաների դեմքերը, երբ նկարահանումներ են կատարում անգամ օտար երկրներում, իսկ Հանրային հեռուստատեսությունը բաց դեմքով ցուցադրել է երեխաներին՝ որպես քաղաքական գործչի կնոջ գործունեության լուսաբանման տեսարան։

Քննության առնելով դիմումը՝ դիտորդ մարմինը դիմել էր Հանրային հեռուստաընկերության տնօրինությանը՝ տեղեկացնելով բողոքի մասին և ակնկալելով դիրքորոշում դիմումի վերաբերյալ։

Ի պատասխան՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրել էր, որ խնդրո առարկա նյութի նկարահանման համար միջոցառման կազմակերպիչները, հետևելով օրենսդրության պահանջին, նախօրոք ստացել են երեխաների օրինական ներկայացուցիչների և մանկատան ղեկավարի համաձայնությունը։

Դիտորդ մարմինը եկել էր եզրակացության, որ՝

Ռեպորտաժը պատրաստելուց առաջ լրագրողը/ լրատվամիջոցը ստացել է երեխաների խնամակալի, տվյալ դեպքում՝ հաստատության ղեկավարի համաձայնությունը։

Տեսանյութում պարզորոշ ի ցույց են դրվում երեխաների առողջական վիճակը և առանձնահատկությունները։ Դա կարող էր արվել ներառականության սկզբունքին և հասարակության մեջ երեխաների ինտեգրման նպատակին համապատասխան։ Սակայն, թեև տեսանյութում պատմվում է երեխաների դրական զգացմունքների, իրականացված ցանկությունների մասին, իսկ լրագրողի օգտագործած բառապաշարում չկան խտրական կամ վիրավորական ձևակերպումներ, այդուհանդերձ, ռեպորտաժում առկա են երեխաների անօգնականությունն ու խոցելիությունը (ինքնուրույն ուտելու, ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությունը) ի ցույց դնող կադրեր, ինչը համահունչ չէ երեխայի լավագույն շահի պաշտպանության սկզբունքին և հակասում է Կանոնագրի 4.3. կետով սահմանված պարտավորությանը։

Ինչ վերաբերում է ռեպորտաժում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի չափազանց ներկայության խնդրին, ապա դիտորդ մարմինը հորդորում է լրատվամիջոցներին, մասնավորապես Հանրային հեռուստաընկերությանը՝ հանրային գործիչների մասնակցությամբ բարեգործական կամ սոցիալական ակցիաներն ու միջոցառումները լուսաբանել այնպես, որ հանրային գործչի ներկայությունը չգերադասվի, և չխամրեցվի ակցիայի բուն սոցիալական նշանակությունը։ Այլապես, ողջամիտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողական նյութը ոչ թե հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների մասին է, այլ հանրային գործչի (տվյալ դեպքում՝ վարչապետի տիկնոջ) գործունեության գովերգման։

Դիտորդ մարմինը հորդորում է Հարային հեռուստաընկերությանը և բոլոր լրատվամիջոցներին՝ խոցելի վիճակում գտնվող երեխաների մասին նյութեր պատրաստելիս հնարավորինս խորհրդակցել ՄԻՊ գրասենյակի և երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների հետ և հետևել համապատասխան ուղեցույցներին»։

Արաքս Մամուլյան