Աջապահյանի օրագիրն ինչ կապ ունի քրեական գործի հետ․ ՔԿ նախագահի պնդումն ու փաստաբանի հակադարձումը
Հասարակություն
01.07.2025 | 12:48
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործին՝ ըստ էության այն կապելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործի հետ։
«Ես պատահական չնշեցի, որ Միքայել Աջապահյանը վերջին հայտարարությունն արել է 2021 թվականի հունիսի 21-ին (նկատի ունի Միքայել Աջապահյանի՝ News.am-ին տված հարցազրույցը- հեղ․): Բագրատ Գալստանյանի վերաբեյալ վարույթով մենք տենում ենք, որ հավաքագրման գործընթաց է տեղի ունենում, պլանավորվում է կատարել ահաբեկչական գործողություն, իշխանության յուրացում, նաև դրան պետք է ներգրավվեին որոշ հոգևորականներ։ Այս իրադրության մեջ ունենում ենք տվյալ, որ Միքայել Աջապահյանը նորից հարցազրույց է տալիս և վերահաստատում իր նախկինում արած հայտարարությունը։ Այս իրավիճակում մենք ի՞նչ պետք է անեինք։ Պետք է սա դիտարկեինք որպես առիթ՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար, ավելին, քրեական վարույթի ընթացքում մենք կատարել ենք որոշակի քննչական գործողություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է Միքայել Աջապահյանի կողմից վարված օրագիրը՝ սկսած 2022 թվականից, որտեղ յուրաքանչյուր օր արտացել է, թե ինչ է կատարել։
Այստեղ ուղիղ կապը Գալստանյանի հետ, թե ով պետք է գլխավորի շարժումը, թե ով առաջակեց, թե երբ շարժումը ձախողվեց, ինչ հանդիպումներ տեղի ունեցան, ինչու պլանավորվեց այս կոչով հանդես գալ։ Դրա համար ես նշում եմ, որ այս գործընթացը պետք է դիտել մեկ ամբողջական շղթայի համատեքսում։ Ուստի այդ ձեռք բերված փաստական տվյալները հիմք հանդիսացան, որպեսզի քննիչը միջնորդություն ներկայացնի հսկող դատախազին, և, բնականաբար, միջնորդությունը բավարարվեց և Միքայել Աջապահյանի նկատմամբ ևս քրեական հետապնդում հարուցվեց։ Ընդ որում՝ երբ քննիչի որոշմամբ Աջապահյանի նկատմամբ ձերբակալման որոշում էր կայացվել և կատարման համար ուղարկվել հետաքննական մարմին, Աջապահյանը նորից վերահաստատեց իր ասածը, մենք դա դիտեցինք որպես նոր արարքի կատարման ռիկս, հավանականություն և դրա համար միջնորդեցինք նաև, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրվի»,- ասել է ՔԿ նախագահը։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում հակադարձում է ՔԿ նախագահին․ դեպքերի ժամանակագրությունն այլ բանի մասին է խոսում։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ Աջապահյանի վերաբերյալ վարույթը նախաձեռնվել է հունիսի 17-ին, այսինքն՝ մինչև հունիսի 21-ի հարցազրույցը։ Ինչ վերաբերում է օրագրին, ապա, պաշտպանի խոսքով՝ օրագիրը հայտնաբերվել է Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո։
«Հարցազրույցում նշվեց, որ խուզարկություն է կատարվել, այդ օրագիրն է հայտնաբերվել, կապ կա Բագրատ Գալաստանյանի հետ, որ այդ բոլոր ապացույցներն են հիմք հանդիսացել, որպեսզի քրեական հետապնդում հարուցվի, բայց, ցավոք սրտի, ժամանակագրությունը հետ տալ չենք կարող։ Ամեն ինչ շատ պարզ է․խուզարկությունը կատարվել է այն նույն օրը, երբ Միքայել սրբազանին կալանավորման նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու որոշում էր կայացվել, այսինքն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո։ Այսինքն՝ սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է, որից հետո եկել են ձերբակալելու, խուզարկության, հետևաբար՝ այդ օրագիրը չէր կարող հանդիսանալ հիմք՝ սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար»,- բացատրեց Երեմ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է օրագրի բովանդակությանը, պաշտպանի խոսքով՝ օրագիրն այն ծավալով, որ ծավալով ներկայացվել է դատարան, սրբազանի առօրյա կյանքի մասին նշումներ են։
«Դրանում նշված է, թե այսօր, օրինակ, ում է հանդիպեց, ում հարցազրույց տվեց, ինչ բովանդակությամբ, ուր գնաց։ Այնտեղ հանցագործության մասին որևէ նշում չկա։ Ես վստահեցնում եմ, որ եթե այնտեղ չնչին նշույլ լիներ հիմնավոր կասկածը հաստատող, ապա նրանք դա կներկայացնեին դատարան»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպելուն, ապա, ըստ պաշտպանի, եթե անգամ օրագրում այդպիսի նշում լինի, դրանում հանցավոր ոչինչ չկա, գաղտնիք չէ, որ սրբազանները մտերիմ են եղել։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Մայր Աթոռում Աջապահյանը նորից վերահաստատել է իր ասածը, և Քննչական կոմիտեն դա դիտել է որպես նոր արարքի կատարման ռիսկ, միջնորդել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել, Երեմ Սարգսյանը պնդում է, որ կրկին ժամանակագրությունն այլ բանի մասին է խոսում։
«Այս գործով անընդհատ հնչում են մտքեր, որոնք հակասում են իրենց գործի տվյալներին։ Իրենք եկել էին ձերբակալելու որոշմամբ, որպեսզի կալանավորման համար դատարան տանեն»,- ասաց Սարգսյանը՝ բացատրելով, որ Աջապահյանը դեռևս Մայր Աթոռում ոչինչ չէր խոսել, երբ քննիչը որոշել էր նրան ձերբակակել՝ դատարան՝ կալանքի ներկայացնելու համար։
«Եթե դու եկել ես ձերբակալես, որ տանես կալանքի, դրանից հետո ինքն ինչ-որ հայտարարություն է անում, ո՞նց կարող է այդ հայտարարությունը կալանքի հիմք լինել»,- հարցնում է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Որպես այդպիսի արարք դիտարկվել է նրա այն արտահայտությունը, որ պետք է ռազմական հեղաշրջում իրականացնել։ Աջապահյանն արդեն 4 օր է՝ անազատության մեջ է։ Նա մեղադրանքը չի ընդունում։
Արաքս Մամուլյան