«2 հոգու պատի տակ գյուլլում ես, 15 հոգու բանտ ես դնում, սաղ բնաջնջվում են»․ ՔԿ-ի ձայնագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
25.06.2025 | 12:28ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Թեև ՔԿ-ն չի նշել, թե ձայնագրությունում ովքեր են զրուցում, բայց զրուցակիցներից մեկի ձայնի տեմբրից կարելի է ենթադրել, որ խոսողներից մեկը «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։
Լսվում է ենթադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձայնը, նա ասում է․
«Մենք դրել ենք մի բանի վրա՝ համոզենք, քարոզենք․ 2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգի էլ դնում ես բանտը, պրծավ՝ գնաց, սաղ բնաջնջվում են, գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն։ Հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքի մեջ ենք, նպատակ են դրել, գոնե 150 մինումում 200 խումբ կազմենք, մենք 25 հոգանոց խմբերով կլինեն։ Վստահ եմ՝ մարդիկ, որոնք կանգնելու են ու վերջ, մի օր ա, երկու օր ա, ինչքան ա։ Հիմա էլ 25 հոգանոց խմբերը, որ լինեն իրենք իրենց մեջ էլ 8-8 հոգանոց կլինեն։ Մի հատ ընդհանուր խումբն իրա հրամանատարը կունենա, բաժանած 3 խմբերի, որ համ տակինը հստակ լինի, համ գործողությունները հստակ լինեն, համ էլ իմացվի՝ ինչ է արվում։ Միևնույն ժամանակ էլ պետք է կողքից, բանից տեխնիկա հավաքենք, ինչ-որ ունենք, քարտեզը գծենք, ի՞նչ ենք անելու, գործողությունների պլանն ինչ է լինելու և հայտարարություն՝ դուրս ենք գալիս փողոց 20 մինիմում, 25 առավելագույն, որպեսզի վերահսկելի խմբեր լինեն իրենց պատասխանատուի հետ։ Էն օրը Լևոնին տեսա Քոչարյան, Լևոնին պիտի ասեմ՝ լրջացեք, վախտն ա։ Ցանկ է, ինչ է, բայց էլի սցենարը Ազգային ժողովի լսումների, մենք պետք է մի 200 հոգի կազմենք 20-25 հոգիանոց։ Մենք պետի մի քանի 1.000 ձիգ, ուժեղ կանգնած տղամարդիկ ունենանք, որ փողոցը պահեն, կլինի փողոցը փակելով, կլինի ուրիշ գործով, սա է, լրիվ գործողությունները կարվի։ Էն, որ ես ասի դուրս եմ գալիս փողոց 500 հոգի մարդ դուրս գա՝ որպես այդպես հավաք, բայց էս խմբերն ամեն մեկն իրա նախանշած տեղ դուրս գա ու իրա գործողություններն անի, ինչը որ պահանջված լինի։ Մեկը ճամփա կփակի, մեկը չի երևա, մեկը հեռախոս կզանգի, մեկը սալյուտ կպայթեցնի, ջոկատի ղեկավարը պիտի իմանա ու իրան ասի՝ դու այսինչ տեղում ես և այսինչ բանը պիտի անես։ Էլի եմ ասում՝ կարա մի տեղ ինքը երևա, կարա ընդհանրապես հեռախոսի վրա լինի, կարա ուրիշ բաներ լինի, լիքը բան կա անելու։ Կարան ջոկատի անդամները քաղաքով ցրված լինեն՝ կոնկրետ ինչ-որ բաներ անելու։ Մեզ ձիգ մարդիկ են պետք 20-25 հոգի ռազմական պատրաստության մարդիկ, էս փուլում ուրեմն որևէ մեկին կոնկրետ չենք ասում, թե ինչ ես անելու։ Երբ խմբերի կազմավորումն ավարտենք, հուսամ մինչև այս ամսվա վերջ, էն ժամանակ էլ իրար հատիկ-հատիկ էս հրամանատարներն իրար չեն էլ ճանաչելու, չեն էլ իմանելու էս խումբը, էն խումբը։ Ամեն մեկն իրա անելիքը կվերցնի ու կգնա հրամանատարը։ Հիմնական գործողությունները կատարելու են էս խմբերը, դերակատարները հիմնական, ժողովրդի ներկայությունը լինելու է ճնշելու համար, ճնշման գործողություններ են լինելու, բայց բուն անելիքն անելու են էս խմբերը։ Գլխավոր հարվածը, մի խոսքով, լինելու են էս խմբերը։ Ես պարզ ասում եմ՝ ինչ է լինելու, մենք մի օրում պետք է հարցը լուծենք, մի օրում պետք է հարցը լուծենք։ Էդի կտևի ցերեկվանից մինչև կեսգիշեր կամ մյուս օրը մինչև առավոտ՝ շարունակական պիտի գնա դա, ու չէ կողքերը պտտվելով, թիրախով։ Պիտի մտնենք անեք, ու էդ տևելու է 24-ժամյա անընդհատ պրոցես, ու էդ կտևի 24 ժամ կամ 36 ժամ՝ կապ չունի սկսեց պիտի չավարտվի մինչև որ վերջանա ու արդեն էդ ընթացքում չես էլ մտածում էդ պրոցեսի էդ օրերի մասին, օրեր չկա, որովհետև էդ պահին մտար, ասենք ժամը 4-ին մտար, պիտի ինչքան ուզում է տևի, պիտի ավարտվի, մինչև վերջ պիտի գնա, կանգնել չկա էդ ընթացքում, ասենք, լավ, մի հատ դադար տանք։ Պիտի երկիրը քաոս դառնա, ոստիկանությունը ասեց չենք կարա, մանթրաշ կլինի, չի ստացվի ուղղակի, ծուխերից սկսած, սալյուտներից ու ռուբերից վերջացրած։Մի 30 հոգու ԱՊՊԱ ես անելու, 4 հատ տենց մեծ փողոց կա, 4-ի վրա մի 10 հատ մեքենայով ԱՊՊԱ ես անում, պետք է մի 1.000-ավոր մեքենաների խցանում առաջանա, մարդ պետք չի։ Պիտի լինեն սալյուտներ։ Սյուների վրա կարող ա լինեն կապերի, ինտերնետ ցանցերի անջատումներ, հոսանքի անջատումներ, տրոլեյբուսի գծերի կործանումներ։ Ներքին զորքերի մի խմբի դուռն էլեկտրական է, տեղի հոսնքը կտրում ես, դարպասը չի բացվում, դեմն էլ կփակենք։ Ոստիկանությունում տրամադրությունը շատ վատ է, ոստիկանությունը սաղ խառնված են իրար, հրամատարներ են փոխել մի 20-30 օր առաջ։ Ես ասում եմ՝ ինտերնետի մայրերը հանեն, փչացնեն, որ սիստեմը խախատվի, հոսանքը կամ ինտերնետը կտրվում է, բանկերի ու մեծ խանութների աշխատանքը խափանվում է, չեն աշխատելու։ Պատրաստ կլինեին՝ հենց էսօր առավոտը ոտի կհանեի, սաղ տեղերը տայինք, ջարդուփշուր անեինք։ Հլա ցուցակներն են բերում, գումարած դրան հլա ծրագիր, հանձնարարություններ չեն տվել ոչ մեկին։ Հլա դաշնակներն իրենց խմբերին ոչ մի բան չեն ասել, արցախցիների հետ աշխատանք կա, որ արդեն մի քանի խումբ կազմված, ծուխ մուխը թվեր է պետք, մենք էդ ծխերից 1000 քանի հատ ունենք, ամեն մեկից 500 հատ ասենք թող բերեն, որ մի հատ ծուխ ես անում, դիմշաշկա ծուխ, էն գմփիկներից, էն գմփիկներից ասենք թող 500 հատ բերեն»,- մեջբերման ավարտը։
Լսվում է մյուս տղամարդու պատասխանը․ «Կոնկրետ դիմշաշկա չկա, մենք փորձարկում արեցինք։ Մենք ինչ-որ վառում, գցում ենք, սկսում է 35 վայրկյան ծուխ անել, էսօր փորձել ենք մի րոպե ուղիղ ծուխ է անում»։
Ենթադրյալ Բագրաստ արքեպիսկոպոս Գալստանյանը շարունակում է․ «Համենայնդեպս գլխիկները գրեք, չեմ իմանում՝ ինչ են գները, դրանից գրեք, հիմա մի 500 հատ սալյուտ պատվիրեք։ Սալյուտը կարելի է տալ, սյուներին, պատերին, դարպասներին»,- մեջբերման ավարտը։
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են իրականացրել «Սրբազան պայքար» ղեկավարների և աջակիցների տներում։ ԱԱԾ-ն գործողություն է իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի բնակավայրում։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։ Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։
Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր ՔԿ-ի ի տարածած հաղորդագրությանն այն մասին, թե «Սրբազան պայքար» շարժման մասնակիցներն ու ղեկավարները պլանավորել էին Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնել։
«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։