Իրանը խախտել է միջուկային զենքի չտարածման պարտավորությունները․ ՄԱԳԱՏԷ-ն բանաձև է ընդունել, Թեհրանը՝ արձագանքել
Քաղաքականություն
12.06.2025 | 15:34
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհուրդը հինգշաբթի բանաձև է ընդունել, որով 20 տարվա ընթացքում առաջին անգամ դատապարտում է Իրանի կողմից իր պարտավորությունների «չկատարումը», ինչը, հնարավոր է, հիմք կհանդիսանա Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման համար, գրում է France 24-ը։
ՄԱԳԱՏԷ-ի խորհրդի 19 երկիր է քվեարկել բանաձևի օգտին, անանունության պայմանով ասել են դիվանագետները՝ նկարագրելով փակ դռների հետևում կայացած քվեարկության արդյունքները։ Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն դեմ են արտահայտվել, 11-ը ձեռնպահ են մնացել, իսկ երկուսը չեն քվեարկել։
Բանաձևի նախագծում կառավարիչների խորհուրդը կրկին կոչ է անում Իրանին «անհապաղ» պատասխաններ տրամադրել մի քանի վայրերում հայտնաբերված ուրանի հետքերի վերաբերյալ երկարատև հետաքննության շրջանակում, որոնք Թեհրանը չի հայտարարել միջուկային օբյեկտներ։ Արևմտյան պաշտոնյաները կասկածում են, որ ուրանի հետքերը կարող են ապացույց լինել այն բանի, որ Իրանը 2003 թվականից առաջ գաղտնի միջուկային զենքի ծրագիր է ունեցել։ Բանաձևն առաջ է մղվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Միացյալ Նահանգների կողմից։
«2019 թվականից ի վեր Իրանի կողմից Գործակալությանը լիարժեք և ժամանակին համագործակցություն ապահովելու բազմաթիվ ձախողումները չհայտարարագրված միջուկային նյութերի և Իրանի բազմաթիվ չհայտարարագրված վայրերում իրականացվող գործունեության վերաբերյալ կազմում են Անվտանգության մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունների չկատարում»,- մասնավորապես, ասվում է բանաձևի նախագծում։
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մաս կազմող, այսպես կոչված, երաշխիքների պարտավորությունների համաձայն՝ Իրանը իրավաբանորեն պարտավոր է հայտարարագրել բոլոր միջուկային նյութերն ու գործունեությունը և թույլ տալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին ստուգել, որ դրանցից ոչ մեկը չի շեղվում խաղաղ նպատակներով օգտագործումից։
Բանաձևի նախագծում նաև նշվում է, որ գործակալության «անկարողությունը՝ երաշխավորել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, առաջացնում է հարցեր, որոնք գտնվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասության շրջանակում՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվություն կրող մարմին»։
Քվեարկությունը տեղի է ունենում զգայուն ժամանակահատվածում, քանի որ տարածաշրջանում լարվածությունը սրվում է: Չորեքշաբթի ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ կրճատում է Մերձավոր Արևելքում գործողությունների համար էական չհամարվող անձնակազմի ներկայությունը:
Սա նաև տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը և Իրանը բանակցություններ են վարում Թեհրանի արագ զարգացող միջուկային ծրագրի շուրջ: Օմանի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների վեցերորդ փուլը տեղի կունենա Մասկատում՝ կիրակի օրը։
Բանաձևի նախագծում ուղղակիորեն հղում է կատարվում ԱՄՆ-Իրան բանակցություններին՝ ընդգծելով «աջակցությունը իրանական միջուկային ծրագրի առաջացրած խնդիրների դիվանագիտական լուծմանը, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններին, որոնք կհանգեցնեն համաձայնագրի, այն կլուծի Իրանի միջուկային գործունեության հետ կապված բոլոր միջազգային մտահոգությունները՝ խրախուսելով բոլոր կողմերին կառուցողականորեն ներգրավվել դիվանագիտական գործընթացում»։
Իրանի ԱԳՆ-ն և Ատոմային էներգիայի կազմակերպությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ ի պատասխան բանաձևի ընդունման։
Հայտարարության մեջ գերատեսչությունները խստորեն դատապարտել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի կողմից ընդունված բանաձևը, որին աջակցել են Միացյալ Նահանգները և երեք եվրոպական երկրները։ Այլ քայլը որակվել է որպես ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չարդարացված շահագործում՝ առանց որևէ տեխնիկական հիմքի։
«Իրանը միշտ հետևել է իր երաշխիքների պարտավորություններին»,- ասվում է հայտարարության մեջ՝ ընդգծմամբ, որ Գործակալության ոչ մի զեկույցում չի նշվել Իրանի միջուկային նյութերի կամ գործունեության որևէ խախտում կամ շեղում։
Հայտարարության մեջ նշվում է, որ չնայած Իրանը Գործակալության զեկույցը համարում է բացառապես քաղաքական և կողմնակալ, այս չորս երկրներն ավելի հեռու են գնացել և մշակել են մի բանաձև, որի հիմնական բովանդակությունը հակասում է գլխավոր տնօրենի կողմից հրապարակված նույն քաղաքականացված զեկույցին։ Ընդգծվում է՝ քանի որ այդ երկրները հետապնդում են իրենց սեփական քաղաքական օրակարգերը և որևէ երկիմաստություն չեն հայտնաբերել Իրանի ներկայիս միջուկային գործունեության մեջ, նրանք դիմել են ավելի քան 25 տարվա վաղեմության մեղադրանքներին՝ փորձելով վերստին ընդգծել դրանցից մի քանիսը, չնայած այն հանգամանքին, որ նախկինում նման բոլոր պնդումները փակվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 2015 թվականի նոյեմբերի բանաձևի համաձայն։
Նշվում է նաև, որ, մյուս կողմից, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան չեն կատարել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վեցերորդ հոդվածով սահմանված իրենց պարտավորությունները միջուկային զինաթափման վերաբերյալ, մինչդեռ Գերմանիան շարունակում է տեղակայել իր մոտ այս մահացու և անմարդկային զենքերը։
«Չորս երկրների այս քայլը լիովին խաթարում է Միջազգային ատոմային էներգիայի գործակալության հեղինակությունն ու ավելի է բացահայտում այս միջազգային մարմնի քաղաքական բնույթը: Այդպիսի քաղաքական վերաբերմունքը մի երկրի նկատմամբ, որը միշտ հետևել է իր պարտավորություններին և պահպանել է Գործակալության հետ լայնածավալ համագործակցություն, մեզ հանգեցնում է եզրակացության, որ ներգրավվածության և համագործակցության քաղաքականությունը հակառակ արդյունքի է հանգեցնում»,- ասվում է հայտարարության մեջ։
Իրանը երախտագիտություն է հայտնում Կառավարիչների խորհրդի այն անդամներին, որոնք դեմ են քվեարկել կամ ձեռնպահ են մնացել բանաձևից, և դատապարտում դրա օգտին քվեարկած երկրների քաղաքական վարքագիծը։
«Ինչպես մենք նախկինում հայտարարել ենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունն այլընտրանք չունի, քան արձագանքել այս քաղաքական բանաձևին»,- հայտարարել է Թեհրանը։
Ի դեպ, հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հրամաններ է արձակել անվտանգ վայրում ուրանի հարստացման նոր օբյեկտ ստեղծելու և Ֆորդոյի հարստացման կայանում առաջին սերնդի ցենտրիֆուգներն առաջադեմ IR-6 մեքենաներով փոխարինելու վերաբերյալ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի