«Առանց բիտումի ասֆալտ են ուզել». նոր մանրամասներ Նորքի մանկապարտեզի անորակ աշխատանքներից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
16.05.2025 | 21:10Ծեծկռտուքի պատճառ դարձած Նոր Նորքի թիվ 105 մանկապարտեզի շինաշխատանքների համար քաղաքապետարանը պայմանագրով սահմանված 297 միլիոն 415 հազար դրամից վճարել է 222 միլիոն 164 հազար դրամ, այսինքն՝ շուրջ 80 տոկոսը։ Մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացնում է 2000 թվականին հիմնադրված «Լիլանարմ» ՍՊԸ-ն։
Factor TV-ի նկարահանման ժամանակ երկու շինարարներ էին աշխատում դրսում․ նրանք նախ փորձեցին խոչընդոտել նկարահանման ընթացքը, ապա ասացին, որ աշխատանքները դեռ չեն ավարտել, երբ մանկապարտեզը պատրաստ լինի շահագործման, այն ժամանակ էլ կարող ենք նկարահանում անել։ Հարցին՝ ինչո՞ւ են ընդամենը երկուսով զբաղվում հսկայական մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներով, պատասխանեցին, որ ևս երկու հոգի ներսում են աշխատում։
Բլոգեր-ակտիվիստ Արթուր Չախոյանն ու Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն էին Նորքի թաղապետարանի ծեծկռտուքից առաջ «ՏիկՏոկ»-ում համատեղ տեսանյութ հրապարակել թիվ 105 մանկապարտեզից՝ ցույց տալով, թե ինչպես են հեշտությամբ պոկում ասֆալտը, պատի ներկը, քարերը և այլն։ Factor TV-ն մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրի ուսումնասիրությամբ պարզել է, որ այն կնքվել է 2023 թվականի ապրիլի 19-ին։ 222 միլիոն դրամը վճարվել է նույն թվականի հունիսի 20-ից մինչև տարեվերջ արված աշխատանքների համար․ այս մասին էլ վկայում է քաղաքապետարանին ուղղված մեր գրավոր հարցման պատասխանը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բարձրացված աղմուկից հետո հայտարարել էր, որ աշխատանքները չեն ընդունել, գումարն ամբողջությամբ չեն վճարել, սակայն չէր էլ նշել, թե որքան են վճարել։
Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո «Լիլանարմ»-ը հայտարարել էր, որ մանկապարտեզի շինաշխատանքները դադարեցված են և կշարունակվեն ֆինանսական միջոցների հատկացման համաձայնագիր կնքելուց հետո։ Քաղաքապետարանից ևս հաստատել էին, որ «Լիլանարմ» ընկերություն հետ վեճ կա, որի լուծման և նախատեսված աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։ Բայց հաշվի առնելով, որ աշխատանքներն այսօրվանից վերսկսվել են, ենթադրաբար, վեճը լուծվել է։ Ընկերության գործադիր մարմնի ղեկավար Նարեկ Պողոյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց դա։
Պողոյանը բացատրում է՝ ֆինանսական համաձայնագիրը պայմանագրով սահմանված գումարի մնացած մասը հատկացնելու մասին է, այսինքն՝ 75 միլիոն դրամ։ Առանց այդ համաձայնագրի, ասում է, չէին կարող շարունակել և ավարտին հասցնել աշխատանքները։ Պայմանագրի ուսումնասիրությամբ մենք պարզել էինք, որ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ավարտի համար 550 օր է սահմանված, այսինքն՝ 2024 թվականի սեպտեմբերի վերջին այն պետք է պատրաստ լիներ սաներ ընդունել։ Պողոյանը, սակայն, բացատրում է՝ դա հնարավոր կլիներ, եթե ֆինանսական համաձայնագիրը ժամանակին կնքվեր։
Իսկ ինչո՞ւ ավելի քան կես տարի համաձայնագիր չեն կնքել․ Պողոյանի խոսքով՝ պատճառը շենքի ճակատամասի շուրջ անհամաձայնությունն է եղել, ի վերջո, որոշել են այլ ներկերով և այլ կերպ աշխատել։ Այնուամենայնիվ, Նարեկ Պողոյանը չի ընդունում, որ անորակ աշխատանքներ են արել։ Քաղաքապետարանից, մինչդեռ, հակառակն են պնդում՝ ընդգծելով, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։
Ավելի վաղ Factor TV-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից պարզել էր, որ «Լիլանարմ» ընկերության գործադիր մարմնի ղեկավար Նարեկ Պողոյանն ավագանու ընտրություններում առաջադրվել է ՔՊ ցուցակով։ Ուշագրավ է, որ նա ընտրություններից ընդամենը 3 ամիս առաջ է դարձել «Լիլանարմ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն։ Գնումների պետական համակարգից տեղեկանում ենք, որ այս ընկերությունը 2020 թվականից է սկսել քաղաքապետարանին ծառայություններ մատուցել։ Նարեկ Պողոյանը հենց 2020-ին սեփական ընկերությունն է հիմնադրել՝ «Լուսէ-16»-ը, որը հիմնադրումից ընդամենը երկու ամիս անց քաղաքապետարանի հետ մայրուղինների և փողոցների վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքների պայմանագիր է կնքել։
Ավագանու իշխանական անդամ Լևոն Լևոնյանը խնդիր չի տեսնում, որ «Լիլանարմ»-ի գործադիր տնօրեն Նարեկ Պողոյանը 2023-ին իրենց ցուցակում է ընդգրկված եղել․ ավելին, ասում է՝ այդ հանգամանքը չի կաշկանդում քաղաքապետարանին, և որ ինքը ցուցակի 164-րդ համարը զբաղեցնող Նարեկ Պողոյանին չի ճանաչում։
Քաղաքապետարանի հայտարարած բազմամիլիոնանոց մրցույթներում հիմնականում հենց «Լիլանարմ» ընկերությունն է հաղթում՝ պարզ է դառնում գնումների պետական համակարգի ուսումնասիրությունից։ Լևոն Լևոնյանը դա բացատրում է ցածր գնառաջարկ ներկայացնելու հանգամանքով։ «Լիլանարմ»-ի տնօրեն Նարեկ Պողոյանը ևս նույն բացատրությունն է ներկայացնում՝ պնդելով, որ իր՝ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված լինելը որևէ կերպ չի ազդում մրցույթներում հաղթելու վրա։ Ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը, մինչդեռ, այստեղ խնդիր է տեսնում։
Ավագանու իշխանական անդամ Լևոնյանն էլ վստահեցնում է՝ Նորքի թիվ 105 մանկապարտեզը սեպտեմբերին պատրաստ կլինի շահագործման․ եթե ոչ «Լիլանարմ»-ի աշխատանքների արդյունքում, ապա հրատապ մեկ անձից գնում կանեն, որը, ըստ Լևոնյանի, հարկատուի գումարի մսխում չէ։
Նարեկ Պողոյանն ասաց՝ պատրաստվում են հայց ներկայացնել Արթուր Չախոյանի ու Մեսրոպ Մանուկյանի դեմ, քանի որ այն, ինչ ցույց են տվել նրանք՝ քանդվող ցանկապատը, չնորոգված կոյուղին նախատեսված չեն եղել պայմանագրի նախագծա-նախահաշվային աշխատանքների մեջ։
Ստացվում է՝ «Լիլանարմ» ընկերությունն իր հերթին ոչ ուղիղ, բայց Երևանի քաղաքապետարանին է մեղադրում մանկապարտեզի շինաշխատանքները ժամանակին ավարտին չհասցնելու համար։ Այդուհանդերձ, «Լիլանարմ»-ի գործադիր տնօրեն Նարեկ Պողոյանը վստահեցնում է, որ հուլիսի սկզբին մանկապարտեզի հիմնանորոգումը կավարտեն։
Երևանի քաղաքապետարանից մի քանի օր շարունակ Factor TV-ն չկարողացավ մեկնաբանություն ստանալ մանկապարտեզի հիմնանորոգման վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան