Մարտական գործողությունների մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ է կարգադրություն տրվել․ Լելե-Թեփեի գործով պաշտպանը հայտարարություն է տարածել
Հասարակություն
15.05.2025 | 20:03
Լելե Թեփեի գործով անցնող անձանցից Գ․Ա․-ի պաշտպան Մհեր Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարույթի վերաբերյալ Դատախազության հաղորդագրությանը։
«Ինչպես զորամասը, այնպես էլ դրա անձնակազմը երբեք չեն հրաժարվել որևէ հրաման կատարելուց, ընդհակառակը, մարտի մեջ մտնելուց ընդամենը մեկ ժամ առաջ տրված մարտական կարգադրության պահանջներն առկա հնարավորության պայմաններում զորամասն իր ունեցած ուժերի չափով կատարել է, իսկ զորամասի անձնակազմի կողմից դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքում հոկտեմբերի 7-ին հնարավոր է եղել խուսափել բազմաթիվ զոհերից։ Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին չհավատալ կեղծ տեղեկություններին և ուշադիր հետևել դատական պրոցեսին, որտեղ ներկայացվելու է 2020 թվականի հոկտեմբերի 5-ից 8-ը Լելե Թեփե տեղանքում տեղի ունեցած իրադարձությունների եղելությունը»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ երեկ Դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ 44-օրյա պատերազմին առնչվող զորամասի և գումարտակների հրամանատարների վերաբերյալ քրեական վարույթ է ուղարկել դատարան։ Ըստ հաղորդագրության՝ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ N զորամասի հրամանատար, կոչումով գնդապետ Ա.Օ.-ն, 2020 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, դրանք կատարել է ոչ պատշաճ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Խոսքը գնդապետ Արթուր Օհանյանի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդու մասին է։
Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ «2020 թվականի հոկտեմբերի 6-ին Արթուր Օհանյանը, ՊԲ հրամանատարի կողմից ստանալով կարգադրություն` հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ և վերականգնել ճեղքված բնագիծը, նույն օրն իրականացված նախապատրաստական աշխատանքների և 2020 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած հակահարձակման ժամանակ չի պահպանել զինվորական ծառայության կարգը սահմանող իրավական ակտերի պահանջները:
«Ա.Օ.-ի կողմից մարտական գործողությունների վարման կարգը ճիշտ չկատարելու, վատ ղեկավարման, ենթակա ստորաբաժանումների միջև փոխգործակցություն չապահովելու, խախտված երթակարգի, ուժերի ու միջոցների անկանոն բաշխման, հակառակորդի հետ հանդիպելիս, ինչպես նաև մարտի ներգրավվելուց հետո հետագա գործողությունների շրջանակը նախապես պլանավորած չլինելու հետևանքով՝ նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները կարգադրությամբ սահմանված ելման շրջան են հասել և դեպի խնդրի կատարման վայր շարժվել ինչպես նախանշված ժամի, այնպես էլ ռազմական տեխնիկայի ու անձնակազմի անհամեմատ քիչ քանակությամբ՝ ձախողելով տրված մարտական առաջադրանքը»,- ասված է Դատախազության հայտարարության մեջ։
Արթուր Օհանյանը նախաքննության ընթացքում պաշտպան չի ունեցել, նա նախաքննության ավարտին է գործով որպես մեղադրյալ ներգրավել։ Այս պահին նրա պաշտպանը Աշոտ Ապրեսյանն է, որը, սակայն, դեռևս չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին։ Factor TV-ի հետ զրույցում պաշտպանն ասաց, որ նյութերին ծանոթանալուց հետո կխոսի։
Նշենք, որ Արթուր Օհանյանը Լելե Թեփեի օպերացիայի ժամանակ ոտքի շրջանում վիրավորում է ստացել։ Ի սկզբանե, Օհանյանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ ինքն է իր ոտքին կրակել, սակայն քննությամբ այս վարկածը հերքվել է և նրան պաշտոնեական անփութության մեղադրանք է ներկայացվել։
Ինչ վերաբերում է գործով մյուս մեղադյալներին, Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Գ.Ա.-ն, ենթակա գումարտակի անձնակազմով ընդգրկված լինելով զորամասի ուժերով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացվող հակահարձակմանը, պարտավոր է եղել ստորաբաժանման հետ միասին, ի թիվս այլ ուղղությունների, հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ, սակայն, առկա զենք զինամթերքի կորուստները հաշվարկելու պատրվակով, մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու դիտավորությամբ, հրաժարվել է շարունակել մարտական առաջադրանքի կատարումը:
Գ.Ա.-ն գումարտակի անձնակազմին հանձնարարել է շեղվել նախանշված ճանապարհից, մերժել է վերադաս հրամանատարության հետ կապ հաստատելու առաջարկները, որից հետո, առանց ավագ պետի թույլտվության, գումարտակի ամբողջ անձնակազմին հրամայել է շրջադարձ կատարել և վերադառնալ՝ չշարունակելով հակահարձակումը:
Գ․Ա․-ի պաշտպան Մհեր Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ մարտական հանձնարարություն ստացած անձանց անգամ տեղանքի մարտական քարտեզ չի տրամադրել։ Ըստ պաշտպանի՝ առաջին անգամ օպերացիան փորձել են իրականացնել հոկտեմբերի 7-ին, սակայն հնարավոր չի եղել ավարտին հասցնել, քանի որ անձնակազմը մարտի է բռնվել թշնամական խմբավորման հետ, ստիպված են եղել անցել պաշտպանության և զինամթերքը լրացնել։ Այդ օրը Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանն անգամ շնորհակալություն է հայտնել իր պաշտպանյալ Գ․Ա․-ից, սակայն ամսի 8-ին կրկին պահանջել են կրկնել գործողությունը, և հենց այդ օրն է հայկական կողմը մեծ թվով կորուստներ է տվել։
Մհեր Հակոբյանի խոսքով՝ երբ հոկտեմբերի 8-ին նույնպես օպերացիան ձախողվել է, ընդ որում՝ հայկական կողմի մեծաթիվ կորուստներով, Ջալալ Հարությունյանը գաղտնի հաղորդում է տվել այն մասին, որ, իբր, զորամասի անձնակազմը հրամանը չի կատարել։ Ընդ որում, Մհեր Հակոբյանի խոսքով՝ սա միակ դեպքը չէ։
«Եթե ուսումնասիրեք 44-օրյա պատերազմի գործերը, ապա կտեսնեք, որ երբ այդ օրերին Ջալալ Հարությունյանի որևէ օպերացիա ձախողվել է, դրան հաջորդել է նրա գաղտնի հաղորդումն այն մասին, որ հրամանը չի կատարվել։ Այսինքն՝ բոլոր քրեական գործերը Ջալալ Հարությունյանի գաղտնի հաղորդումների հիման վրա են»,- ասաց Մհեր Հակոբյանը։
Նույն վարույթով անցնող երրորդ անձի մեղադրանքի վերաբերյալ Դատախազությունը հայտնել է, որ «զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով փոխգնդապետ Գ.Մ.-ն, ենթակա գումարտակի անձնակազմով ընդգրկված լինելով զորամասի ուժերով 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացվող հակահարձակմանը, պարտավոր է եղել ստորաբաժանման հետ միասին, ի թիվս այլ ուղղությունների, հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ:
Գ.Մ.-ն, սակայն, տանկով կողաշրջվելով հակատանկային խանդակի մեջ, ապա անվնաս դուրս գալով տանկից, ենթակա անձնակազմին՝ մեխանիկ-վարորդին և նշանառու-օպերատորին, տեղափոխել է հարակից տարածքում տեղակայված հետևակի մոտ, իսկ ինքը, տանկի կողաշրջման առիթն օգտագործելով, իրականացվող հակահարձակմանն ակտիվ մասնակցություն չունենալու՝ հետևաբար հնարավոր մարտական գործողություններից խուսափելու դիտավորությամբ, մնալով տեղանքում, որևէ միջոց չի ձեռնարկել խափանված ղեկավարումը վերականգնելու և ենթակա անձնակազմի հետագա գործողությունները համակարգելու ուղղությամբ՝ փաստացի հրաժարվելով մարտական առաջադրանքի հետագա կատարումից:
Գ․Մ.-ի պաշտպանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց։ Այնուամենայիվ, հայտնի է, որ Գ․Մ․-ն մեղադրանքը չի ընդունում, պնդում է, որ տանկն իր կամքից անկախ հանգամանքներում է շրջվել։
Արաքս Մամուլյան