Կարկուտի վնասները դեռ հաշվում են․ գույքագրումից հետո Էկոնոմիկայի նախարարությունում կորոշեն՝ ինչպես աջակցել գյուղացիներին  

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսյան կարկուտը մի քանի րոպեում 80 տոկոսով ոչնչացրել է Արտաշատ խոշորացված համայնքի Աբովյան բնակավայրից Արթուր Գրիգորյանի 3 հեկտար այգու բերքը՝ սալորը, ծիրանը, դեղձն ու թութը։ Մի քանի օր է՝ ձևավորված հանձնաժողովը կարկուտից տուժած գյուղացիների վնասն է  հաշվարկում։

Մինչ կառավարությունը վնասն է ուսումնասիրում, կարկուտից տուժած գյուղացին ասում է՝ բանկն ու պարտատերը երկար սպասել չեն կարող։ Արթուր Գրիգորյանը սրտնեղում է՝  ինչպե՞ս է մարելու վարկի տոկոսներն ու այգին մշակելու համար գնած բուժանյութերի գումարը։

«Գարնանը 300,000 դրամի ծախս եմ արել, «նիսյա» թունաքիմիկատ ու բուժանյութ եմ վերցրել խանութից։ Բոլոր այգետերերն էլ այդպես են անում։ Խանութը մեզ ընդառաջում է, բուժանյութ ու թունաքիմիկատ է տալիս, որ բերքը վաճառենք, իրենց փողերը տանք։ Հիմա բերք չկա»,- Factor am-ի հետ զրույցում դժգոհեց գյուղացին։

Մայիսի 9-ին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան, Ջրաշեն և մյուս  բնակավայրեր, ծանոթացել վնասի ծավալներին ու գյուղացիների խնդիրներին:

Արթուր Գրիգորյանը ևս մասնակցել է Գևորգ Պապոյանի հետ հանդիպմանը։ Նրա փոխանցմամբ՝ նախարարի հետ քննարկմանը փոխհատուցման մի քանի տարբերակներ են քննարկվել, բայց դեռևս հստակ որոշում չկա, վնասը հաշվարկելուց հետո ամեն ինչ պարզ կլինի։ Կարկուտի հետևանքով բերքից զրկված գյուղացիներն իրենց վնասը մեղմելու նպատակով առաջարկ են արել նախարարին։

«Մենք մի տարբերակ առաջարկեցինք, որ վնասված բերքը գործարաններն ընդունեն, իսկ Կառավարությունը սուբսիդավորում տա այդ գործարաններին։ Օրինակ՝ գործարանը 90 դրամով է մթերում անում, Կառավարությունն այդ գումարի որոշ մասը սուբսիդավորի։ Մի դաշտում մոտ 10 տոննա կարկուտը խփած ծիրան կա, էդ ծիրանն ի՞նչ պիտի անեն»,- հարց բարձրացրեց հողագործը։

Քաղցրաշեն բնակավայրում էլ, դեռ կարկուտի հետևանքներից ուշքի չեկած, օրեր առաջ սելավն է քշել-տարել գյուղացիների բերքը։ Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանի խոսքով՝ մայիսի 5-ին ձևավորված հանձնաժողովը նաև սելավի վնասներն է հաշվարկում։ Վարչական ղեկավարը մատնանշեց, որ սելավը ոչ միայն այգիներին ու հողամասերին է վնաս տվել, այլև լցվել է տները, պարիսպ քանդել։

Գարնան վերջին տեղացած ուժեղ կարկուտից միայն Արտաշատի բնակավայրերը չեն տուժել։ Օրերս առատ կարկուտ է եկել նաև Արմավիրի մարզի Դալար, Նալբանդյան, Ջանֆիդա և այլ գյուղերում։ Խոշոր կարկուտ է տեղացել նաև Արագածոտնի, Լոռու մարզերի մի շարք համայնքներում։ Լոռու մարզի Ճոճկան գյուղում բնական աղետը բերքը 100 տոկոսով է ավերել։ Այստեղ էլ, ինչպես մյուս տեղերում, վնասն են գնահատում։

«Թե՛ բանջարաբոստանային մշակաբույսերը, թե՛ ցորենը, թե՛ պտղատու ծառերն ու խաղողը վնասվել են»,- հավելեց Ճոճկանի վարչական ղեկավար Արա Սիրադեղյանը։

Համայնքում կան հակակարկտային կայանքներ, սակայն, Սիրադեղյանի հավաստմամբ, դրանց գործարկումն անգամ չի օգնել, որպեսզի փրկեն բերքը։ Մինչդեռ Արարատի մարզում որոշ գյուղացիներ պնդում էին, որ իրենց մոտ հակակարկտային կայանքները կա՛մ չեն կրակել, կա՛մ էլ կարկուտից հետո են աշխատել։

Գույքագրումից հետո կհասկանանք, թե ինչպես աջակցենք քաղաքացիներին՝  Factor.am-ին ասաց էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։

«Վնասի գնահատումից հետո կքննարկվի, թե ինչ ձևաչափով կկարողանանք օգնել կարկուտից տուժած քաղաքացիներին։ Աջակցության ձևաչափը կարող է լինել տարբեր»,- հայտնեց մամուլի խոսնակը։

Աջակցության տարբերակներից մեկը հայտնի է․ երկու օր առաջ ԱԺ-ում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ նախագիծ է մշակվել, որով  առաջարկվում է 50 տոկոս փոխհատուցում տրամադրել գյուղացիների կողմից կարկտապաշտպան ցանցերի անցկացման համար։ Պապոյանը նաև նշել է, որ Նիկոլ Փաշինյանից կոնկրետ հանձնարարական ունեն՝ բարելավել գործող ապահովագրական համակարգը, և ապահովագրական ընկերությունների համար ռիսկերն էականորեն նվազեցնել կամ ռիսկեր չթողնել, որպեսզի նրանք կարողանան համարձակ ապահովագրություն իրականացնել։

Ինչ վերաբերում է հակակարկտային կայանքների աշխատանքին, Պապոյանը վստահեցրել է՝ դրանք աշխատում են, սակայն երբեմն լինում են ամպեր, որոնց դեպքում թնդանոթային համակարգերը 100 տոկոսանոց արդյունավետ չեն։

«Կրակել են բոլոր համայնքներում։ Արարատի մարզի մեկ-երկու բնակավայրում, մասնագետների կարծիքով, սկզբում շատ ուժեղ անձրև է եղել, որի հետևանքով խնդիր է առաջացել սարքի հետ, սարքը չի աշխատել, բայց կողքի 63 համակարգերն աշխատել են»,- նշել է նախարարը։

 

Մանյա Պողոսյան